Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հունիս 17,2011 00:00

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից երեկ տեղեկացրին, որ ավարտվել է կանխամտածված սնանկության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւանի բնակիչ Հ. Մարգարյանը 2000թ. սեպտեմբերին հիմնադրել է «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ եւ Երեւանի Արցախի 47 հասցեում տեղակայված շինությունում մինչեւ 2009թ. հուլիսը հիշյալ ընկերության միջոցով կազմակերպել է ոգելից խմիչքների արտադրություն եւ իրացում:

Հ. Մարգարյանը «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերության` պետական բյուջեին ունեցած 61 462 259 դրամ հարկային պարտավորության պայմաններում, սեփական եւ ընկերությանը փոխառության կարգով գումարներ տրամադրած այլ անձանց շահերից ելնելով, ինչպես նաեւ` հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ տնօրեն, իր բարեկամ Ն. Մարգարյանի օժանդակությամբ 2009թ. հուլիսի 15-ի թիվ 2782, 2009թ. հուլիսի 16-ի թիվ 2808, 2809, 2810 եւ 2009թ. հուլիսի 23-ի թիվ 2907 հաշիվ-ապրանքագրերով 347 467 779 դրամ գումարով «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանն է օտարել ընկերության ամբողջ գույքը` հիմնական միջոցներ հանդիսացող արտադրական սարքավորումները, տրանսպորտային միջոցները, պատրաստի արտադրանքը եւ այլ ապրանքանյութական միջոցներ, այդպիսով՝ ընկերությանը զրկելով արտադրական կարողություններից եւ վճարունակությունից: Արդյունքում` «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանը Հ. Մարգարյանը զրկել է իր պարտավորությունների կատարման բոլոր հնարավորություններից: Վերջինս ստեղծել է կանխամտածված անվճարունակության հատկանիշներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել