«Այ, հենց էս կազմով պիտի գնանք նախարարին տեղից հանենք, մենք նստենք, էս նախարարը շատ հարատեւեց»,- երեկ ասաց Հայաստանի ազգային գրադարանի շենքի մոտ կանգնածներից մի կին՝ ձայնին բողոքական տոն տալով: Կինը մշակույթի նախարարից դժգոհելու իր պատճառներն ուներ:
Երեկ Հայաստանի ազգային գրադարանի դիմաց բողոքի ակցիա էր, «բարոյական աջակցություն»՝ գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին: Լրացել է նրա եւ մշակույթի նախարարության միջեւ 2006թ. կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը եւ այս հունիսի 3-ի ծանուցմամբ տեղեկացվել է, որ հունիսի 16-ից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված: Բողոքի ակցիան գրադարանի աշխատակիցների նախաձեռնությամբ էր, մասնակցում էին նաեւ՝ գրադարանի բաժանորդները եւ Դավիթ Սարգսյանի մտավորական ընկերները: Խնդրում էին մշակույթի նախարարությունից «երկարաձգել» կամ «անվերջանալի» դարձնել պարոն Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Հավաստում էին՝ բողոքի ակցիան որեւէ քաղաքական ենթատեքստ չունի եւ ոչ էլ ընդդեմ որեւէ թեկնածուի է: Ներկաներն անընդունելի էին համարում Դավիթ Սարգսյանի հեռացումը գրադարանից: Գրադարանի բաժանորդներից Գրիգոր Աճեմյանն էլ ափսոսանք կապրի՝ Դավիթ Սարգսյանին գրադարանում չտեսնելով: «Ավելի քան համոզված եմ, որ իրադարձությունները կզարգանան մեր օրերի համար ծանոթ սցենարով. կգա բոլորովին պատահական մի մարդ, ինչ-որ մի կուսակցությունից, կգա իր աղեղով եւ իր թրով: Եվ մինչեւ նախարարությունում գլխի ընկնեն՝ ինչ է կատարվում Ազգային գրադարանում, մենք կկորցնենք մեր հոգեւոր եւ մշակութային այս կենտրոնը»,- ասում է պարոն Աճեմյանը: Թատերական գործիչների միության վարչության քարտուղար Լեւոն Մութաֆյանն էլ զարմացավ, որ Ազգային գրադարանի արհեստակցական կազմակերպությունը խնդրում է: «Արհեստակցական միությունները չեն խնդրում, պահանջում են,- ասում է նա՝ ավելացնելով,- ինձ համար անընդունելի է, երբ հայ գրականության 500-ամյակի նախաշեմին ազատում են մի մարդու, ով այս վերջին 13 տարիները իմաստավորել է ճշմարիտ արժեքներով եւ այս գրադարանին վերադարձրել իր վաղեմի փառքը»,- ասում է նա: Մութաֆյանի խոսքով, «Կան ուժեր, որոնց ախորժակը չի փակվում ոչ միայն Դավիթ Սարգսյանի զբաղեցրած աթոռից, այլ նաեւ՝ այս շենքից»:
Դառնալով մեկ այլ՝ Երաժշտագիտական գրադարանի տարածքի՝ մշակույթի նախարարի կողմից վաճառվելու մասին մամուլում եղած լուրերին, նշենք, որ այդ գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը հերքեց այդ ամենը եւ ասաց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: