Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք կրծողներից

Հունիս 16,2011 00:00

\"\"Լոռու մարզում տուլարեյմայի դեպք է գրանցվել

Երբ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 29-ամյա կինը դիմեց բժիշկների օգնությանը, ոչ ոք չէր կարող կասկածել, որ խոսքը տուլարեյմա հիվանդության մասին է: Համայնքում վաղուց նման հիվանդության դեպք չէր գրանցվել: Մարգահովիտի առողջության կենտրոնի տնօրեն Արամ Նազարյանը բացատրում է. «Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, այլ միայն՝ կրծողների ու մոծակների միջոցով, երբ վարակված կրծողը հնարավոր է մարդուն կծի կամ նրանց արտաթորանքներից ու սատկած կենդանու կենսաբանական մնացորդներից վարակն անցնի մարդուն»: Արամ Նազարյանը չի բացառում, որ հիգիենային չհետեւելու արդյունքում էլ հնարավոր է վարակը տարածվի:
Մարգահովիտում հիվանդության եւ վարակի կանխարգելման միջոցառումներ են իրականացվել: Նմուշներ են վերցվել ջրից, հողից, իսկ ալյուրի պահեստարաններում, խանութներում, վարելահողերում ու դաշտերում 550 մարդ պատվաստվել է: Քանի դեռ հողագործության ակտիվ շրջանն է, պատվաստվել են 14 տարեկանից բարձր մարգահովիտցիները, ովքեր ավելի հաճախ են շփվում հողի հետ:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային Լոռու մարզային կենտրոնի պետ Կարինե Միրզոյանը նշում է, որ թեեւ տարածքը բնական օջախայնություն ունի, սակայն պրոֆիլակտիկ աշխատանքների միջոցով կարողանում են կանխել վարակի տարածումը:
Մարգահովիտի գյուղապետ Սամվել Անանյանը նշում է, որ ամեն տարի Լոռու մարզպետարանը համապատասխան քանակի դեղանյութ է տրամադրում կրծողների դեմ պայքարի համար, բնակիչներն էլ հետեւողական մշակում են հողը: Գյուղն ու գյուղապետը այժմ սպասում են «Հատուկ, վտանգավոր վարակների կենտրոնի» պատասխանին: «Եկան, ամեն տեղից նմուշ վերցրին, նույնիսկ կարծիք հայտնեցին, թե հնարավոր է վարակը կրծողների հետ կապ չունի կամ այլ տարածքից է վարակը հասել»,- տեղեկացրեց Սամվել Անանյանը:
Իսկ կենտրոնից տեղեկացրին, որ անտառային գոտիներում նման դեպքեր հազվադեպ են պատահում ու չարժե անհանգստանալ: Առայժմ ուսումնասիրություններն ավարտված չեն, թակարդներ են դրվել կրծողներին բռնելու եւ ուսումնասիրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել