ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ եւ Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին եւ մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ եւ ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից:
Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը՝ Իրինա Առաքելյանը, մարտական ընկեր Մարտիկ Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Առանձնահատուկ կարեւորելով արցախյան ազատամարտում Յուրա Պողոսյանի ունեցած ավանդը՝ Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Յուրա Պողոսյանը այն անհատներից է, որոնք կանգնած են հայկական բանակի ստեղծման ակունքներում»: Խոսելով ազգային հերոսի թողած հոգեւոր ժառանգության մասին՝ պաշտպանության նախարարը նշել է, որ նրա պատգամները այսօր կատարում են հայոց բանակի զինվորները՝ աչալուրջ հսկելով մեր հայրենիքի սահմանները: