Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնը եւ «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասը Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությամբ հայտարարություն են տվել եւ քաղաքի բնակչությանը զգուշացրել. եղանակի տաքացման եւ առատ տեղումների պատճառով հնարավոր է ջրի որակի վատացում, խմելու ջրից աղիքային վարակների վտանգ կա: Նոյեմբերյանի բնակիչներին խորհուրդ է տրվում օգտագործել միայն եռացված ջուր:
Այս առթիվ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնի տնօրենի տեղակալ Մարտին Մկրտչյանն ասաց, որ Նոյեմբերյանին մատակարարվող ջրում վնասակար մանրէների քանակությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորման:
Նոյեմբերյանի տարածաշրջանում միայն Նոյեմբերյան քաղաքում է կատարվում խմելու ջրի քլորացում, սակայն, փաստորեն, դրանից մատակարարվող ջուրը անվտանգ չի դառնում: