Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՓՆՏՐՎՈՂ 10 ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՑ 3-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ Է

Հունիս 16,2011 00:00

\"\"Forbs ամսագրի վարկածով, աշխարհում ամենափնտրվող հանցագործների թվում, Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո, առաջին տեղը գրավում է մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանը: Ամենավտանգավոր հանցագործների տասնյակում երեքը ծագումով Ռուսաստանից է: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Forbs-ը ամենավտանգավոր հանցագործների վարկանիշային ցուցակը սկսել է կազմել 2008թ.-ից: Այդ ցուցակը ձեւավորելու համար լրագրողները խորհրդակցում են տարբեր երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Ինչպես անցած, այնպես էլ այս տարի վարկանիշային աղյուսակում կան ռուսաստանցիներ: Ամսագիրը ցանկում ներառել է Դոկու Ումարովին, Սեմյոն Մոգիլեւիչին եւ «Տայվանչիկ» մականունով Ալիմժան Տոխտախունովին:
Գործարար Սեմյոն Մոգիլեւիչը Ռուսաստանում անցնում է «Արբատ պրեստիժ» խանութների ցանցի գործով՝ հարկերից խուսափելու համար, եւ ներառված է Հետախուզությունների դաշնային բյուրոյի կողմից ամենափնտրվող 10 մարդկանց ցանկում: ՀԴԾ-ն նրա մասին տեղեկություններ տրամադրելու համար առաջարկել է 100 հազար դոլար: Բյուրոյի տվյալներով, գործարարն ապրում է Մոսկվայում, բայց նրա ղեկավարած ցանցը, որը զբաղվում է փողերի լվացմամբ, ընդգրկում է աշխարհի 27 երկիր: Հաղորդվում է, որ նա վերահսկում է նաեւ Արեւելյան Եվրոպայի մի շարք գազամուղներ: Նա ամերիկյան ոստիկանության կողմից փնտրվում է 2003թ.-ից ի վեր եւ կասկածվում է ավելի քան 40 տնտեսական հանցագործության մեջ, այդ թվում՝ ֆիլադելֆիացի ներդրողներից խաբեությամբ 150 մլն դոլար յուրացնելու մեջ:
Forbs-ը «ռուսական բեն Լադեն» է անվանել հյուսիսկովկասցի գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովին, որին այս տարվա մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներառեց «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ահաբեկիչների ցուցակում: 2010-ին Ումարովին ահաբեկիչ է ճանաչել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը Ումարովի գլխավորած «Կովկասյան էմիրաթ» կազմակերպությունը ներառել է «միջազգային ահաբեկիչների հատկապես փնտրվողների» ցանկում: Երրորդ ռուսաստանցին, որը ներառված է աշխարհում ամենափնտրվող հանցագործների տասնյակում՝ Ալիմժան Տոխտախունովն է՝ ծագումով Ուզբեկստանից: ԱՄՆ-ում նա համարվում է «Եվրասիայում կազմակերպված հանցավորության հիմնական խաղացողներից մեկը»: 2002-ին նա ձերբակալվել էր Իտալիայում՝ Սոլթ-Լեյք-Սիթիում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահքի մրցության արդյունքների կեղծումը կազմակերպելու համար: Իտալիան, սակայն, մերժել էր ԱՄՆ-ին՝ Տոխտախունովին ԱՄՆ էքստրադիցիայի ենթարկելու հարցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել