Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ՝ կառավարությանը

Հունիս 17,2011 00:00

ՀՀ քաղաքացի Խորեն Հարությունյանը առաջարկում է երեք տարին մեկ ընտրություն անցկացնել

Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը գտնում է, որ երկրում որեւէ դրական փոփոխություն՝ հօգուտ ժողովրդի կամ համայքնի, լինում է հիմնականում նախընտրական շրջանում. առաջադրվող թեկնածուները փորձում են ընտրվելու համար որեւէ հարց լուծել, ինչ-որ ձեւով օգտակար լինել ընտրազանգվածին, որից էլ, քիչ թե շատ, օգտվում է բնակչությունը: Սակայն, ինչպես մեր զրուցակիցն է ասում, ընտրություններից ընտրություն ընկած ժամանակահատվածը շատ երկար է, որի պատճառով էլ ճգնաժամային վիճակը երկրում երկար է տեւում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում բնակչության սոցիալական պայմանների վրա: Այս իրավիճակից դուրս գալու ամենաճիշտ տարբերակը, ըստ «Ազատամարտ» կոմիտեի նախագահի, ընտրական համակարգի փոփոխություններն են: Պարոն Հարությունյանը առաջարկ ունի իշխանություններին. բոլոր ընտրությունները, թե՛ համայնքի ղեկավարի, թե՛ նախագահի, թե՛ խորհրդարանական, անցկացվեն 3 տարին մեկ, մեկ տարի շեղումով, որ ամեն տարի երկրում ընտրություն լինի, որն էլ դրականորեն կանդրադառնա երկրի ու ժողովրդի ապրելակերպի վրա: «Կարծում եմ, որ 4 կամ 5 տարով անցկացվող ընտրությունների պարագայում միջընտրական դադարը շատ երկար է: Ընտրված անձինք մի տարի աշխատում են, մի քանի տարի լճանում՝ չեն աշխատում, հիմնականում անձնական հարցերով են զբաղվում, մեկ էլ կրկին սկսում են աշխատել ընտրություններից առաջ: Դրա համար էլ առաջարկում եմ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ եւ երեք տարին մեկ ընտրել նախագահ, խորհրդարան, համայնքապետ», -նշում է «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:

Անդրադառնալով անցկացվող ընտրությունների որակին, մեր զրուցակիցը փաստում է, որ, անկախ ժամկետից, ընտրություններն առանց կեղծիքների չեն անցկացվում: Բայց միայն կեղծիքներով չեն ընտրությունները: Խորեն Հարությունյանը վստահ է, որ երեք տարին մեկ ընտրություն կազմակերպելու պարագայում առաջադրվող թեկնածուն շատ կաշխատի՝ երկրորդ անգամ վերընտրվելու համար, բնակչության մեջ հավատ ու վստահություն կառաջանա թեկնածուների հանդեպ ու արդեն առաջնայինը կդառնա ոչ թե գումարով ընտրություններին մասնակցելը, այլ՝ հավատով այդ քայլին գնալը: «Ինչքան էլ ժողովուրդը էդ իշխանությանը չուզենա, միեւնույն է, ինչ իշխանություն էլ որ ընտրվի՝ ինչ-որ հարցեր կլուծի ժողովրդի համար: Նախընտրական շրջանում, գիտենք, որ փող էլ են բաժանում, խանութներում բնակիչների ունեցած պարտքերն էլ են մարում եւ այլն: Սակայն կարեւոր է ժողովրդի վստահությունը վաստակելը, որ բնակիչները գումարով չգնան ընտրության, այլ հավատով: Եթե 3 տարին մեկ անցկացվեն ընտրությունները, ապա բնակիչները նախ կընտելանան դրան եւ ապա թե համայնքի ղեկավարի, թե պատգամավորի ընտրվելու ժամանակը շուտ կգա եւ եթե վատ աշխատեն՝ ժողովուրդն իրենց էլ չի ընտրելու մեխանիկորեն: Երեք տարվա ընթացքում չեն կարողանալու իրենց անձնականն այն աստիճանի հասցնել, որն անում են մինչեւ այժմ, էդքան շատ կեղծիք չեն կարողանալու անել: Հաջորդ ընտրություններն այնքան շուտ են մոտենալու, որ փորձելու են լավ աշխատել՝ ընտրազանգված ապահովելու համար, նույնիսկ դրսից ճնշումների առկայության դեպքում ամեն ինչ անելու են 2-րդ անգամ ընտրվելու համար», -հավելում է Խորեն Հարությունյանը:

«Կառավարության համար էս տարբերակը փրկություն է, վաղը կամ մյուս օրը, պարզ չէ, թե ներկա կառավարության հանդեպ ինչ որոշումներ կկայացվեն, երբ արդեն կառավարության անդամ չլինեն, պատմաբաններն ինչպե՞ս կներկայացնեն նրանց: Ինչքան էլ պատմությունը կեղծեն, պատմությունը ճիշտ ներկայացնողներ, միեւնույն է, կլինեն: Եթե այս փոփոխություններին չգնան եւ այս տեմպերով շարունակեն, ապա 20 տարի հետո մեր պետությունը շատ թուլացած կլինի: Իսկ երկրից հեռանալու բնակչության տրամադրվածությունը՝ վատ բաների կհանգեցնի»,- պարզաբանում է արցախյան գոյամարտին մասնակցած, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել