Համարյա բոլոր դժգոհ դիմորդները այս պահանջով էին մոտենում հանձնաժողովներին
Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) մաթեմատիկա առարկայի արդյունքների բողոքարկումն էր: Մեր թերթի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ այս առարկայից գրանցվել էին ցածր միավորներ, միջին միավորը եղել էր 6.3-ը, անբավարար էր ստացել դիմորդների շուրջ 70%-ը:
Առավոտյան ԳԹԿ-ում ամեն ինչ հանգիստ էր, բողոքարկողներ չկային: Կեսօրից հետո դիմորդ Լիլիթ Մ.-ի ծնողը եկել էր դիմում գրելու, որ իր երեխային հնարավորություն ընձեռվի մասնակցել մաթեմատիկայի 2-րդ փուլի քննությանը: Սկզբում մայրն ասաց, թե իր երեխան քննության օրը հիվանդ է եղել եւ չի կարողացել ներկայանալ, հետո էլ պարզվեց, որ Լիլիթը ներկայացել է քննությանը, գրել առաջադրանքների մի մասը ու հավաքել 4.75 միավոր: Նրանք Տավուշի մարզից ներկայացրել էին բժշկի թուղթ, ըստ որի՝ դիմորդը հունիսի 9-13-ը ամբուլատոր բուժում է ստացել, այն պարագայում, երբ նույն դիմորդը մաթեմատիկայի քննություն է հանձնել հունիսի 10-ին:
Հարցում անցկացնելով մարզերից՝ պարզվեց, որ բողոքարկումներ եղել են, բայց ոչ մեծ թվով:
Քննության արդյունքները բողոքարկողների մեծ մասը կոնկրետ պահանջ չի ունեցել: Արարատի մարզից էլ մի ծնող դիմում-բողոք է գրել՝ պահանջով. «ընդհանրապես բողոքում եմ»:
Դիմորդների դժգոհությունը եւ վերահաշվարկ կատարելու ցանկությունը կապված է եղել հիմնականում «Ասույթների փունջ» կոչվող առաջադրանքի հետ, որում դիմորդը պետք է ընտրի «ճիշտ է», «սխալ է» կամ «չգիտեմ» պատասխաններից մեկը: Արմավիրի մարզի բողոքն ընդունող օպերատորը տեղեկացրեց, որ իրենց մոտ մի դիմորդ էր եկել՝ պահանջով, որ իրեն թույլ տան 2-րդ փուլով քննություն հանձնել: Դիմորդն ասել է՝ «քննության օրը ներվային սթրեսի մեջ եմ եղել, էդպես եկել եմ քննության»: Օպերատորն էլ դիմորդին խորհուրդ է տվել՝ դիմել հոգեբանի օգնությանը: Շիրակի մարզից գրանցվել էր 10 դիմում-բողոք: Այստեղ էլ բողոքարկողներից մեկը մասնագետի ներկայությամբ փորձել է ապացուցել, որ թեստի բ 79, բ 80 առաջադրանքները «ոչ կոռեկտ ձեւակերպումներով են»: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն այդ առթիվ ասաց, որ այս պարագայում ձեւակերպման խնդիր չի կարող լինել, իսկ բողոքող մասնագետին էլ խորհուրդ տվեց ներկայանալ ԳԹԿ եւ իրենց մասնագետների հետ պարզել խնդրի բուն էությունը: Կոտայքի մարզից մեկն էլ ասել է, թե թեստում երեխան ճիշտ է գրել, ձեւաթղթում սխալ է լրացրել: Բողոքն ընդունող օպերատորը վերջինիս հիշեցրել է, որ ստուգվում է ոչ թե թեստ-գրքույկը, այլ ձեւաթուղթը:
Երեւանում ծնողներից մեկը՝ Աննա Մխիթարյանը, ում մասին գրել էինք երեկվա համարում, եկել էր ԳԹԿ եւ խնդրում էր վերահաշվարկ անել, քանի որ իրենք ինտերնետով ստուգել են ու աշխատանքը գնահատել 7.5 միավոր, իսկ իրականում դիմորդը հավաքել է 5.75 միավոր: Բողոքարկման հանձնաժողովները դիմումներն ընդունել են: Դրանց պատասխանները, քննական կարգի համաձայն, պարզ կլինեն 3 օրյա ժամկետում:
Հ. Գ. Վաղը քննաշրջանի առաջին փուլի վերջին քննությունն է՝ հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաներից: