Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Հունիս 17,2011 00:00

\"\"Հունիսի 15-ից աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստին: Ըստ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ Հրայր Թովմասյանը նախարարների կոմիտեում հնչեցրած ելույթում անդրադարձել է ՀՀ-ում առկա իրավական եւ քաղաքական խնդիրներին՝ ընդգծելով իշխանությունների հաստատակամությունը դրանց լուծման հարցում: Բարձր գնահատելով ԵԽ-ի դերը Հայաստանում ժողովրդավարության, ինչպես նաեւ օրենքի գերակայության հաստատման գործում՝ նախարարը նշել է նաեւ, որ Հայաստանը, որպես ԵԽ լիիրավ անդամ, կարող է դրական դերակատարում ունենալ ԵԽ տարածքում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետագա զարգացման գործում՝ այլ անդամ պետությունների հետ կիսելով կուտակած փորձն ու մշակած մեխանիզմները:

Նույն օրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստան: Նախարարը բարձր է գնահատել Եվրադատարանի դերը ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում: ՄԻԵԴ նախագահ Ժան Պոլ Կոստան էլ ողջունել է Հայաստանի կողմից ԵԽ-ին առաջարկված համատեղ ծրագրերից մեկը, որի համաձայն՝ ՀՀ դատական համակարգում նախատեսվում է ստեղծել փորձագիտական խումբ, որը կկարողանա ապահովել ՀՀ դատարանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների եւ իրավական դիրքորոշումների ճիշտ ու համապատասխան կիրառումը, ինչն էլ իր հերթին պետք է նվազեցնի ՄԻԵԴ ուղղված բողոքների թիվը: Հրայր Թովմասյանը պարոն Կոստային տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարության շրջանակներում ձեւավորվող խմբի մասին, որի խնդիրն է լինելու վերլուծել ՄԻԵԴ-ի կայացրած հիմնական որոշումներն ու անհրաժեշտության դեպքում դրանց հիման վրա համապատասխան ներպետական օրենսդրության փոփոխություններ առաջարկել, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային հակասող նորմերի կիրառումից:

Հունիսի 16-ին տեղի են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության հանդիպումները ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկու, ԵԽԽՎ քաղաքական եւ իրավական հարցերի տնօրինության ղեկավար Ջ. Դինսեյլի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Ա. Դրժեմժեւսկու հետ: Հրայր Թովմասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրների հնարավոր լուծումները: Քննարկվել են նաեւ 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների նախաքննությանն առնչվող հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել