Օրերս Նոր Խարբերդ գյուղի 9 բնակիչ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են Մասիս քաղաքի հիվանդանոց: Ինչպես Tert.am-ին հայտնել է Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանը, բնակիչների թունավորումը նկատվել է դեռեւս հունիսի 1-ին, սակայն վերջիններս նախնական շրջանում նախընտրել են զբաղվել ինքնաբուժությամբ. «Մենք այդ օրերին ունեցանք ջրամատակարարման ընդհատում, եւ ենթադրեցինք, որ թունավորումը կարող էր դրա հետ կապված լինել, բայց մյուս կողմից այդ մարդկանց ընտանիքների այլ անդամների թունավորման դեպքեր չեղան: Ե՛վ «Երեւան ջուր» ընկերությունից, ե՛ւ սանէպիդկայանից եկել եւ ջրի փորձանմուշ են վերցրել, բայց հստակ թունավորման պատճառը դեռ պարզ չէ»: Այս առնչությամբ, Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը նշել է, որ դեռ հստակ չէ, թե ինչն է վարակի պատճառը. «Այս դեպքը բավականին տարբեր է. փաստեր կան՝ իրար հակասող, բավական տարբեր: Մեզ մեկ-երկու օր ժամանակ է պետք, որ այդ ամենն ի մի բերենք: Ես անձամբ հակված եմ համարել, որ այս անգամ ջրից չի եղել: Հիշո՞ւմ եք, երբ կային փաստեր, ես ինքս հենց առաջինը Նուբարաշենի դեպքում ասացի, որ վարակը ջրից է, բայց այս դեպքում ոչինչ ասել դեռ չեմ կարող»: