Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ

Հունիս 17,2011 00:00

«Նոր վետերանները» հաղթեցին Սահմանադրական դատարանում

\"\"Հունիսի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» գործող օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Սահմանադրական դատարանը հետաքրքիր դիրքորոշում ցույց տվեց այս հարցի կապակցությամբ: «Ի՞նչ կտա ՍԴ որոշումը» հարցով դիմեցինք ներքին գործերի նախկին աշխատակից՝ 76-ամյա Հովհաննես Ռուշանյանին, որը թե դատական ատյաններում, թե լրատվամիջոցներում բարձրացրել է նշյալ հարցը, ավելին՝ ՄԻՊ-ի գրասենյակ ներկայացրել բողոքը:

«2006թ.-ին առաջին ատյանի դատարանն իմ օգտին վճիռ կայացրեց, հիմք ընդունելով, որ մենք՝ ներքին գործերի, պետանվտանգության աշխատակիցներս «բացակայում» ենք վերոհիշյալ 207-Ն որոշումից: 1994թ.-ին ԱՊՀ միջպետական համաձայնագրում նշվում էր. նախկին ԽՍՀՄ պետանվտանգության եւ ներքին գործերի սպայական ու շարքային կազմի աշխատակիցները, որոնք հաշմանդամ են դարձել խաղաղ պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ ունեն արտոնություններ եւ երաշխիքներ: Մենք հանրապետությունում 20 հոգի ենք: Ինձ հետ հանդիպել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, որը խոստացավ մինչ «Նոր վետերանների մասին» օրենքի ընդունումը, լուծել 20 անձանց հարցը՝ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում լրացում կատարելով եւ նաեւ մեզ պատվովճարներով ապահովելով»: Պարոն Ռուշանյանը եւ մնացյալները չեն օգտվել իրենց իրավունքներից եւ Սահմանադրական դատարանը «Հայրենական պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 4-րդ կետերը Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց, իսկ կառավարության վերոհիշյալ որոշումը՝ հակասահմանադրական:

ՍԴ որոշմամբ կրկին հստակեցվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերան» հասկացությունը: Այն է՝ վետերանները ՀՀ այն քաղաքացիներն են ու Հայաստանում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին. Լենինգրադի բլոկադայի մասնակիցներ են, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում նախկին անչափահաս գերիներ: Մեզ հետ զրույցի ժամանակ պարոն Ռուշանյանն ասաց, որ մտադիր են ՍԴ որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանի եւ կառավարության միջոցով վերականգնել հոդված 4-ով սահմանված իրենց «Նոր վետերանների» սոցիալական իրավունքները պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնության, սպասարկման, տրանսպորտից օգտվելու, 50 տոկոս զեղչով բնակարանի, հեռախոսի վարձերը ու ամենամսյա պատվովճարների ստացումը՝ կառավարության սահմանված կարգով:

Ըստ պարոն Ռուշանյանի, նախագիծը ժամանակին ուղարկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որը ֆինանսավորումը թողել է սոցապտնտեսումների հաշվին, այն կազմել է 5 մլն դրամ: «Վիրավորական է: Ստացվում է, որ 800 աֆղանցիները, որոնք զոհ են դարձել նախկին ղեկավարների պատճառով, ավելի շատ գործ են արել հայ ժողովրդի համար, քան մենք՝ այդ 20 հոգիս, որ կամավոր զենքը ձեռքներիս մեր կյանքն ենք վտանգել խաղաղ ժամանակ, հաշմանդամ դարձել՝ ժողովրդի անդորրն ու ունեցվածքը պաշտպանելով հանցագործների ոտնձգություններից»,- ասում է Հովհաննես Ռուշանյանը:

Ի դեպ, ՍԴ-ում պատասխանող կողմ ներգրավված ԱԺ-ի դիրքորոշման համաձայն. «Օրենքի առաջ հավասարության սահմանադրական սկզբունքն անհրաժեշտ է ոչ միայն որպես զուտ ձեւական հավասարության, այլեւ օրենսդրական գնահատման սահմանադրական չափանիշ: Այս առումով չպետք է բացառել այդ սկզբունքի կիրառման տարբեր դրսեւորումների հնարավորությունը, երբ ձեւական հավասարության հաստատումը կարող է հանգեցնել նյութական անհավասարության»:

ՍԴ-ն գտավ, որ «Հիշյալ անձանց համար դրամական փոխհատուցում չնախատեսելով, տեղի է ունեցել նրանց՝ ՀՀ միջազգային պարտավորություններով սահմանված իրավունքի արգելափակում»: Միաժամանակ, ՍԴ-ն հակասահմանադրական համարելով կառավարության որոշումը՝ իրավունքների կարգ չնախատեսելու եւ այդ իրավունքների արգելափակման մասով, հեռակա կանխարգելիչ միջոցառումների հնարավություն տվեց սոցիալական իրավունքների մասին բարբաջող կառավարությանը՝ այդ հարցը հապշտապ լուծելու, տարիներ շարունակ անտեսելու եւ փոխհատուցումը վերականգնելու առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել