Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ, ԲԱՅՑ ԱՆՄԻՏ ՆԱՄԱԿ

Հունիս 16,2011 00:00

Ճիշտ այս մտածումն ունեցա, երբ ծանոթացա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված «Առավոտ» օրաթերթի 03 հունիս 2011թ. համարում Նշան Որբերյան ստորագրությամբ բաց նամակի բովանդակությանը:

\"\"

Առաջին իսկ հայացքից ինձ զարմացրեց հեղինակի ինքնագոհությունը եւ առարկություններ չհանդուրժող ոճը: Հենց այս ստիպեց ինձ տեղեկատվական տիրույթներում որոշ ծանոթություն ստանալ հեղինակի ինքնության վերաբերյալ: Ցավով եմ արձանագրում, որ որոնումներս հեղինակի ինքնագոհությունը եւ անձնապաստանությունն արդարացնելու որեւէ փաստ չարձանագրեցին, ի բաց առյալ նրա առաջացած տարիքը, ինչից միայն կարելի է ենթադրել ինչ-որ մի ասպարեզում, ինչ-որ մի չափով ունեցած նրա վաստակի մասին: Նույն այդ տարիքի հանդեպ հարգանքից ելնելով՝ սույն հրապարակման մեջ պիտի փորձենք անդրադառնալ հոդվածագրի շոշափած թեմաներին, որտեղ նա ինչ-որ «սրտաճմլիկ տեսարաններ» ստեղծելու միջոցով, գիտությամբ կամ անգիտությամբ խեղաթյուրում է իրողություններն ու փաստերը: Սույնով նա, փաստորեն, ջանում է հիմնավորել իր հիմնական թեզը, ըստ որի՝ Եկեղեցու գործունեությունը չի բխում հասարակության շահերից, իսկ երբեմն էլ դեմ է դրանց: Այն, որ սույն պնդումը կեղծ է եւ ժամանակավրեպ, այլեւս վիճարկման առարկա չէ եւ վաղուց անտի սպառել է իրեն: Միայն կարծեցյալ որոշ մտավորականներ են, որ ինքնահռչակ արալեզների նման փորձում են թեման լիզելով՝ նորից վերակենդանացնել: Այժմ անցնենք հեղինակի շոշափած նյութերին: Նախ՝ Շվեյցարիայի վերաբերյալ: Այստեղ Որբերյանի «պատգամն» այն է, որ Էջմիածինը հանգիստ թողնի փոքրիկ համայնքը եւ վերականգնի նրա հոգեւոր նախկին սպասավորի լիազորությունները: Ի գիտություն Որբերյանի՝ ասենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Շվեյցարիայի Հայոց թեմի ժողովրդի մեծամասնության խնդրանքին եւ շահերին ընդառաջելով է սկսել Թեմի վերակազմավորման գործընթացը: Բացարձակապես տեղին չէ կարգազանց մի քահանայի եւ բախտախնդիր մի քանի անձերի քմահաճույքները ներկայացնել իբրեւ ամբողջ շվեյցարահայության պահանջ: Մայր Աթոռը փորձել է զերծ պահել համայնքը խմբակցական հետաքրքրություններից՝ համահավասար պայմաններ ստեղծելով Շվեյցարիայի բոլոր հայերի համար ազգային-եկեղեցական կյանքում ներգրավվելուն: Սբ. Էջմիածնի կողմից անթույլատրելի եւ անսրբագրելի վրիպում կլինի եկեղեցական կառույցների կառավարումը թողնել Շվեյցարիայում Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրություններին հակառակվող մի խումբ տխրահռչակ անձերի, ներառյալ նաեւ նախկին քահանային, ովքեր Եկեղեցին միայն ծառայեցնում էին իրենց շահերին եւ ոչ թե իրենք ծառայում Եկեղեցուն:
Երկրորդ հարցը, որին անդրադառնում է հոդվածագիրը, Ֆրանսիայի Նիս քաղաքի եւ տեղում քահանայագործած Տեր Վաչե քահանա Հայրապետյանի հարցն է: Հոդվածի այս մասն ընթերցելիս տպավորությունն այն է, որ դատարանի դահլիճում ես, ուր, սակայն, դատավարական կանոնների փոխարեն գործում են որբերյանական օրենքները: Առանց քննության, առանց փաստերի հետազոտման՝ անբեկանելի դատավճռի պես հնչում է հեղինակի որոտընդոստ ձայնը՝ «Տեր Վաչեն մաֆիոզ է»: Որբերյանի համար մարդու անմեղության կանխավարկածը, ֆրանսիական իրավապահ մարմինների կողմից Տեր Վաչեին մեղադրանքներ չներկայացնելու փաստը լումայի իսկ արժեք չունեն: Նա արդեն որոշել է կամ նրան պետք է, որ Տեր Վաչեն մեղավոր ճանաչվի… Մինչդեռ եղելությունը հետեւյալն է. Տեր Վաչեն, այո՛, ծառայել է Նիսի հոգեւոր հովվությունում, նրա ծառայությունը դրական է գնահատվել անգամ հետագային նրա ոխերիմ հակառակորդների կողմից: Խնդիրն այն է, որ Նիս համայնքում գործող որոշ անձեր, ոգեւորված իրենց նախորդ տարիների գործած անպատժելի կամայականություններից, Եկեղեցին մի բեմահարթակ են նկատել, իրենց՝ հիմնական դերակատարներ, իսկ քահանային՝ կուլիսային մի զարդ, որ անգամ իր հովվական ծառայությունն իրականացնելու համար հրաման պիտի առներ արկածախնդիր պարոններից: Հարկ է հիշել, որ սույն պարոնները Տեր Վաչե քահանային նույնիսկ արգելել են «Հայր մեր» աղոթքը հնչեցնել ծխական ժողովին: Ավելորդ չէ նաեւ նշել, որ նույն մարդիկ Նիսի եկեղեցական համայնքում անդամակցություն են շնորհել հայ եկեղեցու դավանանքին չպատկանող, անգամ այլազգի անձանց, որը սկզբունքորեն ընդունված չէ մեր Եկեղեցու կանոնական ավանդույթում: Մինչդեռ Նիսում նորահաստատ բազմաթիվ հայերի խոչընդոտել են դառնալ Եկեղեցու անդամ: Այստեղ հարց ենք ուզում տալ. արդյոք հայապահպանության այս մեթոդաբանությո՞ւնն է ընդունելի Որբերյանի համար…
Շարունակելով թեմատիկ էքսկուրսը՝ Որբերյանը տեղափոխվում է նաեւ միջնադարյան Հայաստան՝ իր աջակցության ներքո առնելով Սբ. Կաթողիկե եկեղեցու «անաղարտության» պահպանությունը: Հիշեցնենք, որ ժամանակին Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը (այժմ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս) նախաձեռնեց Սբ. Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքը հեղձուցիչ մթնոլորտից ազատելու գործը: Հոդվածագիրը այդ ժամանակ երեւի քնով էր ընկել կամ Պիղատոսի նման լվացել ձեռքերը, իսկ հիմա էլ, հանկարծ, տուրք տալով ասեկոսեներին, մրոտում է թուղթը:
Գթասիրտ Որբերյանի հաջորդ մտահոգությունը ի հայտ է գալիս ազատամարտիկին աջակցելու իր անհագ ու կարեկից ցանկությամբ: Այսու հորդորում ենք Որբերյանին, որ ազատամարտիկների նկատմամբ իր նախանձախնդրությունն ունենա ավելի տեսանելի եւ առարկայական դրսեւորում, իսկ Մայր Աթոռն առանց Որբերյանի հուշումների էլ մշտապես աջակցել եւ աջակցելու է ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին: Ուստիեւ անիմաստ վանկարկություն է թվում Որբերյանի նմանօրինակ հանգերգը:
Չափազանց դեմագոգիկ է հնչում նաեւ Որբերյանի ակնածանքի դրսեւորումը Հայոց Հայրապետներ Մկրտիչ Խրիմյանի, Գեւորգ Զ Չորեքչյանի, Վազգեն Ա-ի եւ Գարեգին Ա-ի նկատմամբ, երբ փորձում է զուգահեռներ անցկացնել ու արհեստական հակադրություն ձեւավորել ներկայիս Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի միջեւ: Ի գիտություն Որբերյանի՝ ասենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսն իր առաքելության մեջ կյանքի է կոչում նաեւ իր նախորդների տեսիլքներն ու ծրագրերը, որոնք չսաղմնավորվեցին 20-րդ դարասկզբի դժնդակ եւ դարավերջի անբարենպաստ պայմաններում: Այնպես որ՝ խորհուրդ ենք տալիս Որբերյանին երջանկահիշատակ Հայրապետների նվիրական անունները չօգտագործել ապահով ապաստարան գտնելու հույսով եւ զերծ մնալ բամբասանքներից ու ասեկոսեներից…

Հոգեւորականի արձագանք-նամակի ոճական առանձնահատկությունների մասին դատելու եւ համապատասխան հետեւություններ անելու հնարավորությունը թողնում ենք ընթերցողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել