Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԴԱՄԸ ՄԵ՞ՐՆ Է, ԹԵ՞ ՄԵՐԸ ՉԷ

Հունիս 16,2011 00:00

\"\"Մաքսայինը այս հարցի շուրջ երկար ժամանակ է՝ գլուխ է կոտրում, բայց այդպես էլ չի կարողանում քաղաքացուն կոնկրետ պատասխան տալ:

«Աղդամը մեր հայրենիքը չէ»: Տարիներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը մեր հասարակության տարբեր շրջաններում տարբեր կերպ ընկալվեց. ոմանք բացարձակ չէին համաձայնվում այդ մտքի հետ, ոմանք էլ՝ հակառակը: Իսկ ահա Արման Պետրոսյանը ՀՀ նախագահի այս հայտարարությունն ընդունել է անվերապահորեն, բայց, ինչպես պարզվում է, մեր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այդպես էլ չեն կողմնորոշվում՝ «Աղդամը մեր հայրենի՞քն է, թե՞ ոչ»:
Արման Պետրոսյանն այս տարվա փետրվար ամսին իր մեքենայով, որը գրանցված է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, եկել է Հայաստան: Մաքսային օրենսգրքով՝ այլ երկրներում հաշվառված եւ գրանցված ավտոմեքենաների՝ Հայաստան ժամանակավոր ներմուծման ժամկետը 15 օր է: Արմանը շատ լավ գիտեր, որ մեր երկրում իր մեքենան ընդամենը 15 օր պետք է մնա: Բայց քանի որ կինը հղի էր եւ ծննդաբերելու օրերը մոտ էին, մինչ 15 օրը լրանալը, Արմանը դիմել է Մաքսային կոմիտե, որպեսզի ժամանակավոր ներմուծման ժամկետը մի փոքր էլ երկարացնեն: Սակայն ՊԵԿ-ը մերժել է եւ հորդորել մեքենան երկրից դուրս հանել, հակառակ դեպքում՝ կտուգանեն: Ա. Պետրոսյանն էլ տուգանքից խուսափելու համար մեքենան տարել է Աղդամ. «Քանի որ Աղդամը մեր հայրենիքը չէ, ես էլ մեքենաս հենց այդ քաղաք տարա: Այսինքն, երկրից՝ Հայաստանից դուրս արտահանեցի: Բայց ճանապարհին ոչ մի մաքսակետի չեմ հանդիպել, որպեսզի փաստաթուղթ տրամադրեին, որ ես Հայաստանից դուրս եմ գալիս»: Ինչպես որ սահմանված է, այդ փաստաթուղթն անհրաժեշտ է, որպեսզի որպես ապացույց Մաքսային կոմիտեին ներկայացվի, որ մեքենան իսկապես դուրս է բերվել Հայաստանից: Ճիշտ է, փաստաթուղթ չի ներկայացվել Մաքսային կոմիտե, սակայն Արմանը գրել է ՊԵԿ-ին, որ իր մեքենան այլեւս Հայաստանում չէ: Չնայած դրան, ՊԵԿ-ը որոշել է, որ Արման Պետրոսյանը խախտել է մաքսային կանոնները, եւ նրան տուգանք է նշանակել՝ 18.270 դրամ: Տուգանքն էլ բռնագանձելու համար մաքսայինը դիմել է դատարան: Ուշագրավն այն է, որ երբ հարցը քաղաքացիների տուգանելուն է վերաբերում, ապա մաքսայինն անմիջապես գործի է անցնում, եւ այնքան շուտափույթ են աշխատում, որ քաղաքացիներին ուղարկվող իրենց որոշման վերաբերյալ ծանուցագրի վրա զլանում են մի փոքր աշխատել, որպեսզի գոնե ընթեռնելի լինի: Բագրատաշենի մաքսային կետի պետի ստորագրությամբ ծանուցագիրն ու արձանագրությունը, որն ուղարկվել է Արման Պետրոսյանին, անգամ մեծ ջանքեր թափելուց հետո էլ անհնար է ընթերցել եւ հասկանալ: Նախ, այդ փաստաթուղթն առանց պաշտոնական կնիքի է, իսկ ծանուցագրի ամբողջ տեքստից կարելի է հատուկենտ բառեր հասկանալ: Ըստ երեւույթին, մաքսայինի տպիչի թանաքը վերջացել էր, այդ պատճառով էլ տեքստի բառերի կեսից ավելին չէր տպվել: Իսկ արձանագրության տեքստի նախադասություններն էլ, բառի ուղիղ իմաստով, «մեկը մյուսի վրա էին ելել»: Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցներն այն աստիճան փնթի են աշխատել, որ Արման Պետրոսյանի մեքենայի արտադրման տարեթիվն ու նույնականացման համարը սխալ են գրել: Իսկ դա նշանակում է, որ ըստ արտադրման տարեթվի՝ մեքենայի գինն էլ փոփոխվում է, հետեւաբար տուգանքի չափն էլ սխալ է հաշվարկված: Ա. Պետրոսյանը այդ փաստաթղթից մի կերպ հասկանում է, որ իրեն դատի են տվել: Սակայն քանի որ իր «տուգանվող» մեքենան, այնուամենայնիվ, մաքսայինի նշած ժամկետի սահմաններում է դուրս բերվել Հայաստանից, Արման Պետրոսյանը դիմել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ պարզելու, թե արդյոք Աղդամը ՀՀ մաքսային սահմանների մե՞ջ է գտնվում: ՊԵԿ նախագահն այդպես էլ չի կողմնորոշվել՝ Աղդամը մե՞րն է, թե՞ մերը չէ: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Արման Պետրոսյանին գրավոր հորդորել է Աղդամի՝ մերը լինելու-չլինելու հարցը տալ դատավորին: Ճիշտ է, առայժմ դատական նիստ չի եղել, որպեսզի դատավորի դիրքորոշումն էլ իմանանք, սակայն Արման Պետրոսյանը նույն հարցն ուղղել է նաեւ ՀՀ վարչապետին, սակայն պատասխան չի ստացել:
Եթե հետեւենք ՀՀ նախագահի հայտարարության տրամաբանությանը՝ եթե Աղդամը մեր հայրենիքը չէ, ապա Արման Պետրոսյանն իսկապես իր մեքենան ՀՀ սահմաններից արտահանել է, հետեւաբար մաքսային կանոնների խախտում չի արել: ՀՀ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 10-րդ հոդվածն ասում է. «Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի՝ բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել»: Այսինքն՝ որպեսզի Ա. Պետրոսյանին ՊԵԿ-ը տուգանի, նախ պետք է պաշտոնապես հաստատի, որ Աղդամը մերն է եւ ՀՀ մաքսային սահմաններում է գտնվում:
Մինչ ՊԵԿ-ը «քցի-բռնի» ու հասկանա՝ Աղդամն ումն է, Արման Պետրոսյանն էլ դիմել է դատարան, որպեսզի ՊԵԿ-ի կողմից ներկայացված տուգանքն առգրավելու որոշումն առոչինչ ճանաչվի: Դատական նիստի օրը դեռեւս չի նշանակվել, սակայն ստացվում է՝ դատավորի որոշումից պարզ կլինի՝ եթե Աղդամը մեր հայրենիքը չէ, ապա Արմանն էլ չի տուգանվի, եթե, այնուամենայնիվ, Աղդամը ՀՀ մաքսային սահմաններում է, ապա ինչպես Արմանն է ասում՝ մեծ հաճույքով կվճարի սահմանված տուգանքի չափը, դեռ մի բան էլ ավելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել