Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՂՏՈՐ ՋՈՒՐ

Հունիս 17,2011 00:00

2006թ. հուլիսի 27-ից սկսեցին գործել ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերի՝ վճռաբեկ դատարանին վերաբերող փոփոխությունները, որոնցով վերջինին անսահմանափակ հայեցողական իրավունք եւ հնարավորություն տրվեց՝ առանց պատճառաբանության վերադարձնել վճռաբեկ բողոքը, եթե դրանում հիմնավորված չէ, որ առերեւույթ դատական սխալը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել, կամ եթե բողոքում չի հիմնավորվել, որ դրանում բարձրացված հարցն էական նշանակություն կունենա օրենքի միատեսակ կիրառության համար:

Դրանից հետո վճռաբեկ դատարանը եթե ցանկանում էր՝ վճռաբեկ բողոքն ընդունում էր վարույթ, չէր ցանկանում՝ չէր ընդունում, երկու դեպքում էլ առանց պատճառաբանության: Բողոքների վերադարձերը դարձան համատարած: Բազմաթիվ անձինք դիմեցին ՀՀ սահմանադրական դատարան՝ նման օրենքի սահմանադրականության հարցով, պատճառաբանելով, որ «էական նշանակություն» եւ «ծանր հետեւանք» պայմանները անորոշ են, վճռաբեկ դատարանը որեւէ դեպքում չի պատճառաբանում, թե ինչու է մի դեպքում բողոքը վարույթ ընդունում, մյուս դեպքում՝ ոչ: Սահմանադրական դատարանն իր 09.04.2007թ. եւ հետագա մի քանի որոշումներով անդրադարձավ այդ հարցին եւ արձանագրեց, որ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանը չպետք է ունենա հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, եւ անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք եւ պարտականություն, որ վճռաբեկ դատարանի կողմից «էական նշանակություն» եւ «ծանր հետեւանք» արտահայտությունների՝ դատական գործերի հանգամանքներից բխող բովանդակային հստակեցումը, մեկնաբանումը, պատճառաբանումը պայման է վճռաբեկ վարույթում անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը կանխատեսելի դարձնելու համար: Սահմանադրական դատարանն իր որոշումներում նաեւ արձանագրեց, որ նման վիճակը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Դատական համակարգում կոռուպցիայի առկայության եւ դա չհանդուրժելու մասին Անվտանգության խորհրդում խոսեց նաեւ հանրապետության նախագահը:

Սահմանադրական դատարանի որոշումներից հետո դատավարական օրենսգրքերում կատարվեցին փոփոխություններ, որոնցով վճռաբեկ դատարանը պարտավոր է իր որոշումները պատճառաբանել:

Այսինքն՝ Սահմանադրական դատարանը եւ օրենսդիրը տվեցին լուծում, որի շրջանակներում գործելու դեպքում վճռաբեկ դատարանը հանրության համար կդառնար կանխատեսելի, մասնավորապես, եթե բողոք է բերվում՝ դրանում նշելով թույլ տրված դատական սխալի մասին, որը, ըստ բողոք բերողի, ծանր հետեւանք է առաջացրել, ապա վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու որոշումներում պետք է պատճառաբանի, թե ինչու է դա համարում ծանր հետեւանք եւ բողոքն ընդունում վարույթ կամ ինչու չի համարում այդպիսին: Այդ պատճառաբանություններն էլ կորոշակիացնեին դաշտը, եւ մարդիկ կիմանային կոնկրետ իրավիճակում դատական ակտի ինչպիսի ազդեցությունն է ծանր հետեւանք եւ՝ հակառակը:

Սահմանադրական դատարանի որոշումից ու օրենսդրական փոփոխությունից անցել է չորս տարի, սակայն ինձ համար մինչ օրս պարզ չէ, թե վճռաբեկ դատարանի իրավակիրառ պրակտիկայում որ դեպքում ինչը կարող է դիտվել ծանր հետեւանք կամ որն է էական նշանակությունը: Արդյունքում, որպես փաստաբան, ես ու իմ գործընկերները հայտնվել ենք պղտոր ջրում, անորոշության մեջ, եւ այդ վիճակում ենք փորձում մեր հաճախորդների շահերը պաշտպանել:

Այդ կապակցությամբ գրավոր հարցում արվեց ՀՀ վճռաբեկ դատարանին եւ պատասխան ստացվեց այն մասին, որ վճռաբեկ դատարանը մինչ օրս չի անդրադարձել «ծանր հետեւանք» հասկացության մեկնաբանմանը: Պատկերացնո՞ւմ եք, Սահմանադրական դատարանի որոշումից ու օրենսդրական փոփոխությունից արդեն չորս տարի է անցել, ես տասնյակներով բողոքներ եմ բերել՝ նշելով, որ առերեւույթ դատական սխալը ծանր հետեւանք է առաջացնում, իմ կոլեգաները հազարներով նման հիմնավորմամբ բողոքներ են բերել եւ այդ ամենը մեր ժողովրդի շահերի պաշտպանության համար: Այդ բողոքների հիմնական մասը վերադարձվում է, մի փոքր մասն ընդունվում վարույթ, սակայն վճռաբեկ դատարանը մինչ օրս չի անդրադարձել «ծանր հետեւանք» հասկացության մեկնաբանմանը: Հարց է ծագում, բա ինչպե՞ս են նման հիմքով բողոքները վերադարձվում կամ վարույթ ընդունվում: Ստացվում է, որ առկա է պարզ ու կանխատեսելի գործելու օրենսդրական դաշտը, առկա են Սահմանադրական դատարանի որոշումները, սակայն վճռաբեկ դատարանի դատավորները, ունենալով նման սահմանադրական ու օրենսդրական պարտականություն, այնուամենայնիվ, չեն ցանկանում վճռաբեկ վարույթում անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը կանխատեսելի դարձնել, կոռուպցիոն հնարավորությունից ձերբազատվել, պղտոր ջուրը ձեռք է տալիս. արդարադատության մուրճով հարվածում ես՝ ինչպես ուզում ես: Հիշում եք, չէ՞, դեռեւս Սահմանադրական դատարանն էր արձանագրել, որ նման վիճակը կոռուպցիոն ռիսկ է պարունակում, հանրապետության նախագահն էլ դատական համակարգում կոռուպցիայի առկայությունը փաստելով, դա վերացնելու նախաձեռնություն է ցուցաբերում՝ դրա առաջամարտիկ հայտարարելով վճռաբեկ դատարանի դատավորներին: Այսպե՞ս ենք պայքարում կոռուպցիայի դեմ: Կարծում եմ՝ պարզ է, թե սոցիոլոգիական հարցումներում դատական համակարգն ինչու է ամենակոռումպացվածների ու անվստահելիների շարքում հայտնվում. պղտոր ջուրը երբեք հավատ ու վստահություն չի ներշնչում:

Հ. Գ. Դատավորի վարքագծի կանոնների 2-րդ կանոնի համաձայն՝ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլեւ լինի տեսանելի, համոզիչ եւ ընկալվի որպես արդարության հաստատում։ Նշվածի համար օրենսդրական դաշտն առկա է, բայց մարդիկ, ովքեր վճռաբեկի դատավորներ են, հակառակն են անում, օրենքի պահանջը չեն կատարում, պղտոր ջուրն են նախընտրում: Միգուցե բավակա՞ն է օրենքները փոփոխել, միգուցե մարդկա՞նց է պետք փոխել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել