Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ՔՆՆՉԱԿԱՆԻՆ

Հունիս 17,2011 00:00

Ջաջուռի լեռնանցքում ոստիկանների կողմից վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու. նրանց ազատ տեղաշարժվելու, Վանաձոր մեկնելու ու իրենց գործընկերների հետ խաղաղ հանրահավաք անցկացնելու իրավունքը խոչընդոտելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դեռեւս փետրվարի 15-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Սակայն Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանը բողոքը 2 ամիս ուսումնասիրելուց հետո գտել էր, որ հանցակազմ չկա, եւ մերժել էր ոստիկանների դեմ քրեական գործի հարուցումը: Արթուր Սաքունցն էլ դատի էր տվել քննչականին: Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց առաջին դատական նիստը: Ա. Սաքունցը հայտարարեց, որ ոստիկանների այն պատճառաբանությունները, թե ճանապարհը փակել են ձնաբքի պատճառով, «առարկայազուրկ են ու անհիմն»: Իրենց կազմակերպությունը փետրվարի 12-ին ահազանգ է ստացել շիրակցիներից այն մասին, որ ոստիկանները միտումնավոր են փակել ճանապարհը, որպեզի իրենք Վանաձոր չհասնեն եւ բողոքի ակցիա չկազմակերպեն, իրենք էլ ահազանգը ստանալուց անմիջապես հետո եկել են Ջաջուռ ու անձամբ համոզվել, որ որեւէ ձնաբուք չկա. Վանաձորից Գյումրի ճանապարհն էլ անցանելի է: «Փաստորեն Ջաջուռի լեռնանցքը անանցանելի էր միայն վրացական պետհամարանիշով մեքենաների համար»,- ասաց հայցվորը՝ նշելով, որ նախքաննական մարմինը երկարատեւ ուսումնասիրության ընթացքում չի պարզել, թե ինչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանները վարորդների ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտելու համար: Արթուր Սաքունցը դատարանից պահանջեց գործը ուղարկել նախաքննության եւ միջնորդություն ներկայացրեց իրենց կազմակերպությանը տրամադրել նախաքննական նյութերը, որոնք հիմք են հանդիսացել քրեական գործը մերժելու համար: Ու թեեւ դատարանը բավարարեց Ա. Սաքունցի միջնորդությունը, սակայն նախաքննական մարմինը «չլչլոց» ստեղծեց. դատարանում իբրեւ թե պատճենահանման սարք չլինելու պատճառով հայցվորին հասցրեցին Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ էլ հրաժարվեցին տրամադրել նյութերը այնքան ժամանակ, մինչեւ որ կստանան դատարանի որոշումն այդ մասին: Նշենք, որ նույն հարցով մեկ այլ դատ էլ երեկ նշանակված էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել