Իսկ մինչ այդ՝ բաժանորդները հեռանում են
Ամեն տարի «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր միջոցներով մոտ 50 կմ խողովակաշար է նորացնում, սակայն ընկերությունը իրականում չունի սեփական միջոցներ, դա նա անում է պայմանագրային հիմունքներով. վարձավճարի եւ նոր խողովակների գնի փոխարեն շինաշխատանքներ իրականացնող ընկերությունները հիմնականում իրենց են վերցնում հին խողովակները: Այս սկզբունքով «Հայջրմուղկոյուղին» ամիսներ առաջ փոխել է Սիսիան քաղաքի ջրամատակարարումն ապահովող խողովակները, բայց այդ աշխատանքներն ավարտելուց հետո փորված փոսերը չի ասֆալտապատել («Առավոտ», 20.05.2011՝ «Անջուր, անասֆալտ, անհույս»): Այս մեղադրանքներին ի պատասխան, ընկերությունը հայտարարել էր, որ իրականում պարտավոր էլ չէ այդ փոսերը փակել, իրենք միայն խողովակների տերն են: Բայց սա սիսիանցիներին չի մխիթարում, նրանք դժգոհության ալիք էին բարձրացրել, որից հետո միայն «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը հանդիպել էր Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին եւ պայմանավորվածություն ձեռք բերել քաղաքը տեսքի բերելու վերաբերյալ: Երեկ մենք պարոն Լորենից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ե՞րբ են տեսքի բերվելու Սիսիանի փողոցները: «Ասֆալտապատում լինելու է, արդեն պայմանավորվածություն կա, նախագիծը մոտակա 2 ամիսների ընթացքում կհաստատվի եւ կսկսվեն շինարարական աշխատանքները»,- պատասխանեց պարոն Լորենը: Մեր հարցին, թե որտեղի՞ց է ընկերությունը այդքան գումար հատկացնելու ասֆալտապատմանը, քանի որ մինչ այդ նման գումար չուներ եւ չէր էլ կարող տալ, Պատրիկ Լորենը պատասխանեց. «Ընկերության բյուջեն չունի այդքանն անելու գումար, գումարները արտասահմանից են լինելու»:
«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Կապանի խմելու ջրի խնդրին, վերջին անգամ՝ այս տարվա մայիսի 7-ին «Հայջրմուղկոյուղին» էլի խոստացավ» հրապարակմամբ. ամեն գարնանն ու աշնանը Կապանի խմելու ջուրը դառնում է խմելու համար ոչ պիտանի: Անդրադառնալով տարիներ շարունակ կապանցիներին անհանգստացնող ջրի խնդրին, պարոն Լորենը հայտարարեց. «Կապանի ջուրը մի քանի օրով պղտորվում է՝ ձնհալի պատճառով: Քաղաքին ջուր մատակարարվում է մակերեւութային ջրերից: Ձնհալի ժամանակ ջուրը շատանում է, իսկ զտիչ կայանը չի հասցնում ամբողջովին ֆիլտրել ջուրը: Մարդկանց մեջ շփոթմունք կա ջրի որակի հետ կապված. պետք է տարբերել աղտոտված եւ պղտորված ջուրը: Գարնանը Կապանի ջուրը պղտորվում է, որը բոլորովին անվտանգ է խմելու համար»: Մեր այն հարցին՝ դա նշականո՞ւմ է, որ ավազով համեմված ջուրը այնքան քլորացված է, որ իսկապես անվտանգ է, նա պատասխանեց. «Իհարկե քլորացվում է: Խոսքը ջրի մեջ եղած ավազի մասին է, դա աղտոտում չէ եւ վտանգավոր չէ: Հասկանալի է, որ բաժակի մեջ լցված ջրում որոշակի պղտորություն կա եւ մարդիկ վախենում են այն խմել, բայց այդ ջուրը խմելու համար անվտանգ է: Այդ պղտորվածության ժամանակահատվածը 1-2 օր է տեւում, որի ժամանակ մարդիկ ջուրը խմելու նպատակով գրեթե չեն օգտագործում՝ միայն լողանալու եւ այլ նպատակներով»: Իսկ թե ինչ է նախատեսված Կապանի խմելու ջրի տարիներ ձգվող խնդիրները վերացնելու համար, Պատրիկ Լորենն ասաց. «Նախատեսվում է քիմիկատների միջոցով այդ հարցը լուծել: Պատրաստվում ենք նաեւ Սեւանի ավազանում կառուցել կոյուղաջրերը մաքրող կայաններ: Զտիչ կայանները կտեղադրվեն Գավառում, Մարտունիում, Վարդենիսում եւ էապես կնպաստեն Սեւանի ջրի մաքրությանը: Ամենայն հավանականությամբ՝ արդեն հաջորդ տարվա կեսերին այդ կայանները պատրաստ կլինեն: Հետագայում նման կայաններ կտեղադրվեն այլ առողջարանային կենտրոններում՝ Դիլիջանում եւ Ջերմուկում: 2012-ին կսկվի նոր ներդրումային ծրագիր, որը կներառի կոյուղու մաքրման կայանների վերակառուցումը, մի շարք այլ ծրագրեր կսկսվեն գյուղերում եւ քաղաքներում։ Այս պահին ողջ հանրապետությունում կեղտաջրերը չեն մաքրվում: Նույնիսկ Ֆրանսիայի մի շարք շրջաններում կոյուղաջրերը զտող հարմարանքներ տեղադրված չեն: Ընդհանրապես՝ այդ պրակտիկան աշխարհում սկսվել է կիրառվել ընդամենը 50 տարի առաջ»:
«Հայջրմուղկոյուղի» ընկերության ղեկավարը երեկվա մամուլի ասուլիսում հայտարարեց, որ մեծ աշխատանքներ են արել եւ հայաստանյան մարզերում իրենք հասել են օրական միջինը 14 ժամ ջրամատակարարման, նախկին 4 ժամվա փոխարեն. «Կան վայրեր, որտեղ մենք դեռ քիչ ժամով ենք ջուր մատակարարում, անգամ 30 րոպեով: Բերդում 4-5 ժամ է ջուր լինում: Մենք ունենք ջրի մաքրման կայաններ կառուցելու ծրագրեր, որոնք թույլ կտան ջրամատակարարման ժամերն ավելացնել: Հանրապետության ջրամատակարարման համակարգը իդեալական վիճակի բերելու համար առնվազն անհրաժեշտ է մեկ միլիարդ դոլար: Հույս ունենք, որ կառավարության ջանքերի շնորհիվ կստանանք եւս $100 միլիոն»: Պատրիկ Լորենը ցանկություն հայտնեց ջրի սակագինը բարձրացնել. «Շատ լավ կլիներ, որ ջրի սակագինը կարողանայինք բարձրացնել: Բայց ներկայումս 179.78 դրամ է»:
Հենց այդ քիչ՝ օրական ընդամենը մի քանի ժամ ջրամատակարարում ապահովելն ու ջրի բարձր սակագինն է պատճառը, որ մայրաքաղաքին մոտիկ գյուղերի՝ «Հայջրմուղկոյուղու» շատ բաժանորդներ ցանկանում են դառնալ «Երեւան ջուր» ընկերության բաժանորդ: Երեւանին կպած Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերի բնակիչներն արդեն դարձել են «Երեւանջրի» բաժանորդներ: