Լրահոս
Օրվա լրահոսը

Կցուցաբերի՞ Ադրբեջանը քաղաքական կամք

Հունիս 17,2011 00:00

ՀՀ վարչապետը հույս ունի՝ այո

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում հնարավո՞ր է առաջընթաց գրանցվի, ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունը ունի քաղաքական կամք ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում առաջ շարժվելու, եւ իրենք հասկանում են, որ դա հեշտ չէ. «Սակայն մենք հույս ունենք, որ Ադրբեջանը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի»:

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հեռանկարի մասին ՀՀ վարչապետն ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը. «Երեւանը պատրաստ է հարաբերությունները բարելավել հարեւան երկրների հետ առանց նախապայմանների: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ նույն կերպ վարվել: Հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու խնդիրը միայն Հայաստանինը չէ։ Թուրքիայի քաղաքական կշիռը միայն կավելանա, եթե Անկարան հետեւի խաղի միջազգային կանոններին: Անկարան պետք է շարունակի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել Եվրամիությանն անդամագրվելու ճանապարհին: Եվ այդ դեպքում մենք դյուրությամբ կկարողանանք կայուն հարաբերություններ հաստատել մեր հարեւան երկրի հետ»:

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի տնտեսությանը: Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ, ճգնաժամը Հայաստանում մեծապես պայմանավորված էր նրանով, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէր: Իսկ հակաճգնաժամային քայլերը երեք ուղղությամբ են իրականացվել՝ տնտեսության դիվերսիֆիկացում, ենթակառուցվածքների եւ բիզնես միջավայրի բարելավում: Լրագրողը հետաքրքրվել է հետեւյալ հարցով՝ Հայաստանի արտահանումը 2000 թվականին կազմում էր համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը, իսկ այժմ միայն 12 տոկոսն է կազմում: Ի պատասխան լրագրողի հետաքրքրասիրության՝ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ցավոք, առեւտրային հաշվեկշիռը դեռ բացասական է, այսինքն՝ Հայաստանը ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, արտահանման խթանումը շարունակում է մնալ գլխավոր խնդիրը, իսկ այժմ Հայաստանի արտահանումը երեք ոլորտում է՝ հանքարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ եւ տուրիզմ»:

Սփյուռքի դերը, ըստ մեր երկրի վարչապետի, բավականին մեծ է մեր տնտեսության եւ ճգնաժամը հաղթահարելու գործում. «Ֆինանսական հոսքերը Սփյուռքից Հայաստան են գալիս ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների, այլեւ մասնավոր դրամական փոխանցումների տեսքով, ինչը օգնել է Հայաստանին հաղթահարելու ճգնաժամի հետեւանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել