«Կուրծք ծեծելով» էլ գերշահույթնե՞ր են ստացել
Բանկերին պետք է հիշեցնել, թե գյուղացու հաշվին ինչքան են հարստացել; Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների վարկավորման աջակցման պետական ծրագրին՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա զարմացած է բանկերի խարդախություններից. «Այդպես էլ չեմ հասկանում, թե Համաշխարհային բանկի ու IFAD-ի գումարները ինչ ճարպկությամբ բանկերը յուրացրին: Բարեհոգի միջազգային կազմակերպությունների տրամադրած ցածր՝ տարեկան 0,25-0,75% վարկերը բանկերում շրջանառել են եւ, կուրծք ծեծելով, բարձր տոկոսադրույքներով տրամադրել: Գյուղացու անվան տակ գերշահույթներ ստացան ու այստեղ-այնտեղ էլ նստելով՝ հայտարարեցին, թե գյուղացու համար են աշխատում: Ժամանակն է եկել, որ այդ բանկերը պատասխանեն, թե ինչ են արել այդ գումարները»: Պարոն Բերբերյանը խուսափեց նշել բանկերի անունները, միայն ասաց, որ բանկերն ամեն ինչ անում են՝ իրենց ռիսկայնությունը նվազագույնի հասցնելու համար. «Դրա համար էլ զարմանալի չէ, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի ընթացքում ամբողջ աշխարհում նույնիսկ հզոր բանկերն ունեցան դժվարություններ ու կորուստներ, բայց Հայաստանի ոչ մի բանկ դժվարություն չունի»: Հիշեցնենք, որ գյուղացիական տնտեսությունների վարկավորման աջակցության պետական ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է: Ծրագրի շրջանակներում էլ 7,5 միլիարդ դրամ վարկ է տրամադրվել գյուղացիական 12 հազար տնտեսությունների: Մեկ վարկի միջին չափը 625 հազար դրամ էր: Մինչ Կենտրոնական բանկն ու կառավարությունը բանակցում են վարկային ծրագրի երկրորդ փուլը սկսելու վերաբերյալ՝ նախատեսելով հաջորդ փուլը սկսել սեպտեմբերից, Ագրարագյուղացիական միավորման նախագահը խորհուրդ է տալիս չսկսել: Նրա կարծիքով՝ անիմաստ է. «Գյուղատնտեսությունից հեռու մարդ պետք է լինել՝ ասելու համար, թե 2-րդ փուլ է սկսվում: 2-րդ փուլը գյուղատնտեսության հետ կապ կունենա միայն աշնանացանի հետ կապված, որը վարկային մեծ ռեսուրսներ չի պահանջում: Եվ վերջապես՝ առաջին փուլից խեղճ գյուղացին ի՞նչ շահեց, որ 2-րդից ինչ տեսնի: Այնպես որ, վարկային ծրագրի հաջորդ փուլի մասին անիմաստ է խոսել»:
Թե որքանով էին արդյունավետ գյուղատնտեսական այս վարկերը, Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետ Յուրա Ազատյանի մեկնաբանմամբ. «Մեր մարզում վարկ վերցնելու անհրաժեշտություն չի եղել: Հայտնի է, որ վարկերը վերցնելիս գյուղացիներն անիմաստ քաշքշուկի մեջ էին ընկնում: Վարկ տրամադրելու համար գյուղացուց պահանջում էին տուն, թանկարժեք հողամաս՝ քաղաքին մոտ, ոսկեղեն, որը գյուղացին չուներ: Եթե երկրորդ փուլ են սկսում եւ ցանկանում են գյուղացուն իսկապես օգնել, թող տրամադրեն առանց գույքի գրավադրման, ցածր տոկոսներով: Եթե պահանջված թանկարժեք գույքը գյուղացին ունենար, գուցե եւ վարկ վերցնելու կարիքն էլ չունենար: Անիմաստ քաշքշուկ են ստեղծում, դրա համար էլ գյուղացիների մեծամասնությունը հրաժարվում է օգտվել վարկային ծրագրից»:
Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանն էլ կարծում է, որ տարեկան 14%-ով տրամադրվող վարկերը գյուղացուն ձեռնտու են. «Գյուղացին 30%-ով վերցնում, ասում է՝ բարձր է, 24%-ով վերցնում է, էլի բարձր է: Բա 14% վարկը բա՞րձր է, էս խեղճ կառավարությունն էլ 4% դոտացիա տվեց էդ 14%-ի մեջ: Հետաքրքիր ժողովուրդ են, որ անտոկոս էլ վարկ տան, էլի կբողոքեն: Մեր մարզում չեն դժգոհում, ոչ մի քաշքշուկ էլ չի եղել»: Հակառակ պարոն Վիրաբյանի՝ «ամեն ինչ լավ է» պնդումներին, մարզի բնակիչ Համլետ Մաղաքյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ վարկերից իր համագյուղացիներից շատերը կտրականապես հրաժարվեցին. «Էդ օգնություն չէր, մի բան էլ վնասում էր. բարձր տոկոսներով տալիս են, հետո էլ սրան-նրան խնդրում ենք՝ ավելի բարձր տոկոսներով վարկ վերցնում, որ պետությանը տանք: Արդյունքում պարտքեր է, որ կուտակում ենք»: Գյուղացիներին չի ուրախացնում վարկային ծրագրի 2-րդ փուլը: «Առաջինից ի՞նչ խեր տեսանք, որ 2-րդն են սկսում: Իրանք իրանց խաբում են, թե գյուղացու համար են անում, ոչ մի բան էլ մեզ համար չեն անում: Մի խումբ մարդիկ շահույթներ են ստանում, խեղճ գյուղացուն էլ մի թուլաբաժին են տալիս: Թող մեզ չվնասեն, իրենց օգնությունը իրենց մնա»,- ասում էր Հարություն Ենոքյանը: