Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ԴԵՂԱՏՈՄՍ

Հունիս 16,2011 00:00

\"\"Ինչպես հրապուրիչ դարձնել ոլորտը եւ գումարներ ներգրավել

Երեկ հայտարարված էր «Գիտության բարձրաձայնման օր», եւ այդ առիթով ասուլիս էր ԳԱԱ-ում: Նպատակն էր հնչեցնել գիտության հետ կապված խնդիրները Հայաստանում՝ գիտության եւ գիտնականների հեղինակության անկում, գիտական գործունեության օժանդակության բացակայություն, գիտության ցածր ֆինանսավորում: Այդ ակցիան՝ որպես «Բարձրաձայնենք գիտության մասին» իրադարձություն, դրված է նաեւ Հայաստանի գիտական լրագրողների ֆեյսբուքյան խմբի էջում:
Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա հերթական անգամ վկայակոչեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նույն տվյալները՝ տարածաշրջանի 2002-2007 թթ. գիտության վիճակի մասին: ԳԱԱ նախագահը կրկին հիշեցրեց՝ Հայաստանում գիտության ոլորտում այսօր 4114 մարդ է ներգրավված, Ադրբեջանում՝ 11200, Վրաստանում՝ 8000, Ղազախստանում՝ 10700 եւ այլն: Խոսեց նաեւ ֆինանսավորման մասին. Հայաստանը գիտությանն այսօր հատկացնում է $23 մլն, Ադրբեջանը՝ 117,987 մլն, Ղազախստանը՝ 384 մլն եւ այլն: Արդյունքներին եւ գիտական հրապարակումներին անդրադառնալով՝ Ռ. Մարտիրոսյանն ասաց, թե 2008-ի տվյալներով Հայաստանի արդյունքը 544 միավոր է, Ադրբեջանը ունի 292 միավոր, Վրաստանը՝ 328, Ղազախստանը՝ 218, իսկ Իսրայելը՝ 10000-ից ավելի: Նաեւ հավելեց, թե խոսակցություններն այն մասին, որ գիտությունը մեռնում է Հայաստանում, գալիս է անտեղյակությունից կամ էլ չարախոսություն է: Ռ. Մարտիրոսյանը նշում է, որ ընդամենը դժվարություններ կան՝ գիտական արդյունքները դանդաղ են առեւտրայնացվում, տնտեսվարող սուբյեկտները շահագրգիռ չեն, գիտական արդյունքները միջազգային շուկա հանելը եւս խնդիրների հետ է կապված: ԳԱԱ նախագահն ամեն դեպքում գոհ է՝ քիչ գումարով էլ առաջ ենք տարածաշրջանի երկրներից: Ասում է, որ պետք է գիտության ոլորտը գրավիչ դարձնել երիտասարդների համար, պետությունը հարկ է մտածի նրանց սոցիալական վիճակի մասին, լրատվամիջոցներն էլ դրական բաներ գրեն: Սա՛ է նրա գիտության փրկության բանաձեւը:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայաստանում գործող գիտական լրագրողների խմբի համակարգող Արեգ Միքայելյանը կոնկրետ առաջարկներով հանդես եկավ՝ գիտության ֆինանսավորման այլընտրանքային ձեւերի եւ գիտության հեղինակության բարձրացման վերաբերյալ: Նա գտնում է, որ գիտական կառույցները պետք է գոնե ամիսը մեկ անգամ իրենց ձեռքբերումների ու արդյունքների մասին մամուլի հաղորդագրություններ ուղարկեն ԶԼՄ-ներին, որ հետո չդժգոհեն, թե միայն ինտրիգների մասին է գրվում: Ա. Միքայելյանը փաստեց, որ հայաստանյան ոչ մի բուհում գիտական լրագրություն չի դասավանդվում, խոսեց գիտության հովանավորության մասին օրենքի բացակայությունից, որի գոյությունը գործարարներին կմղեր ներդրումներ անել ոլորտում: Նա նշեց, որ, օրինակ, հզոր բյուջե ունեցող ԱՄՆ-ում գիտության գումարների 1/3-ը գոյանում է հովանավորների միջոցներից:
Ա. Միքայելյանը ցավով նկատեց, որ Հայաստանում գիտնականն այսօր ասոցացվում է անապահով խավի ներկայացուցիչների հետ եւ հարգանք չի վայելում, մինչդեռ նա չպետք է փող խնդրեր ինչ-որ մեկից, համապատասխան օրենքների դեպքում գործարարները հաճույքով միջոցներ կհատկացնեին գիտությանը:
Ոչ մի նոր բան չասած ու անընդհատ իրեն կրկնող Ռ. Մարտիրոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ իմաստ ունի, որ Հայաստանում 4000-ից ավելի մարդ լինի գիտության ոլորտում, մանավանդ՝ շատերը չեն էլ զբաղվում գիտությամբ, մի՞թե քանակն է որակ տալիս: ԳԱԱ նախագահին հարցը դուր չեկավ, քանի որ պատասխանեց, թե մեր հարցը շարունակելու դեպքում այսպես կարելի էր ձեւակերպել. «Իսկ մեր ինչի՞ն է պետք գիտությունը»: Նա նաեւ միամտություն է համարում հույսը միայն հովանավորների վրա դնելը: Ստացվում է՝ ամերիկացիները եւ շատ այլ զարգացած երկրներ ահավոր միամիտ են:

Հ. Գ. Երեկ, երբ ԳԱԱ դահլիճում քննարկվում էին գիտության խնդիրները, ԳԱԱ բակում էլ բարեկարգման ու գեղեցկացման աշխատանքներ էին կատարվում: Փաստ է, որ Գիտությունների ակադեմիան իր այսօրվա կառուցվածքով եւ կերպով միայն բակը գեղեցկացնելով կամ գեղեցիկ ձեւակերպումներով գիտության վիճակը ներկայացնելով չի նպաստում գիտության զարգացմանը: ԳԱԱ-ում հավաքված, ճահճացած պապիկների մեծամասնությունը վաղուց գիտությամբ չի զբաղվում, ուղղակի հավես չունի, իսկ գիտությունը հավեսի համար չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել