Լրահոս
Օրվա լրահոսը

Անջելինա Ջոլին եւ Սիրիայի նախագահի ներկայացուցիչը կմեկնեն Թուրքիա

Հունիս 16,2011 00:00

\"\"Հոլիվուդյան հայտնի կինոդերասանուհի, ՄԱԿ-ի «Բարի կամքի դեսպան» Անջելինա Ջոլին ցանկանում է Թուրքիայում այցելել սիրիացի գաղթականների վրանային ճամբարներ: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Beyazgazete-ը: Ըստ այդմ, Անջելինա Ջոլին արդեն դիմել է պատկան մարմիններին՝ Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված սիրիացի գաղթականների հետ հանդիպելու համար: Նշվում է, որ նրա դիմումն արդեն ուսումնասիրվում է: Հիշեցնենք, որ Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված վրանային քաղաքներում արդեն պատսպարվել է 8 հազար 500 սիրիացի գաղթական:
Նույն աղբյուրի մատուցմամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հատուկ ներկայացուցիչն ու արտգործնախարարը երեկ պատրաստվում էին Անկարա մեկնել: Firat գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ Ասադի հատուկ ներկայացուցիչ Թյուքմանն ու Սիրիայի ԱԳ նախարար Վելիդ Մուալիմը հանդիպելու էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
Նշվում է, որ Ասադի ներկայացուցիչը Էրդողանին հատուկ հաղորդագրություն է փոխանցելու:
Ավելի վաղ Սիրիայի նախագահը հեռախոսային զրույց է ունեցել Էրդողանի հետ՝ շնորհավորելով ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Էրդողանն իր հերթին կոչ է արել Սիրիայի նախագահին՝ ձեռնպահ մնալ բռնություններից եւ երկրում անհապաղ բարեփոխումներ սկսել: Էրդողանը անհանգստություն է հայտնել նաեւ Սիրիայում հակաթուրքական գործողությունների առնչությամբ՝ հիշեցնելով Սիրիայում Թուրքիայի դեսպանատան եւ հյուպատոսության առջեւ տեղի ունեցած հակաթուրքական բողոքի գործողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել