Խաչատրյանականը ընտրել էր այս ձեւաչափը
Օրերս ավարտվեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթը: Այս անգամ մրցելույթների էին դուրս եկել դաշնակահարները եւ առաջին անգամ՝ կոմպոզիտորները: «Առավոտը» անդրադարձել է դաշնակահարների մրցույթին, ներկայացնելով ժյուրիի որոշ անդամների կարծիքներն ու դիտարկումները:
Ի տարբերություն աշխարհում ընդունված կատարողական արվեստի մրցույթների, ինչը որդեգրել է Խաչատրյանականը, կոմպոզիտորների միջազգային նույնիսկ հեղինակավոր մրցույթները տարբերվում են իրարից մեկ պայմանով, այն է՝ տարիքային բաժանումը: Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչները ընտրել էին առանց տարիքային սահմանափակման տարբերակը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին ՌԴ կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազենինը, Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Կախա Ցաբաձեն, Ղրղըզստանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Մուրաթբեկ Բեգալիեւը:
Հանդիպեցինք անվանի կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին, որը գլխավորում էր ժյուրիի աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ մինչ մրցույթը, շուրջ երկու ամիս առաջ ժյուրիի անդամներին ներկայացված է եղել 6 երկրից հայտ ստացված տասը կոմպոզիտորի ստեղծագործություն՝ պարտիտուրի տեսքով, գրված հատուկ այս մրցույթի համար: Պարոն Ամիրխանյանը հավաստիացրեց, թե ինչ ոգեւորություն են ապրել ժյուրիի անդամները, երբ հանդիպելով արդեն Երեւանում, բացահայտվել է, որ տարաձայնության ֆակտորը իսկապես բացակայում է: Արդյունքում առաջին մրցանակը կիսել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Ալեքսանդր Իրադյանը (պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանի դասարան) եւ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայից Տիխոն Խրեննիկովը (պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկու դասարան), որը նույնանուն ճանաչված կոմպոզիտորի ծոռն է: Ժյուրիի խրախուսական մրցանակներ են ստացել Երեւանի կոնսերվատորիայից Ժիրայր Շահրիմանյանը եւ Ղրղըզստանի կոնսերվատորիայից՝ Ելենա Կիրալը: Ելնելով աշխարհում անցկացվող կոմպոզիտորների մրցույթների պայմանների տարբերությունից, հետաքրքրվեցինք, թե հնարավոր չէ՞ հայտի հետ մեկտեղ ընդունել մասնակցի ստեղծագործության ձայնագրությունը: Պարոն Ամիրխանյանի պատասխանը հակիրճ էր՝ պրոֆեսիոնալ կոմպոզիտորի համար «կարդալ» պարտիտուրը, թե լսել երաժշտությունը՝ նույնն է: Հարցին, թե երբեւէ կարո՞ղ ենք լսել մրցանակի եւ խրախուսանքի արժանացած ստեղծագործությունները, կոմպոզիտորը հայտնեց, որ ՌԴ կոմպոզիտորների միության նախագահ Վ. Կազենինը առաջարկել է բարձր գնահատականի արժանացած երկերը Մոսկվայում կատարել. «Հնարավոր է, որ դրանք հնչեն տեղի նվագախմբերի կամ, ինչու չէ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախմբի մեկնաբանմամբ, որը մրցույթի պաշտոնական նվագախումբն է: Հոկտեմբերի 15-ից Երեւանում անցկացվող երիտասարդ կոմպոզիտորների հերթական աշնանային համերգաշարին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կանդրադառնա նաեւ մրցութային գործերին»:
Ասում են, թե ստեղծագործությունը հաջողված է համարվում այն դեպքում, երբ ունկնդիրը կարողանում է սուլել մեղեդին: Ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից, որոնք կատարվեցին մրցույթին, կտորներ հնարավո՞ր է մտաբերել, Ռ. Ամիրխանյանը պատասխանեց. «Մեր օրերում հիմնականում ներկայացվում է պոպսա, մինչդեռ դարերից եկող բարձրարվեստ դասական գործերը հոգու խորը պատմություն են: Պետք չէ դրանց միջեւ զուգահեռ անցկացնել… Թողնենք ամեն մեկն ապրի իր կյանքով, մանավանդ՝ թյուր է տպավորությունը, թե դասական արվեստի մելոմանների թիվը նվազում է»: