Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺԸ ԿԽՈՍԻ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 25-Ը

Հունիս 17,2011 00:00

Համոզված է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը

\"\"– Մի քանի օր անց Կազանում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը: Ի՞նչ եք կարծում՝ այնտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքում որեւէ առաջընթաց կամ, ինչպես ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահն էր ասում՝ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնություն կստորագրվի՞:

– Շատ բարդ է կանխատեսումներ անել, որովհետեւ մեզանից ոչ ոք չի տիրապետում կարգավորման մանրամասներին: Բանակցությունների գաղտնիությունը մեզ թույլ չի տալիս ռեալ եզրակացություններ անել. մենք ընդամենը ենթադրություններ ենք անում: Բայց առաջինը, ինչ տեսանելի է, այն է, որ ո՛չ մեր, ո՛չ Ադրբեջանի հասարակությունները որեւէ լուծման պատրաստ չեն: Ակնհայտ երեւում է նաեւ, որ իշխանություններն էլ որեւէ լուծման պատրաստ չեն, որովհետեւ առաջնորդվում են բացառապես իրենց շահերով ու հասարակություններին էլ չեն պատրաստում որեւէ լուծման: Բայց սա հարցի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, այդ թվում՝ տարածաշրջանում դեռեւս դոմինանտ դերակատարություն ունեցող Ռուսաստանի շահն այս տարածաշրջանում ես չեմ տեսնում եւ չեմ պատկերացնում, թե հանուն ինչի՞ նրանք պիտի գնան ստատուս-քվոյի փոփոխության: Միգուցե ինչ-որ խորքային պայմանավորվածություններ կան միջազգային խաղացողների միջեւ, բայց ամեն դեպքում նրանք էլ չեն նպաստում հարցի լուծմանը:

– Գուցե ստատուս-քվոյի պահպանման պատճառն այն է, որ շահագրգիռ խաղացողների միջեւ ԼՂ հարցում համաձայնություն չկա:

– Այո, իհարկե: Ինչ վերաբերում է Կազանին, ապա կարծում եմ՝ այնտեղ առավելագույնը Մայնդորֆյան հռչակագրի նման մի փաստաթուղթ կարող է ստորագրվել, որը միտված կլինի հրադադարի պահպանմանը: Կողմերը, կարծում եմ, դա կստորագրեն, որովհետեւ այսօր նոր պատերազմը որեւէ մեկին, նույնիսկ Ադրբեջանին, ձեռնտու չէ: Ադրբեջանն ինքը պատերազմի դեպքում շատ բան ունի կորցնելու, ավելին, քան հայկական կողմը: Այնպես որ՝ Կազանում հնարավոր է, որ ձեւակերպվի ու ստորագրվի մի փաստաթուղթ, որը միտված կլինի ապագա քայլերին:

– Հիմա լրատվամիջոցներն ու որոշ վերլուծաբաններ Կազանի հանդիպմամբ ու դրան նախորդող՝ Սերժ Սարգսյանի Ստրասբուրգ կատարելիք այցով եւ ԵԽԽՎ-ում ունենալիք ելույթով են պայմանավորում նաեւ Հայ ազգային կոնգրեսի երկխոսության առաջարկին նրա կողմից արձագանքել-չարձագանքելու հարցը: Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ են այդ երկու միջոցառումները կապված երկխոսության առաջարկին իշխանության առաջին դեմքի արձագանքի հետ: Եվ ընդհանրապես՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ձեռնպահ մնում անձամբ ՀԱԿ-ի առաջարկին արձագանքելուց:

– ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանի ասելիքը, թերեւս, կապված է լինելու ՀՀ ներքաղաքական իրավիճակի հետ: Իսկ ներքաղաքական կյանքում թիվ մեկ խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Կոնգրեսի կողմից առաջարկված օրակարգն է: Անցած 5 ամիսների ընթացքից ակնհայտ երեւում է, որ ներքին կյանքում քաղաքական օրակարգ ձեւավորողը ամբողջովին Տեր-Պետրոսյանն է կամ ՀԱԿ-ը, ինչպես կուզեք՝ ասեք, որովհետեւ դրանք նույնն են: Եթե իշխանություններն իրենք օրակարգն ունենային՝ ներկայացրած կլինեին:

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա՝ Ստրասբուրգ մեկնելու հետ երկխոսությանն արձագանքելու հանգամանքը կապ ունի, իսկ ղարաբաղյան հարցով՝ հակված չեմ կարծելու: Ըստ իս, Ս. Սարգսյանը մինչեւ Ստրասբուրգ գնալը՝ Երեւանում իր տեսակետը կհայտնի երկխոսության մասին, որովհետեւ այլընտրանք չկա: Իշխանությունները՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ, անպայման գալու են երկխոսության, որովհետեւ հասկանալու են, որ արաբական հեղափոխությունների սցենարի հնարավորությունը հայ ժողովուրդը միշտ ունի. այս պահին էլ ունի, մեկ ամիս հետո էլ է ունենալու, երեք ամիս առաջ էլ միանշանակ ուներ, բայց Կոնգրեսը պրոցեսները տարավ ոչ թե արաբական սցենարով, այլ նորմալ զարգացման, ու իշխանությունները դա պիտի գնահատեն: Եվ եթե իշխանությունները սա չհասկանան, հաստատ արաբական սցենարը այստեղ կկրկնվի: Բայց տրամաբանությունը հուշում է, որ երկխոսություն անպայման լինելու է, որովհետեւ մարտին Տեր-Պետրոսյանը երեք պահանջ առաջադրեց, որոնք լուծելուց հետո ընդդիմությունը պատրաստակամություն էր հայտնել իշխանության հետ երկխոսություն սկսել արտահերթ ընտրությունների շուրջ: Եթե իրենք Տեր-Պետրոսյանի հայտարարությունները ոչ թե կիսատ, այլ լրիվ են լսում, իսկ ես դրանում համոզված եմ, ու եթե արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսության չէին նստելու, ապա այս երեք հարցը չէին կատարի: Կատարել են, եւ դրա տրամաբանական շարունակությունը արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելն է: Սերժը քաղբանտարկյալների ազատ արձակումն էլ ձգձգեց ու ի՞նչ շահեց, երկրում ի՞նչ փոխվեց. ոչինչ: Երեք ամիս հետո, զգուշացնում ենք, երկրի վիճակը շատ ավելի վատթար է լինելու, որովհետեւ իրենք որեւէ ծրագիր չունեն երկիրն այս վիճակից հանելու համար: Ավելին, հասարակությանը դեռ հայտնի է դառնալու ՀՀ կառավարության ապրիլի 27-ի որոշումը Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի հետ կապված: Հասարակությունը տեսնելու է, թե ինչպիսի թալան է տեղի ունենում ապագա սերունդների հաշվին: Ներքաղաքական լարվածությունը ներսից ուտելու է բոլորին: Իրենք սա պիտի հասկանան ու գնահատեն այն շանսը, որ Կոնգրեսն իրենց տվել է:

– Դուք քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակի ապաշրջափակումն ու «Մարտի 1»-ի գործով բացահայտման խոստումը պայմանավորում եք Կոնգրեսի պահանջներով: Բայց չէ՞ որ դա նախեւառաջ ձեռնտու էր հենց Ս. Սարգսյանին՝ իր վիճակը թեթեւացնելու եւ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ինքը փոփոխությունների կողմնակից է, ահա նոր էջից է սկսում՝ առանց քաղբանտարկյալների եւ մարդու իրավունքների այլ սահմանափակումների, ու այդպես մտնելու է խորհրդարանական ընտրությունների փուլ: Մյուս կողմից՝ երեք պահանջների կատարումից հետո, ի՞նչ եք կարծում՝ ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանից էլ ի՞նչ են պահանջելու, արդյոք պարտադրելո՞ւ են արտահերթ ընտրություններ անցկացնել:

– Նախ՝ չեմ ասում, որ այդ երեք պահանջները կատարվեցին միայն Կոնգրեսի ճնշման արդյունքում: Դա հասարակություն-Կոնգրես համատեղ ճնշման արդյունք էր. ինձ համար դա միանշանակ է: Միջազգային հանրության ճնշումն էլ դեր խաղաց, բայց հիշեք, թե որ պահից ակտիվացավ այդ միջազգային հանրությունը. այն պահից, երբ փետրվարին տեսավ, որ հասարակությունը ոտքի է կանգնում: Ես համոզված եմ, որ ԵԽԽՎ-ն այս երեք քայլերը ողջունելու է, բայց նաեւ հորդորելու է, որ ընդդիմության հետ անպայման երկխոսություն սկսեն, որը դրական ավարտ ունենա: Իսկ երկխոսության օրակարգը բոլորին է հայտնի՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում:

Բոլորին թվում է, թե Ս. Սարգսյանը բազմաշերտ խաղացող է, բայց իրականում նա իրավիճակային լուծումներ փնտրող անձ է: Ես հաստատ համոզված եմ, որ նա երկու բան է մտածել այն պահին, երբ որոշել է կատարել երեք պահանջները. մտածել է՝ դա անեմ, տեսնեմ ինչ է լինելու՝ ներքաղաքական լարվածությունը թուլանալո՞ւ է, թե՞ ոչ, իսկ հետո՝ կմտածեմ: Ինքը մինչեւ վերջ չի մտածել՝ երկխոսելո՞ւ է, թե՞ ոչ: Ինքը այդ պահանջները կատարել է՝ այլ ելք չտեսնելով: Հիմա նա մտածում է՝ լարվածությունը թուլացե՞լ է, թե՞ չի թուլացել: Եթե ինձ հարցնեք, կասեմ՝ ոչ: Ոչ միայն չի թուլացել, այլեւ լարվածությունը կուտակվում է եւ մի օր զսպանակի նման բացվելու է. հասարակությանը հուզող որեւէ խնդիր լուծում չի ստանում: Թող Սերժը դրա մասին լավ մտածի: Այդ դեպքում ո՛չ Կոնգրեսը, ո՛չ հասարակության մեջ որեւէ մեկը ժողովրդի ցասման դեմն առնել չի կարողանա: Ես համոզված եմ, ու տրամաբանությունն էլ է հուշում, որ իշխանություններն անպայմանորեն գալու եւ նստելու են երկխոսության՝ ՀԱԿ-ի առաջադրած օրակարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել