Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ԻՑ ՔԱՇՎԱԾՆԵՐԸ

Հունիս 17,2011 00:00

Ամեն ամիս մի գյուղ հսկայական պարտքի տակ է ընկնում

Արդեն քանի ամիս է՝ ՀՀ մարզերի բնակիչները Հայաստանի էլեկտրական ցանցերից «սեւ թուղթ են» ստանում: «Հայէլցանցերը» գյուղացիների վրա 100 հազար դրամից սկսած՝ մինչեւ 500 հազար դրամանոց պարտքեր է գրել: Վերջերս էլ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչներն են պարտքի տակ ընկել: Պարզվում է, որ Գայը ՀԷՑ-ին պարտք է 40 միլիոն դրամ: Ընկերության պատասխանատուները գյուղացիներին վստահեցրել են, որ այդ պարտքերը վերջին 10 տարվա ընթացքում թերվճարների արդյունքում կուտակված գումարներն են: Մինչդեռ՝ մեզ հետ զրույցում Գայի բնակիչները վստահեցրին, որ այս տարիների ընթացքում էլցանցերը ոչ մի անգամ որեւէ բնակչի չի նախազգուշացրել այդ պարտքի մասին, իսկ այսօր մեկ առ մեկ գյուղացիներին դատի է տալիս: Նրանց պատմելով՝ անգամ անդորրագրերում, որը ստանում էին սպառած էներգիայի վճարների համար, մնացորդի գումար ընդհանրապես նշված չի եղել:

Գյուղացիների խոսքերով՝ «Հիմա էլ սկսել են «Հայփոստի» աշխատակցին ստիպել, որ չեկի վրա թվեր նկարի՝ որպես պարտք: Ինչո՞ւ այսօր հիշեցին, որ գյուղացիները պարտք են: Թող անցյալ տարի կամ 3 տարի առաջ սկսեին հավաքել պարտքերը, եթե իրոք պարտք ենք: Մենք մինչեւ վերջին կոպեկը վճարում ենք ծախսած էներգիայի համար: Եթե 500 դրամ էլ պարտք թողնեինք, անմիջապես գալիս էին ու հոսանքն անջատում: Դեռ մի բան էլ 1000 դրամ տալիս էինք տեսուչին, որ գա միացնի: Էլ թալանելու ձեւ չունե՞ն ժողովրդին: Սա պետություն չի, թյուրիմացություն ա»:

Բնակիչները պատմեցին, որ «Հայէլցանցերն» այն աստիճանի է «տեռորի» ենթարկում գյուղացիներին, որ անգամ գյուղում գործող «Ագբա կրեդիտ ագրիկոլ» բանկի հետ պայմանավորվել է գյուղացիների գրավները չվերադարձնել, մինչեւ էլցանցի պարտքերը չմարեն: Վարազդատ Մարկոսյանի հաշվին «Էլցանցերը» 150 հազար պարտք է գրել եւ դիմել դատարան այն բռնագանձելու համար: Վ. Մարկոսյանն էլ նույն բանկում ոսկու գրավի դիմաց որոշակի գումարի վարկ էր վերցրել: Երբ փորձել է բանկի վարկը մարել եւ հետ ստանալ իր ոսկին, բանկը մերժել է՝ պատճառաբանելով, որ «կարող ես վարկի գումարը վճարել, բայց ոսկեղենդ հետ չես ստանա, մինչեւ էլցանցի պարտքը չմուծես»: Ընդ որում, Վ. Մարկոսյանը հենց բանկից է տեղեկացել, որ «Էլցանցերն» իրեն դատի է տվել եւ իր գույքի վրա կալանք է դրված:

Ներկայումս Գայի բնակիչները ցայտնոտի մեջ են, քանի որ գրեթե բոլոր բնակիչներն այդ բանկից վարկ են վերցրել, ոմանք էլ ոսկի են գրավ դրել եւ ահաբեկված սպասում են, որ բոլորի գույքի վրա կալանք է դրվելու, մինչեւ, ինչպես իրենք են ասում՝ «Էլցանցերի» նկարած գումարները չվճարեն: Սակայն գյուղացիները չեն էլ պատրաստվում վճարել այդ հավելավճարները: Նրանք մտադիր են մոտ օրերս բողոքի ակցիա կազմակերպել: Նշենք, որ Գայի բնակիչները ՀՀ նախագահի նստավայրի եւ «Հայէլցանցերի» տարածքային գրասենյակի առաջ ցույցեր արդեն արել են, բայց ոչ մի պատասխան չեն ստացել:

Գայ գյուղի բնակիչ Ղազարոս Ինջիխուլյանի հաշվին էլ «Էլցանցերը» 124 հազար դրամ պարտք է գրել: Ղազարոսի որդու խոսքերով՝ «Իմ վճարումների դիմաց ստացած անդորրագրի վրա պարտքի գումար չկա գրված: Եվ, ի վերջո, կան բնակիչներ, որ 10 տարվա անդորրագրերը չեն պահել: Նշանակում է, «Էլցանցերն» ազատ կարող է իր ուզած թվերը գրե՞լ»:

Գյուղացիները խնդրի առնչությամբ դիմել են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չեն ստացել:

Գայ գյուղի եւ «Հայէլցանցերի» «պարտք ու պահանջը» պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել, որի կազմում են ընդգրկվել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, «Էլցանցերի» եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Գյուղացիների պատմելով, հանձնաժողովը համեմատել է բաժանորդների անդորրագրերն ու «Էլցանցերի» էպիկրիզը եւ նկատել է, որ թվերը չեն համապատասխանում: «Առավոտը» «Հայէլցանցերից» փորձեց պարզել, թե ինչ ընթացքի մեջ են ուսումնասիրությունները: Ըստ ընկերության պատասխանատուների՝ «Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները պատրաստ են, սակայն մինչեւ պաշտոնապես այն չհրապարակվի, մենք չենք կարող որեւէ բան ասել: Հանձնաժողովը ինչ հրահանգի՝ մենք այդպես էլ կանենք»:

Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին. «Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված «Մատակարար-բաժանորդ/բնակիչ» պայմանագրերի կնքման, դրանց մեջ ամրագրված երկկողմ պարտավորությունների կատարման, ծախսված էլեկտրաէներգիայի հաշվառման, ունեցած պարտքի վերաբերյալ բնակիչներին պատշաճ կարգով իրազեկման, հաշվառքի սարքերի փոխարինման, վճարումների գանձման, ինչպես նաեւ «Էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններով» սահմանված մի քանի այլ պահանջների կատարման մասով»:

Էներգետիկայի նախարարությունից վստահեցրին, որ հայտնաբերած բոլոր խախտումները վերացնելու համար մի շարք առաջարկություններ են ներկայացվել ՀԷՑ-ին: Թե խնդիրներն ինչպե՞ս կլուծվեն՝ նախարարությունը կտեղեկացնի առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել