Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ

Հունիս 17,2011 00:00

Հայ-թուրքական հարաբերությունների ձախողումը կոշտացրեց անգամ այն  անձանց գնահատականները, որոնք գործընթացի կողմնակիցն էին

Ընդդիմախոսի տեսակետ

Մի առիթով, երբ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կասկած էր հայտնում, թե ՀԱԿ-իշխանություն համագործակցությունը կարո՞ղ է վերաբերել մասնավորապես հայ-թուրքական արձանագրություններին՝ հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ դրանք դեռ կարող են \"\"ապասառեցվել: «Անշուշտ,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը:- Տեսեք, թուրքերը ստեղծել են իրենց «փաթեթային լուծումը»: Իրենք հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծումը տեսնում են միա՛յն մեր կողմից բոլոր ստորացուցիչ պայմանագրերի վերահաստատման, մեր պահանջատիրությունից հրաժարվելու մեջ եւ այլն, բայց մեխը սահմանի բացումն է, եւ իրենք դա ուղղակիորեն փոխկապակցում են Ղարաբաղի հարցում հայկական զիջումների հետ: Այսինքն՝ ստեղծել են մի փաթեթ ու ասում են՝ սա կլինի, ու նոր նա կլինի: Փաստորեն՝ այս առումով նրանք ստեղծել են մի ծուղակ, որի գերին դառնում են նաեւ մեծ տերությունները, հատկապես նրանք, որոնք ներկայացված են Մինսկի խմբում: Եվ երբ մենք ասում էինք, թե սա վտանգավոր բան է՝ մենք հենց սա՛ նկատի ունեինք եւ ոչ թե այն, թե Շվեդիայի կամ որեւէ այլ երկրի խորհրդարանում ավելի դժվար կլինի անցկացնել Ցեղասպանության հարցը: Ավելի շատ ջանք կթափենք՝ կանցկացնենք: Հարցը դա չի: Հարցը քաղաքական՝ Հայաստանի՛ն առնչվող խնդիր է»:

Ճշտմանը, թե անկախ Թուրքիայի մտադրվածությունից՝ հայկական կողմից տեսնո՞ւմ են պայմաններ, որոնց դեպքում արձանագրությունները կարող են վերակենդանացվել՝ ՀՅԴ բյուրոյի անդամը պատասխանեց. «Այդ վտանգը դեռ առկա է: Բայց չեմ ուզում հիմա բացատրել, թե ո՛ր պարագայում այն ավելի կուժգնանա»:

Պաշտոնական տեսակետ

\"\"Պաշտոնական Երեւանը, սակայն, իր գոնե վերջին հայտարարություններով տեղիք չի տվել նման մտավախության: Հայաստանի ԱԳ նախարարի անցած ամիսների մի քանի հայտարարություններն առանձնապես չեն տարբերվում գործընթացի ընդդիմախոսների բառընտրությունից: Համեմատեք: Այս տարվա մարտի 1-ին ավստրիական «Der Standard» օրաթերթին տված հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը նշել էր, թե արձանագրությունները ստորագրելուն պես՝ «Թուրքիան դրանց վավերացման համար առաջ քաշեց նախապայմաններ», եւ հավելել. «Նրանք, ովքեր ասում էին, որ չեք կարող վստահել Թուրքիային՝ լրացուցիչ փաստարկ են ստանում»: Ապրիլի 29-ի ասուլիսի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը «լոլո» որակեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ «Արմինֆո»-ին տված հարցազրույցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին պնդումները. «Բացի այն լոլոյից, որ տեղ է գտել այդ հարցազրույցում, ուղղակի եւ անուղղակի ձեւով նորից հնչեցվում են նախապայմաններ՝ արձանագրությունների վավերացման համար: Դրանով իսկ Թուրքիան շարունակում է ոչ միայն չհարգել իր ստանձնած պարտավորությունները, այլ նաեւ հակադրվում է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը համահունչ է Հայաստանի տեսակետին՝ առանց նախապայմանների վավերացնել եւ իրականացնել արձանագրությունները»: Եվ վերջապես՝ «Russia Today» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե Թուրքիայի դիրքորոշումն ապակառուցողական է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից. «Արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան իր մեջ ուժ չգտավ՝ հավատարիմ մնալու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին, որը ծնունդ է առել դիվանագիտության ի հայտ գալուն պես: Դա pacta sunt servanda սկզբունքն է, այսինքն՝ եթե կա համաձայնություն, պետք է հետեւել դրան»: Եվ հավելել էր. «Սակայն Թուրքիան, ցավոք սրտի, վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ՝ դրանով իսկ որդեգրելով ապակառուցողական դիրքորոշում թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով, քանի որ միջազգային հանրությունն ասում է, որ այդ երկու գործընթացները փոխկապակցելով վնաս է հասցվում նաեւ ԼՂ կարգավորմանը»:

Նախարարի հենց վերոհիշյալ հայտարարությունները վկայակոչեցին Հայաստանի ԱԳՆ-ում, երբ ICFJ-ի ծրագրի շրջանակներում մեկնաբանություններ խնդրեցինք, թե հնարավո՞ր են համարում գործընթացի վերակենդանացում: Որեւէ նոր ասելիք այս կապակցությամբ չկար:

Փորձագետի տեսակետ

Այն բանից հետո, երբ 2010-ի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին՝ Թուրքիային մեղադրելով գործընթացը ձգձգելու մեջ ու հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարելով սպառված, հայաստանյան 4 կազմակերպություններ («Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը) հայտարարեցին, թե ապրիլի 26-ին հուշագիր են ստորագրել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով միասնական նախաձեռնություններով հանդես գալու մասին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանն այժմ մեր զրույցի ընթացքում պատմեց, որ իրականացնում են համապատասխան ծրագրեր. «Ամեն օր մեր աշխատանքով ձեւավորում ենք ավելի բարի եւ փափուկ դաշտ: Նախկինում Թուրքիայում հայկական թեմայի, Ցեղասպանության մասին չէր խոսվում ընդհանրապես: Իսկ, ասենք. շուրջ 2 շաբաթ առաջ Ստամբուլի «Ճաշ» անունով հայկական ռեստորանում մի խումբ թուրքեր խոսում էին Ցեղասպանության մասին ու այլեւս չէին ասում՝ «այսպես կոչված» կամ «ի՜նչ եք ասում»: Բացի դրանից՝ նաեւ ավելի ու ավելի շատ թուրք գիտնականներ են սկսել քննարկել այդ հարցը: Խնդիրը, միեւնույն է, չի լուծվում, քանի որ պետությո՛ւնը պետք է դա անի, բայց հասարակության մեջ գնալով ավելի է զարգանում այս գործընթացը»:

\"\"Թեւան Պողոսյանը մեր հարցին, թե իր կարծիքով՝ հնարավո՞ր են որոշակի պայմաններ, որոնց դեպքում արձանագրությունները կարող են ապասառեցվել՝ տվեց բավական քննադատական պատասխան. «Այսօր գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ եթե թուրքական խորհրդարանն ընտրություններից հետո հանկարծ արթնացավ ու որոշեց, թե պետք է վավերացնի արձանագրություններն՝ այդ ժամանակ, վստահաբար, կարձագանքի նաեւ հայկական կողմը: Թուրքակա՛ն կողմն է կանգնեցրել գործընթացը եւ սկսել նախապայմաններ առաջադրել՝ ո՛չ հայկական կողմը: Եվ մինչ չլուծվի այդ նախապայմանների խնդիրը՝ հայկական կողմից չի արվելու ոչ մի քայլ»:

Նրան հիշեցրինք, որ թուրքերն էլ իբրեւ հայկական կողմի հարուցած խոչընդոտ են մատնանշում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: «Մի քանի անգամ տարբեր համաժողովների ընթացքում նույն փաստարկն առաջադրվել է,- պատմեց Թեւան Պողոսյանը:- Ու ստացել են հետեւյալ պատասխանը՝ ամեն երկիր ունի իր մեխանիզմը՝ հաստատելու միջազգային պայմանագրերը: Եվ Հայաստանում չկա որեւէ միջազգային պայմանագիր, որը չի անցնում ՍԴ-ով: Հազար անգամ ասվել է, որ ՍԴ որոշումը չի պարունակում որեւէ նախապայման, որը կխանգարեր արձանագրությունների վավերացմանը: Թուրքական կողմը մե՜ծ խնդիրներ ստեղծեց՝ գնացին, հասան Շվեյցարիա ու նրանց իրավաբաններից ստացան պատասխան, որ այդ որոշումը չի պարունակում նախապայմաններ: Ամերիկայից էլ ստացան նույն պատասխանը, թե նախապայմանների խնդիր չեն տեսնում»: ՍԴ որոշումը պատրվակ դարձնելը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը դիտում է հետեւյալ համատեքստում, թե Թուրքիան անընդհատ ձգտում էր գտնել «ինչ-որ խնդիր, որով կփորձի հետաձգել կամ չկատարել իր ստորագրությամբ ստանձնած պայմանները, փոխել խաղի կանոնները եւ գնդակը տեղափոխել ուրիշի դաշտ»: Մեր դիտարկմանը, թե լրացուցիչ պատրվակներ որոնելու կարիք գուցե չկա՝ ԼՂ հակամարտության չկարգավորվածության պայմաններում, պրն Պողոսյանը հակադարձեց. «Ի սկզբանե այդ խնդիրը չկար՝ այդ մասին չէին խոսում, չէին ասում՝ մինչեւ ստորագրումը»: Եվ հավելեց, որ երբ չհաջողվեց գործընթացի ձախողման պատասխանատվությունը Հայաստանին վերագրել՝ «Էրդողանը ստիպված Ադրբեջանում ըստ էության հայտարարեց, թե ոչ մի անգամ չեն անելու ոչ մի բան: Առաջին անգամ իրենք ազնվորեն ասացին, որ իրենց հետաքրքրությունն այս արձանագրությունները չէին»:

Եվս մեկ անգամ ճշտեցինք՝ իր կարծիքով, Հայաստանն այս արձանագրությունների առումով այլեւս ոչ մի քայլ չունի՞, եւ մեր նախաձեռնողականությունն այլեւս սպառվա՞ծ է: «Այդ արձանագրությունները լիակատար չմերժելը եւ ստորագրությունը հետ չկանչելը Հայաստանի բարի կամքի լավագույն դրսեւորումներ են, որ Հայաստանը ցուցաբերում է ամեն օր,- պատասխանեց Թեւան Պողոսյանը:- Մենք դուրս չենք գալիս գործընթացից: Մենք ուղղակի սպասում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել