Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 17,2011 00:00

\"\"ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոն կփոփոխվի, իսկ խնդիրը կլուծվի Եվրամիության հովանու ներքո:

– Վերջին օրերին առավել նոր թափ են ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացները, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների Դովիլում արված համատեղ հայտարարությունը, դրան հաջորդած՝ համանախագահների այցը տարածաշրջան, Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից եկող դրական ազդակները կարծես թե վկայում են այն մասին, որ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ստորագրումը Կազանում դառնում է իրատեսական: Ի՞նչ կարելի է ակնկալել այս գործընթացից:

– Դուք բավականին ճիշտ նկարագրեցիք վերջին ժամանակներս ակտիվացած բանակցությունների դինամիկան, որին կարելի է ավելացնել նաեւ հակամարտող կողմերի նկատմամբ օր օրի ավելացող ճնշումը՝ ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները եւ ձեռնամուխ լինել խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը: 2011 թվականը, իմ կարծիքով, կլինի բեկումնային տարի ԼՂ հակամարտության կարգավորման համար, սակայն մեծ հույսեր կապել Կազանում կայանալիք հանդիպման հետ, իմ կարծիքով, իրատեսական չէ, չնայած որ Ռուսաստանը ամեն ճիգ կգործադրի դրան հասնելու համար: Խնդիրը այստեղ ոչ թե հակամարտող կողմերի վճռական քայլերի գնալու քաղաքական կամքի առկայությունը կամ բացակայությունն է, այլ իրականացվող միջնորդական առաքելության արդյունավետությունը: Որքանո՞վ է Ռուսաստանը ի զորու առաջնորդել այս գործընթացը, ունի՞ արդյոք դրա համար անհրաժեշտ արժեքային համակարգ ու գաղափարական նվիրվածություն: Ռուսաստանը բավականին արդյունավետ է գործում խաղաղության պարտադրման առաքելության շրջանակներում, մինչդեռ ԼՂ հակամարտության պարագայում խաղաղության պարտադրումը տեղ չունի, այն ենթադրում է հանդուրժողականության հիմքի վրա խաղաղ բանակցային գործընթաց՝ պետությունների իրավահավասարության եւ ինքնիշխանության սկզբունքների լիակատար ամրագրումով ու հարգանքով:

Ահա այստեղ է, որ առաջանում են հիմնական խնդիրները, քանի որ, իմ խորին համոզմամբ, Ռուսաստանը Հարավային Կովկասում այլեւս չունի այն ազդեցությունն ու հեղինակությունը, որ ուներ մինչ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Ռուսաստանի յուրաքանչյուր չհաջողված փորձ՝ իր միջնորդական առաքելության շրջանակներում հասնել հակամարտության կարգավորման, նվազեցնում է իր՝ Հարավային Կովկասում ներգրավվածության մակարդակը, ինչն էլ, ի վերջո, կհանգեցնի տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխության:

– Դուք նշեցիք, որ 2011 թվականը կլինի բեկումնային ԼՂ հակամարտության համար, մինչդեռ չեք հավատում Կազանում կայանալիք հանդիպումից ակնկալվող առաջընթացին: Իսկ որտե՞ղ եւ ո՞ւմ միջնորդությամբ եք պատկերացնում այս հարցի լուծումը:

– Կազանում կայանալիք հանդիպումը հնարավոր է, որ լինի վերջինը Ռուսաստանի միջնորդությամբ, եւ անհաջողության դեպքում կփոխվի տարածաշրջանային ստատուս-քվոն՝ հօգուտ Եվրոպական Միության: ԵՄ-ն արդեն իսկ հայտարարել է իր մտադրությունը՝ մասնակցել Արեւելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործընթացին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:

Կարծում եմ, որ ԵՄ-ն առավել ակտիվորեն կներգրավվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մեջ խաղաղության մեծ համաձայնագրի մշակման ընթացքում, գուցե նաեւ առաջնորդի այդ գործընթացը:

ԵՄ-ն վերջին 20 տարիների ընթացքում մեր տարածաշրջանում վարել է հավասարակշռված քաղաքականություն, խտրական վերաբերմունք չի դրսեւորել տարածաշրջանի պետությունների նկատմամբ, հանդիսացել է տնտեսական աջակցության ամենամեծ դոնորներից մեկը, եթե ոչ՝ ամենամեծը: Եվ վերջապես, ԵՄ-ն, ի տարբերություն աշխարհաքաղաքական մնացած կենտրոնների, իրականում շահագրգռված է խաղաղ եւ կայուն Հարավային Կովկասի տեսլականով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել