Ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը lragir.am-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին «Ռեգնումի» կայքում եղած տեղեկատվությունները: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկություն տարածեց Քոչարյանի եւ Պուտինի ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման մասին, «Ռեգնումը» հրապարակեց՝ հղում անելով ՌԴ կառավարության աշխատակազմի աղբյուրին, որ այդպիսի հանդիպում չի եղել: Հետո, սակայն, հաստատեց հանդիպման փաստը: Կոլերովը պարզաբանել է դրա պատճառը. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին տեղեկատվության REGNUM-ին փոխանցած հերքումը հաղորդեց ինձ անձամբ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պեսկովը: Իսկ ես Քոչարյանի ներկայացուցիչների տեղը չէի ընկնի հիշողությունների գիրկը եւ կտայի ինձ դժվարին մի հարց՝ ինչո՞ւ Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը որոշեց հերքել հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչո՞ւ նա չցանկացավ ցույց տալ Պուտինի համերաշխությունը Քոչարյանի հետ: Եվ ինչո՞ւ նոր լուրը հանդիպման մասին կամ մեկ այլ հանդիպման մասին տեղեկատվությունը ի հայտ եկավ միայն հայկական կողմի գործադրած հատուկ ջանքերից հետո»: