Լրահոս
Օրվա լրահոսը

Բալահովիտի ջուրը պակասեցրել են

Հունիս 17,2011 00:00

Ամռանը շուրջօրյան դառնում է 8-ժամյա

Բալահովիտ գյուղը, 1 ամսից ավելի է՝ զրկվել է շուրջօրյա ջրամատակարարումից: Նրանց ջրամատակարարումը կանոնակարգված չէ, մի օր 8 ժամ են ջուր ունենում, մի օր՝ 12: Այս մասին օրերս «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրին բալահովիտցիները՝ դժգոհելով, որ իրենց մատակարար «Երեւան ջուր» ընկերությունը չի պահում իր խոստումը, այն է՝ շուրջօրյա ջրամատակարարում: «Ամենից վատն այն է, որ մենք ցերեկային ժամերին ջուր չենք ունենում, այն էլ այս շոգ շրջանում, երբ ջուրն անհրաժեշտ է լինում հենց կեսօրին: Հիմա ստիպված ենք տարբեր տարաներով ջուր հավաքել, իսկ երբ շուրջօրյա էր, հանգիստ օգտագործում էինք, մի բան էլ ավելի շատ, քան հիմա: Հնարավոր է, որ այդ հավաքած ջուրը չօգտագործենք էլ, բայց որ գիտենք՝ կարող է ժամերով ջուր չունենանք, հավաքում ենք: Ինչո՞ւ է «Երեւան ջուրը» ջրամատակարարումը լավացնելու փոխարեն վատացնում»,- բողոքում են Բալահովիտի բնակիչները:

Այս առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից պարզաբանեցին, որ ամեն ամռան ջրամատակարարումը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով նվազում է. «Բալահովիտում շուրջօրյա ջրամատակարարում մենք չունենք, նրանց ջրամատակարարումը գրաֆիկով է՝ առավոտյան 7-12-ը եւ երեկոյան 18-23-ը: Մենք գրաֆիկում նշում ենք այն նվազագույն ժամերը, որոնք պարտավոր ենք պահպանել եւ գոնե այդքան ժամ ջուր ապահովել: Ամառային ժամանակահատվածում հիմնականում բոլոր այն տեղերում, որտեղ ջրամատակարարումը շուրջօրյա չէ, մենք սկսում ենք գրաֆիկով ջուր մատակարարել, որովհետեւ ոռոգման ցանցն էլ է ծանրաբեռնվում: Մնացած եղանակներին ինչքան որ կարողանում ենք, այնքան ավելացնում ենք ջրամատակարարման ժամերը: Մենք էլ ենք ցանկանում հնարավորինս շատ ջուր մատկարարել»: Մեր այն հարցին, թե ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի «Երեւան ջուրը» պայմանագրով նախատեսված կարգով ամբողջ ցանցում շուրջօրյա ջրամատակարարում ապահովի, ընկերությունից պատասխանեցին.«Երեւանի ռելիեֆն այնքան տարբեր է, հնարավոր է նույն թաղամասի տարբեր բնակիչներ տարբեր գրաֆիկների համապատասխան ջուր ունենան: Շատ ժամանակ մեզ խանգարում է այն, որ ջուր կուտակելու հնարավորություն չենք ունենում: Նախատեսել ենք, օրինակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նման ջրակուտակող սարք տեղադրել, որպեսզի կարողանանք ջրամատակարարման ժամերն ավելացնել: Հիմա ապահովում ենք նվազագույնը 8 ժամ ջրամատակարարում, իսկ մյուս տարի դա կդառնա 12: Ճիշտ չի լինի, չէ՞, որ մի տեղ մի քանի ժամ տանք, մի քանի տեղ՝ շուրջօրյա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել