Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիրյանցիները՝ օդում կախված

Հունիս 16,2011 00:00

Նրանց տներն իրացրել են, բայց նոր բնակարաններ չեն տվել

«Մեծարգո պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-ն՝  04.03.2004 թ. եւ 909–ն՝ 17.06.2004թ. որոշումների), 2005թ. մարտ ամսին ստիպված էինք կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները: Անցել է 75 ամիս, այսինքն՝ երկու անգամից ավելի, բայց մենք չենք ստացել ոչ պայմանագրերով նախատեսված բնակարանները, ոչ բնակության վարձակալության գումարները, ոչ շինարարության ձգձգման տուգանքները»,- «Առավոտին» օրերս նման բողոքով են դիմել Ամիրյան փողոցի թիվ 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչները: Նրանց խոսքերով, մինչ օրս բնակիչներին չի հատկացվել տարածքների հատակագծերը եւ չեն կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ:    «Զրկվելով ապրուստի միջոցներից, մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են»,- նեղսրտում են բնակիչները:
Նշենք, որ սրանք այն նորակառույցներն են, որոնց ոչ փաստաթղթային տերը ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանն էր, որի մահից հետո էլ սկսվեց այս խառնաշփոթը, եւ մարդիկ պարզապես օդից կախված վիճակում են: Իսկ հանգուցյալ պատգամավորների ժառանգները իրենց վրայից գցում են պատասխանատվությունը եւ ոչ մի հստակություն չեն մտցնում հարցի մեջ եւ դրա լուծումը անհայտ պատճառներով ձգձգում:
Բնակիչների ներկայացմամբ, բազմիցս դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմ,  կառավարություն, քաղաքապետարան, Մարդու իրավունքների պաշտպանին, Հանրային խորհուրդ, սակայն՝ ապարդյուն. «Արդեն 9-րդ ամիսն է, ինչ մենք դիմել ենք դատարան, սակայն այստեղ էլ արհեստական ձգձգման քաղաքականություն են որդեգրել եւ գործը նախնական դատական նիստերից այն կողմ չի անցնում: Մելիք Գասպարյանի ժառանգները ամիրյանցիներին հայտարարում են եւ ամենուր լուրեր են տարածում, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իրենց փայատերերն են եւ իրենց առաջ խաղ չկա՝ այսպիսով արատավորելով ինչպես այդ անձանց պատիվը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անունը»: Բնակիչները պահանջում են շենքի սեփականատերերից՝ կատարել պայմանագրերում նշված պարտավորությունները, այն է՝ վճարել շինարարության ժամկետների խախտման տուգանքները, տրամադրել բնակարանների՝ կադաստրում հաստատված հատակագծերը, հատկացնել բնակարանների վարձակալության գումարները, շինարարության ավարտի կոնկրետ եւ ռեալ ժամկետ սահմանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել