Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՑՔ ՀԵՌՎԻՑ

Հունիս 16,2011 00:00

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման փորձերն այլեւս ապարդյո՞ւն են: ICFJ կազմակերպության ծրագրով ԱՄՆ-ում
գտնվելու ընթացքում «Առավոտի» հարցերին էին պատասխանում Վաշինգթոնի նահանգում բնակվող մեր հայ եւ թուրք զրուցակիցները:

Հանդիպում առաջին
\"\"«Եթե Թուրքիան մայրս կոչեմ, իսկ Հայաստանը՝ հայրս, կամ ընդհակառակը՝ պետք է ասեմ, որ ես դժբախտ երեխա եմ, քանի որ մայրս եւ հայրս միշտ կկռվին»,- դժգոհում է Կարապետ-Վարուժան Հուսիկյանը, որը Սիեթլի արվարձանային քաղաքներից մեկի՝ Քրքլանդի կենտրոնում «Olive you» ռեստորանի գլխավոր խոհարարն է: Նա մինչեւ մեկ տարի առաջ Ամերիկա տեղափոխվելն ապրել է Թուրքիայում եւ Մեծ եղեռնի ականատեսների ժառանգ է. «Ցեղասպանության մասին երիտասարդության տարիներս էր, որ մեծ մորիցս լսեցի: Մեծ մայրս 1900 թվի ծնունդ էր՝ Շենգիլիր գյուղից: Եվ 1915 թվականին լուր եկավ նրանց, որ իրենց պետք է աքսորեն: Նրանց կացությունը այդ ատեն շատ լավ էր՝ մետաքսի գործարան ունեին: 14 տարեկան երիտասարդ աղջիկ ինչքա՞ն կարող է ստել: Այնպիսի՜ բաներ է տեսել, որ… իր աչքի առջեւ ընտանիքը սպանել են: Բայց, ցեղասպանություն… կրնա ըլլալ, որ կառավարական զինվորների ձեռքով եղած լինի, կամ գուցե քրդերն էին, կամ էլ գուցե ուրիշները»:
Կարապետի գործատուն՝ «Olive you» ռեստորանի տերը, թուրք է: Մեր հարցին, թե համատեղ աշխատանքի ընթացքում երբեւէ անդրադառնո՞ւմ են Ցեղասպանությանը, թե՞ աշխատում են շրջանցել, չխոսել՝ Կարապետը պատասխանում է. «Չէ, ես վախ չունեմ՝ խոսում եմ: Բայց իմ ցանկությունները քաղաքական չեն: Ուզում եմ, որ ճշմարտությունը մեջտեղ դուրս գա: Այսինքն՝ այս ամենի մասին փողոցի մեջ չխոսվի, այլ գիտնականների, պատմաբանների միջոցով հարցը մեջտեղ բերվի»: Հարցնում եմ՝ այսինքն, դեռ կասկածնե՞ր կան, որ պետք է պատմաբանները կամ գիտնականները պարզեն՝ պատասխանում է. «Պարզելիք բան մը չկա: Ես պարզելու բան չունեմ՝ մեծ մայրս պարզել է արդեն: Նորեն ասում եմ՝ 14 տարեկան երեխան կրնա՞ ստել»: Բա էլ ի՞նչ են պարզելու գիտնականները՝ փորձում եմ ի վերջո գլուխ հանել այս հակասական պատասխաններից. «Պիտի պարզեն, թե ինչպե՞ս պիտի այս հարցը վերջացնեն: Թող այդ մասին խոսեն»: Սա արդյոք քաղաքական գործիչների՞ պարզելիք հարցը չէ, եւ նրանք այդ փորձն արեցին՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման միջոցով: «Ամենամեծ վերքն Ադրբեջանն էր, որը ոչ մի կերպ չէր ցանկանում, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները լավանան,- ասում է մեր զրուցակիցը:- Հայերի եւ թուրքերի մեջ էլ մի մաս կա, որ չի ուզում այս խնդիրը լուծվի, քանի որ նրանք դրանից շահ են ստանում: Չեմ կարծում, թե այս հարցն այսօր կլուծվի»: Ի՞նչն է իրենց շահը՝ հարցնում եմ, չե՞ք կարծում, որ նրանք առավել կողմնակից են, որ Թուրքիան պիտի ընդունի Ցեղասպանության իրողությունը, առերեսվի իր պատմության հետ: Ի պատասխան՝ Կարապետը հիշեցնում է, որ Թուրքիայի մեջ արդեն իսկ սկիզբ առած է շարժում, որի մասնակիցները ներողություն են խնդրում: Այո, իրոք՝ 2008 թվականի վերջին մի խումբ մտավորականներ Թուրքիայում նախաձեռնեցին «Ներողություն ենք խնդրում» միջոցառումը, որը սահմանում էր. «Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ Մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին: Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի եւ եղբայրների զգացմունքներն ու ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»: Այս միջոցառումը վերածվեց նաեւ ինտերնետային ստորագրահավաքի, որին կարճ ժամանակում միացան շուրջ 30 հազար մարդիկ:
Հանդիպում երկրորդ
\"\"Հետաքրքիր էր նաեւ «Olive you»-ի սեփականատեր Թիմուր Լենոյի տեսակետը, թե արդյոք երբեւէ հաջողությամբ կպսակվե՞ն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման փորձերը. «Ես դրան այլ մոտեցում ունեմ: Ես սա դիտարկում եմ իբրեւ մտածողության խնդիր: Ես իսկապես հուսով եմ, թե մի օր բոլորը կհասկանան, որ մենք նույն մարդիկ են, մեր մշակույթները երկվորյակ են՝ միախառնված»:
Նա արդեն 1987-ից չի ապրում Թուրքիայում, բայց հաճախ է լինում իր հայրենիքում եւ հուսով է, որ այնտեղ մի նոր ազգ է ձեւավորվում, եւ ավելի հանդուրժողական վերաբերմունք է ազգային փոքրամասնությունների հանդեպ. «Մեր կրթական համակարգն այժմ միտված է խաղաղությանը: Մենք բոլորս՝ հույներ, թուրքեր, հայեր, հրեաներ, միասին ենք ապրելու: Եվ հուսով եմ, որ մենք դա կտեսնենք, եւ առկա խնդիրները կվերանան ժամանակի ընթացքում»:
Ես ասում եմ, որ նա խնդիր չունի աշխատելու հայի հետ, բայց պատմում եմ Սիեթլում լսածս մեկ այլ դեպքի մասին՝ Սոնա անունով մի հայ կնոջ, որը թուրք գործընկերուհի ուներ, միասին կերակուր էին պատրաստում ճաշկերույթների համար: Սակայն հենց թրքուհու հարազատները տեղեկացել են, որ հայի հետ է աշխատում՝ ստիպել են հրաժարվել այդ համագործակցությունից: Այս պատմության մասին հիշատակմանն ի պատասխան՝ Թիմուրն ասում է, թե գիտե նման կանխակալ դիրքորոշման մասին. «Ես ցավում եմ, որ կան մարդիկ, որոնք բացառում են մարդկանց հետ շփումը՝ ըստ նրանց ազգային պատկանելության: Բայց ես մարդկանց չեմ ուզում դատել միայն իրենց ազգային պատկանելության հիման վրա: Սա Ամերիկան է, այլ ոչ Թուրքիան կամ Օսմանյան կայսրությունը: Բոլոր ազգային փոքրամասնություններն այստեղ ապրում են միասին, եւ որպես գործարար՝ ես աշխատում եմ տարբեր էթնիկ խմբերի հետ՝ ե՛ւ ռումինների, ե՛ւ բուլղարների, ե՛ւ ռուսների: Մարդիկ գալիս են ու գնում: Նրանք ուզում են երջանիկ անցկացնել իրենց օրերը՝ ցանկանում են ունենալ տանիք իրենց գլխավերեւում: Նրանք քայլում են միասին, խոսում երջանկությունից, նվիրվածությունից, գիտական զարգացումներից: Ես էլ գիտեմ, որ մեր անցյալում շատ ցավ կա: Բայց ես հավատում եմ ներկայում ապրելուն՝ ոչ անցյալում: Եվ սա իմ անձնական մոտեցումն է: Ես բաց եմ բոլորի՝ մարդկային բոլոր էակների առջեւ, ես հավատում եմ մարդկությանը: Եվ դրա համար էլ իմ ռեստորանի անունը հնչեղությամբ նման է սիրո խոստովանության»:
Համադրենք՝ Թուրքիայի քաղաքական, տնտեսական եւ հասարակական հետազոտությունների (SETA) հիմնադրամի իրականացրած հասարակական կարծիքի հարցմամբ պարզ է դարձել, որ Թուրքիայի բնակչության 73,9%-ը բացասաբար է տրամադրված հայերի նկատմամբ։ Հարցմանը մասնակցել է 3040 մարդ, անցկացվել է Թուրքիայի 12 նահանգներում։ Հայերի եւ հրեաների նկատմամբ անբարյացակամ կարծիք են հայտնել հիմնականում բարձրագույն կրթություն չստացած ու սոցիալ-տնտեսական ցածր մակարդակում գտնվող հարցվածները:
Հանդիպում երրորդ
\"\"Սիեթլից ավելի հեռու բնակվող 47-ամյա Արտակ Քալանթարյանը, որն էլի երկու տասնամյակ է, ինչ բնակվում է Ամերիկայում՝ աշխատել է «Microsoft»-ում: Նա հետեւում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերին: Հարցին՝ իր կարծիքով՝ ձախողման պատասխանատվությունն ավելի շատ ո՞ւմ ուսերին է, պատասխանում է. «Ինձ թվում է, երկու կողմերն էլ ավելի շատ քաղաքական տեսանկյունից էին նայում հարցին  ու փորձում էին օգտագործել իրենց քաղաքական շահերի համար: Իմ տպավորությունն այն է, որ երկու կողմն էլ ինչ-որ ուրիշ նպատակներով էին գնում այդ ուղղությամբ, ամեն մեկը վախենում էր իր ժողովրդից, թե ինչ կասեն»: Հարցին, թե՝ հայ-թուրքական արձանագրություններն իր կարծիքով այլեւս մեռա՞ծ են, թե՞ վերակենդանացման ինչ-որ հնարավորություն տեսանելի է՝ պատասխանում է. «Ես համոզված եմ, որ այդ գործընթացն ընթանալու է՝ առանց դրա ուղղակի հնարավոր չէ, քանի որ ես դա տեսնում եմ իբրեւ ներքեւից ծագած խնդիր: Երբ վերեւներում իրար հետ վիճում են՝ ներքեւներում հաճախ միասին հաց են ուտում կամ միմյանց հետ առեւտուր են անում: Բայց ես վստահ չեմ, թե այդ ձեւով, որով սկսել են՝ հաջողության կհասնեն»: Ի՞նչ անհրաժեշտ պայմաններ է տեսնում, ո՞ր ձեւը կարող է ավելի արդյունավետ լինել՝ հարցերին այսպես է արձագանքում. «Երեւի մի քիչ ավելի անկեղծություն է պետք երկու կողմից էլ: Եվ մի քիչ ավելի շատ բացատրական աշխատանք պետք է տանեն իրենց ժողովուրդների հետ, քանի որ մարդիկ երբեմն շատ զգայական են վերաբերվում, երբ պետք է ամեն ինչ ավելի հանգիստ քննարկել ու փորձել հասկանալ: Հասկանում եմ՝ շատ բաներ են կատարվել, շատ դառը հիշողություններ կան: Բայց երբեմն պետք է փորձես հասկանալ, թե մեր շահը որն է: Իսկ մեր շահն այն է, որ բարեկամներ լինենք ու ամենակարեւորը՝ փորձենք մարդավարի ապրել իրար հետ»:
Հանդիպում չորրորդ
\"\"Սիեթլում Թուրքիայի պատվավոր հյուպատոս Ջոն Ուֆուկ Գյոկչեն, որն արդեն գրեթե 15 տարի է, ինչ ապրում է Ամերիկայում՝ ունեցել է հայ որոշ դասընկերներ Ստամբուլի Տեխնիկական համալսարանում: Ասում է, որ նրանցից ոմանք ապրում են Մոնրեալում եւ հաճախ այցելում են իրար. «Մենք շատ մտերիմ ենք՝ քույրերի կամ եղբայրների պես»: Եվ պատմում է, թե իր որդին, որը Բոստոնի համալսարանի միջազգային ուսանողական խորհրդի նախագահն է եւ թուրքական ուսանողների միության նախագահը, տպավորված լինելով իրենց ընկերությունից՝ «համագործակցություն է սկսել հայկական ուսանողական կազմակերպությունների հետ: Նրանք փորձում են համատեղ համերգ կազմակերպել՝ հայ եւ թուրք երգիչների մասնակցությամբ: Այսպիսով, մեր հաջորդ սերունդը շարունակում է այնտեղից, որտեղ մենք կանգ ենք առել»:
Իսկ ո՞րն է մեր սերունդների միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը՝ հարցին պատասխանում է. «Երկու կողմից էլ շատ են նախապաշարմունքները՝ ավելի հեշտ են շփումներն այն մարդկանց միջեւ, որոնք ծնվել ու մեծացել են այստեղ»: Արձագանքում եմ, թե դա այդպես է, քանի որ ԱՄՆ-ում գտնվողները մեծ մասամբ հեռանում են իրենց արմատներից՝ նրանց ընտանիքներում այլեւս չեն խոսում հայերեն կամ թուրքերեն, միայն անգլերեն:
Հարցին ի պատասխան՝ կարգավորման այս ձախողումից հետո արդյոք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լինելո՞ւ են նույն բնույթի եւս 95 տարի՝ հիշատակում է արտերկրից ընդդիմացողների մասին. «Սա շատ կարեւոր է: Այս երկու հարեւան երկրներն ավելի են տուժում հարաբերությունների չկարգավորվածությունից, քան Սփյուռքը: Եթե դուք ապրում եք պատմությամբ՝ դուք երբեք չեք հասնի հաշտության: Բայց ցավոք՝ կան այդպիսի մարդիկ թուրքական ու հայկական կողմում, եւ մեծամասնությամբ՝ նրանք սփյուռքից են. նրանք դեռ ապրում են հին պատմություններով: Ես չեմ ուզում էներգիա վատնել նման հարցերի վրա՝ ես ուզում եմ ներդնել ապագայի, ոչ անցյալի համար»: Եվ իմ դիտարկմանը, թե փաստորեն մերժո՞ւմ է, որ պատմությունից կարելի է դասեր առնել՝ պատասխանում է հենց այն, ինչ ուզում էի լսել. «Ոչ, իհարկե: Եթե պատմությունից դասեր չքաղես՝ պատմությունը կարող է կրկնվել»:

Հ. Գ. Վաղվա համարում ներկայացնելու ենք նույն հարցերի վերաբերյալ Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակների տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել