ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները խարդախության դեպք են բացահայտել. Երեւանի բնակիչ Արմեն Հարությունյանը՝ չարաշահելով մի քաղաքացուհու վստահությունը, գնելու պատրվակով վերցրել էր նրա ավտոմեքենան, գրավ դրել եւ յուրացրել ավելի քան 4,5 միլիոն դրամ:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հարությունյանը նույն եղանակով Երեւանում կատարել է այլ խարդախություններ եւս:
Գումարը մաս-մաս վճարելու պայմանով, 6 500 ԱՄՆ դոլարով գնելու պատրվակով վերցրել է մի քաղաքացու «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան, 2 500 դոլարով գրավ դրել եւ գումարը յուրացրել:
Մեկ այլ քաղաքացու պատկանող ավտոտնակը 2009 թ. գրավ է դրել, վերցրել 55 000 դոլար՝ տասը ամսից վերադարձնելու պայմանով:
80 000 դոլար վճարելու պայմանով «գնել» է մեկ ուրիշի բնակարանը: Տվել է 7 000 դոլար կանխավճար, բնակարանը անվանափոխել իր անվամբ, իսկ մնացած 73 000 դոլարը չի վճարել եւս:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ Արմեն Հարությունյանը կատարել է նմանատիպ այլ հանցագործություններ: Եթե կան նրա գործողություններից տուժած ուրիշ անձինք՝ խնդրում են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով: Նախաքաննությունը շարունակվում է: