Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈ՞ՍՆ Է ԻՐԱՎԱԽԱԽՏԸ, ԹԵ՞ «Հ1»-Ը

Հունիս 17,2011 00:00

\"\"ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը պատրաստվում է դատի տալ իրեն զրպարտողներին

Վերջերս Հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել USAID-ի հակակոռուպցիոն ծրագրի կողմից ֆինանսավորվող «Իրավագետ իրավախախտը» վերնագրով «Ականատես» հաղորդումը, որը դժգոհության բուռն ալիք է բարձրացրել ԵՊՀ ուսանողների եւ դասախոսական կազմի շրջանում: Նրանք իրենց վրդովմունքն են հայտնել սոցիալական կայքերում: «Առավոտը» շուրջ 40 ուսանողների շրջանում հարցում անցկացրեց: Երիտասարդները միայն դրական էին խոսում հաղորդման մեջ զրպարտված դասախոսի մասին: Հաղորդման ականատեսի՝ գյումրեցի ուսանող Սիրակ Եղիազարյանի պատմածից եզրակացություններ անելով՝ հաղորդավարը հայտարարում է, որ իրենք բացահայտել են ԵՊՀ պրոռեկտորի սխալը, նույն համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի խաբեությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարող ԿԳ նախարարության անտարբերությունը: Ուսանողի դժգոհության պատճառը համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի քննությունից կտրվելն է եղել: Նա բողոքարկել է արդյունքը: Ուսանողներին ու դասախոսներին զայրացրել է այն, որ «Հ1»-ի հեռարձակած հաղորդման մեջ կարծիքներն ու մեկնաբանությունները եղել են միակողմանի, դասախոսի հասցեին մեղադրանքներ են հնչեցրել դիմորդն ու Երեւանի ՇՊԱԿ-ի փաստաբան, իրավաբան-փորձագետ Սոնա Հարությունյանը, ինչպես նաեւ հաղորդավարուհին: «Պարոն Գաբուզյանի նմանները կարեւորում են ոչ թե օրենքին ճիշտ հղում անելը, այլ սպիտակ թուղթը սեւացնելը: Նա ինձ ծաղրում էր»,- ասում է Սիրակը եւ օրինակներ բերում: Մեջբերենք նաեւ հաղորդավարուհու խոսքերից. «Իրավաբանները ակնհայտ կասկած ունեն, որ գործը կոռուպցիոն ռիսկեր ունի, դիմում են ԿԳՆ, որ գործն ուսումնասիրեն ու հավանական կոռուպցիան կանխեն»: Դասախոսին կոռուպցիայի մեջ մեղադրելու «մասով» որեւէ ապացույց չի ներկայացվում: Մեկ այլ մեջբերում հաղորդավարուհու խոսքից. «Գրավոր աշխատանքի թերությունները ցույց տալու եւ գնահատականը հիմնավորելու փոխարեն դասախոսը դեմագոգ է անվանում դիմորդին ու վախեցնում ոստիկանությամբ: Քննության արդյունքի մասին բացատրություն ստանալու փոխարեն Սիրակը լսում է՝ կարեւորը գրավորի ծավալն է, թե քանի էջ ես լցրել»: «Հ1»-ի մեղադրյալը «Առավոտին» այս առթիվ պարզաբանում է, թե ինչ է եղել ուսանողի եւ իր վիճաբանության ժամանակ. «Իրականում շատ հանգիստ սկսեցի բացատրել, թե որ հարցի համար ինչու է այդքան միավոր ստացել, որտեղ են սխալները, ինչ պետք է ներկայացներ եւ այլն: Երիտասարդն էլ, թե՝ սխալ եք ասում, հիմա կսկսեմ ձեր դասագրքի սխալները ցույց տալ: Սկսեց ձայնը բարձրացնել, գոռգոռալ, դուրս չէր գալիս սենյակից, հիստերիայի մեջ էր ընկել: Այդ ժամանակ ասացի, որ ոստիկանություն կկանչեմ, որովհետեւ անվայել եք պահում ձեզ: Նա ներկայացնում է, թե քանի որ ես բողոքում էի, դրա համար ոստիկանություն էր կանչում: Հո ես հոգեկան հիվանդ չե՞մ: Նրան չեմ ասել դեմագոգ, ասել եմ՝ երիտասա՛րդ, դեմագոգիայով եք զբաղվում»: Մեր զրուցակցի խոսքով, հիմնական վիճաբանությունը եղել է «Հանցագործության կազմակերպիչը» հարցի հետ կապված, որից երիտասարդը 0 է վաստակել: Ըստ «Ականատեսի»՝ Սիրակի աշխատանքը առնվազն արժանի էր 8՝ անցողիկ միավորի: Ա. Գաբուզյանն ասաց, որ դիմորդի աշխատանքը փոխանցել է նաեւ այլ մասնագետների, որոնց կարծիքով՝ աշխատանքը դեռ մի բան էլ բարձր է գնահատվել: «Եթե փողոցից քիչ թե շատ խելքը գլխին մարդ բռնենք, ասենք՝ կարո՞ղ եք բացատրել, թե ով կարող է լինել կազմակերպիչը, նույն բաները կասի: Աշխատանքում ո՛չ տրված է օրենքում եղած հասկացությունը, ո՛չ մեկնաբանությունը, պարզաբանումը, դրա համար էլ 0 եմ նշանակել: Չմոռանանք, որ խոսքը ԵՊՀ-ի մագիստրատուրա ընդունվելու մասին է, այսինքն՝ այստեղ որոշակի մակարդակ է պետք ունենալ»,- ասում է դասախոսը եւ ցույց տալիս գրավորը, որից ակնհայտ երեւում է, որ Սիրակն ավելի մեծ ծավալով առաջադրանքի համար ստացել է 0.5 միավոր, իսկ մի քանի նախադասության համար՝ 2 միավոր: Սրանից ենթադրելի է, որ «էջ լցնելու» մասին խոսք լինել չէր կարող:

Հաղորդավարը նաեւ հայտարարում է. «Մի կոպիտ սխալ եւս, որ վրիպեց ականատեսի աչքից, բայց զայրացրեց մեր իրավաբան-փորձագետին… Համալսարանի իրավագետները այլահալածության մի նոր ալիք են սկսել»: Իսկ փորձագետն ասում է. «Եթե մենք ասում ենք՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ, տվյալ դեպքում ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնը պատասխանում է, որ մենք մեր ուսանողներին այլ կերպ ենք վերաբերվում, քան, կներեք արտահայտությանս համար, դրսից եկած ուսանողներին»:

Այս առնչությամբ էլ Ա. Գաբուզյանը պարզաբանեց. «Այստեղ մարզի կամ մայրաքաղաքի խնդիրն էլ չէ, ես նոր եմ իմացել, որ նա Գյումրիից է: Եթե մենք մեր ուսանողներին ընթացիկ քննությունների ժամանակ ավելի խիստ ենք մոտենում, դրա շարունակությունն այն է, որ մագիստրատուրայի ընդունելության ժամանակ եկածներին ավելի մեղմ ենք մոտենում, արդյոք ավելի մեղմ մոտենալը հալածա՞նք է: Այդ քննությունների ժամանակ բոլորի նկատմամբ նույն վերաբերմունքն է լինում: Իրենց փորձագետն ասում է՝ օրենքի առջեւ հավասարության սկզբունքն է խախտվել: Ցույց են տալիս ինչ-որ նկարահանում, ասում՝ կոռուպցիոն ռիսկ, ձեռքեր, գումար են վերցնում ու հանձնում: Վերջում էլ հաղորդում վարող աղջիկն ասում է, թե գտել են հերթական խաբեբային: Այսինքն՝ դուրս է գալիս, այդ հաղորդման խաբեբան ես էի, հիմա հերթական խաբեբային կբռնեն»:

ԵՊՀ-ում ասացին, որ այդ դիմորդը ժամանակին ՇՊԱԿ-ի Գյումրիի գրասենյակի անդամ է եղել: Նրանց խոսքով, խախտելով օբյեկտիվությունը՝ իրենց աշխատակցին բերել եւ ներկայացրել են որպես ականատես: Քրեական իրավունքի ամբիոնում ասացին, որ երիտասարդի նկարները համացանցում կան՝ ՇՊԱԿ-ի կազմում:

Մեկ շաբաթ առաջ ԵՊՀ ռեկտորի անունից նամակ է ուղարկվել «Հ1»-ին, որպեսզի նրանք իրենց դասախոսին եւ քրեական իրավունքի ամբիոնին անհիմն զրպարտելու, վիրավորելու համար հրապարակային ներողություն խնդրեն:

Երբ նյութն արդեն պատրաստ էր, տեղեկացանք, որ Հանրայինը պատասխանել է նամակին, որում պատրաստակամություն էր հայտնել նկարահանել նոր հաղորդում՝ հակառակ կողմի կարծիքը լսելու համար: Ա. Գաբուզյանն ասաց, որ ինքը հրաժարվել է. «Այդ դեպքում կնշանակի, որ արդարանում եմ»: Նա գտնում է, որ հաղորդումն ակնհայտորեն զրպարտել եւ վիրավորել է իրեն եւ պահանջում է, որ «Հ1»-ը նամակը հրապարակի եթերում եւ ներողություն խնդրի իրենից ու քրեական իրավունքի ամբիոնից: Ա. Գաբուզյանը նշեց, որ դատական հայցն ընդդեմ Ս. Եղիազարյանի, իրավաբան փորձագետի եւ «Բանաձեւ» ընկերության՝ պատրաստ է:

Պարզելու համար, թե «Հ1»-ը խախտե՞լ է օրենքը, թե՞ ոչ, հանդիպեցինք Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանի հետ: Նա ասաց, որ նյութը կքննվի խորհրդում եւ համապատասխան եզրակացությունը կհրապարակեն ավելի ուշ: Փորձեցինք կապվել հաղորդման պատասխանատուների հետ: Երբ հավաքեցինք հաղորդման կայքում նշված համարով, պատասխանեց «Հ1»-ի աշխատակցուհին. «Իրանք ռեմոնտի մեջ են, չեք կարող կապվել»: Երբ հարցրինք, թե կարո՞ղ են որեւէ այլ հեռախոսահամար կամ տվյալ փոխանցել, վերջինս մրթմրթալով պատասխանեց. «Ընգե՛ր ջան, որ լիներ, կասեի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել