Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ԱԿԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԴՌՆԵ՞ՐԸ

Հունիս 16,2011 00:00

\"\"Բենիամինի ներկա ու նախկին գյուղապետերը «թունդ» վիճաբանության մեջ են

\"\"Օրերս Շիրակի մարզի Բենիամին համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Մկրտչյանը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելու նախկին ՀՀՇ-ական գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի «յուրացումների» մասին: Գործող գյուղապետի ներկայացմամբ, ՀՀՇ-ականը իր տեղակալ Մամիկոն Ղազարյանի հետ թալանել է համայնքի սեփականությունը, անօրինական՝ «աճուրդ-վաճառքի սարքած թղթերով» սեփականաշնորհել է գյուղի մեքենատրակտորային պարկը, որը զբաղեցնում է 3500 քմ հողատարածք, վարչական շենքը կամ հին մանկապարտեզը եւ մոտ 40 միավոր գյուղտեխնիկան: Գյուղապետի դժգոհությամբ, այս ամենն անհիմն կերպով անցել է «Նարեկ» գյուղացիական կոլեկտիվ տնտեսությանը եւ տնօրինվում է դրա իրավահաջորդ «Նարեկ Բենիամին» ՍՊԸ-ի կողմից, որի սեփականության իրավունքը համայնքի գույքի նկատմամբ գրանցված չի եղել մինչեւ 2009 թ.-ը: Այն, ըստ գյուղապետի, գրանցվել է քննչական մարմիններին 2009թ.-ին հասցեագրված իր բողոքից հետո, մինչ գործը կքննվեր, այդ ընթացքում վերջիններս հաջողացրել են սեփականության վկայական ձեռք բերել, ընդ որում հետին ամսաթվով՝ 1999 թվականով: Սամվել Մկրտչյանի ասելով, պարկի ու վարչական շենքի սեփականաշնորհումն անօրինական է, քանի որ, ըստ Բենիամինի սեփականաշնորհման հանձնաժողովի 1991թ. նոյեմբերի 20-ի արձանագրության, որոշվել է դրանք չսեփականաշնորհել: «Մենք մի անգամ դիմել ենք դատախազություն, սակայն հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել է: Դրանից հետո նորից հավաքել ենք նյութեր եւ տվել ենք վարչական դատարան: Շարժական ու անշարժ գույքը պատկանում է  գյուղապետարանին եւ պիտի վերադարձնեն մեզ: Այդ տարածքները, շենքեր-շինությունները չեն օգտագործվում, քանդվում-փչանում են: Էսօր գյուղն էլ էն վիճակում է, որ տեխնիկայի կարիք կա, թող պարկը վերդարձնեն գյուղացիներին», -պահանջում է գյուղապետը: ՀՀԿ-ական գյուղապետի խոսքերով էլ, դատարանն արդեն մի անգամ անտեսել է իրենց ներկայացրած փաստաթղթերը ու հիմք ընդունել ՀՀՇ-ականի ներկայացրած կեղծ փաստաթղթերը: Հանրապետական գյուղապետի դժգոհությամբ, ՀՀՇ-ական գյուղապետը որ կառույց մտնում է՝ հարցերն անմիջապես լուծում է: Այժմ Բենիամինի գյուղապետը դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ իր նախորդին պատասխանատվության ենթարկելու համար: 1994-2008 թ.-ին գյուղապետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Գրիգորյանն էլ այս ամենը որակում է ոչ այլ ինչ, քան կռիվ սեփականության վերաբաշխման համար: Նախկին գյուղապետի խոսքերով՝ «բողոքելն ու դատախազություններին գործ տալը Սամվել Մկրտչյանի պապից ժառանգած մասնագիտությունն է», ըստ նրա՝ «դեռեւս գյուղապետ չեղած ժամանակ էլ վերջինս իր հոր հետ պայքարում էր պարկին տեր դառնալու համար»: «Նրանք, հատկապես հայրը, տարիներ շարունակ բոլոր հնարավոր ու անհնար տեղերը դիմումներ են ներկայացրել, բոլոր տեսակի քաղաքական պայքարի օրերին, բոլոր փոխված, նոր նշանակված մարզպետներին ու կառավարության ղեկավարներին: Տուփերով պատճենահանած փաթեթ ունեն, որոնք ժամանակին էնքան են տրամադրել, որ բոլորը եկել են վերջնական հետեւության, որ ամեն ինչ կատարվել է տվյալ պահի գործող օրենքի շրջանակներում եւ դա բողոքավորների ցանկությունն է՝ մեկ ուրիշի ձեռքից սեփականությունը խլելու: Համայնքի գործող ղեկավարը որ ասում է, թե պարկը չի ծառայում համայնքի շահերին, ամբողջ հանրապետության 930 համայնքների բոլոր պարկերը սեփականաշնորհվել են, եւ հիմա դրանցից ոչ մեկը չկա, էդ մի պարկը մեր ջանքերի շնորհիվ է պահպանվել որպես կառույց, շինություն»,- ասում է նախկին գյուղապետը՝ նորին խորհուրդ տալով մտածել անմշակ թողնված համայնքային հողերի մասին: Նա պնդում է, որ վերջին 2 տարում գործող գյուղապետն է օգտագործել համայնքի հողերը՝ ոչ մի լումա չվճարելով բյուջե: Նախկին գյուղապետը պատրաստվում է դատի տալ ներկայիս գյուղապետին՝ իրեն զրպարտելու համար: «Եթե ինձ կողոպտիչ է անվանում, թող բարի լինի ցույց տալ իմ կողոպտածներից մի ասեղ: Թող փաստ ներկայացնի, որ կառավարության կողմից 1990-ականների սկզբներին վաճառքի հանած մեքենայատրակտորական պարկի մեխանիզմները ես եմ գնել՝ մյուսներին զրկելով գնելու իրավունքից: Եվ ի՞նչ է նշանակում սեփականաշնորհման կեղծ վկայական ձեռք բերել, եթե ես գնամ կադաստր ու ասեմ՝ գործող գյուղապետին գրանցեք որպես չորքոտանի, նման բան կանե՞ն»,- զայրանում է նախկին գյուղապետը: Ըստ նրա, եթե բավարար ապացույցներ լինեին, որ ինքը կեղծիք է թույլ տվել, ապա իրեն վաղուց պատժած կլինեին. մարզի դատախազությունում մանրակրկիտ ուսումնասիրել են գործը ու ստորագրությունները փորձաքննությունների ենթարկել: «Բոլոր ատյաններն անցավ, ոչ մի բանի չհասավ, հիմա էլ փորձում է լրատվամիջոցներով իր «կլյաուզաներին» հասարակական հնչեղություն հաղորդե՞լ»,- ասում է 14 տարվա գյուղապետը, որը 2008 թվականին հիվանդության պատճառով չի առաջադրել իր թեկնածությունն ու շատ է փոշմանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել