Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ՏՆԱԿՈՒՄ ԵՆ»

Հունիս 17,2011 00:00

\"\"ՀՀ կառավարությունն առայժմ աջակցում է երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրածներին, փախստականներին եւ զինվորականներին

Ամեն անգամ բնակարանաշինության որեւէ ծրագրի մասին լսելիս Լոռու մարզի Գուգարք համայնքի Էներգետիկների տնակային ավանի 36 ընտանիքները հույս են փայփայում, թե վերջապես իրենք էլ բնակարանի տեր կդառնան:

1988-ի աղետալի երկրաշարժից հետո Վանաձորի էլեկտրացանցը (այժմ Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ՝ ՀԷՑ) բնակարան կորցրած աշխատակիցների համար Աղայան 95/3 հասցեում տնակներ կառուցեց: Աղետից տուժածները բնակարան ստանալով տեղափոխվեցին՝ տնակները վաճառելով ոչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին: 22 տարի է անցել՝ հարցը լուծում չի ստացել, մարդիկ դեռ տնակներում են: առանց բնակարանի: Տնակները Գուգարք համայնքի վարչական տարածքում են, բայց ՀԷՑ-ի հաշվեկշռում չեն: ՀՀ կառավարության որոշմամբ՝ տնակային ավանը էներգետիկայի նախարարությունից փոխանցվել է համայնքին: 2007 թվականին Գուգարքի գյուղապետարանի որոշմամբ բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր օրդեր, 2008 թվականին այս ավանի բնակիչները դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին, պատասխան ստացել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանից, թե՝ «Բնակիչներին բնակարանով ապահովելու խնդրին հնարավոր է անդրադառնալ ոչ աղետի հետեւանքով բնակարանաշինության ծրագրերի իրականացման համար միջոցներ տրամադրելու դեպքում»: Առայժմ պետությունը միջոցներ է տրամադրում երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած ընտանիքներին:

Բնակիչների անհամերաշխությունն էլ իր հերթին է խանգարում գործին: Նրանք դիմել են ԱԺ, նամակի տակ բոլորը ստորագրել են, սակայն ընդամենը 16 բնակչի դիմում է կցվել, որն էլ իր հերթին նոր դժգոհության ու կռվի պատճառ է դարձել: Մի մասի համար էլ վրդովմունքի առիթ է դարձել հարեւանությամբ բնակվող զինվորականի ընտանիքի համար համայնքապետի տրամադրած տեղեկանքը, ըստ որի՝ նա ոչ աղետի հետեւանքով բնակարանի կարիք ունեցողների շահառուների ցանկում չէ: Համայնքապետ Աշոտ Աշուղյանը պարզաբանում է, որ սպան այս տեղեկանքով կարող է շահառու դառնալ պաշտպանության նախարարությունում:

Այսօր Էներգետիկների ավանի բնակիչները պահանջում են իրենց հերթագրել՝ որպես ոչ աղետի հետեւանքով բնակարան կորցրածներ: Գուգարքի գյուղապետարանում արդեն հերթագրվել է 25 ընտանիք: Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ֆիդանյանը պարզաբանում է, որ դիմումատուների հիմնական մասը Վանաձոր քաղաքի բնակիչ է, գյուղապետարանին դիմելով ընդամենը 2-3 տարի առաջ՝ եկել-հաստատվել են ժամանակավոր կացարանում եւ այժմ պահանջում են բնակարանով ապահովել՝ առանց նշելու ֆինանսավորման աղբյուրը: «Ինչի հաշվին պետք է կատարվի էդ բնակարանաշինությունը, կա՞ Հայաստանում նման փորձ, թե՝ չէ, հաշվի չեն առնում, բայց քանի որ նրանք դիմում են, դիմումը գրանցվում եւ հերթագրվում է»,- ասաց պարոն Ֆիդանյանը:

Տնակները բարոյապես ու ֆիզիկապես մաշվել են: Տնակային ավանում կա 6 երկհարկանի տուն, որտեղ ապրում է 2-3 ընտանիք: «Նեղվածքին ու անհարմարությանը դեռ կարելի է դիմանալ, սակայն խոնավությունը առողջական խնդիրներ է ստեղծում, որի պատճառով երեխաները հաճախակի բացակայում են դասերից»,- բողոքում են բնակիչները: Նրանք պատմում են, որ թաղամասում սովորական են դարձել ոչ միայն կրծողներն ու մանր սողունները, այլ նաեւ՝ օձերն են արդեն ներս սողոսկում: Անցած տարի բնակիչները 2 օձ են սատկացրել:

Գուգարքի գյուղապետը հասկանում է, որ բարոյապես մաշված տնակներում դժվար է ապրել, սակայն գործում է ըստ օրենքի. «Լավ օրից չէ, որ հայտնվել են այդտեղ, սակայն մինչեւ 2013 թիվը անիմաստ է դիմել կառավարություն»:

7005 բնակիչ ունեցող Գուգարք համայնքում, բացի Էներգետիկների տնակային ավանից, ոչ աղետի հետեւանքով տրոհված ընտանիքներից բաղկացած եւս երկու տնակային ավան կա: Համայնքում առաջնային խնդիր է երկրաշարժի պատճառով 4-րդ կարգի վթարային դարձած շենքի ամրացման հարցը:

«Այս տարիների ընթացքում ոչինչ չի արվել էդ շենքի համար, ինչո՞ւ պետք է առաջնություն տրվի ոչ աղետի հետեւանքով բնակարան չունեցողներին»,- զարմանում է գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել