Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Հունիս 16,2011 00:00

Երեկ լրագրողական 3 կազմակերպությունների ղեկավարներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից 2010 թվականին ձեւավորվեց Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ (ԱԽ): Խմբի նպատակն էր վերամշակել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը՝ հաշվի առնելով բազմաթիվ քննադատական գնահատականները: Աշխատանքային խումբը 2011 թվականի փետրվարին հիմք ընդունեց օրենքի նախագծի մեր՝ մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված տարբերակը՝ այն կատարելագործելու միտումով: 2011թ. մայիսի 31-ին ԱԽ անդամների հարակից դիտողություն-առաջարկներով, ինչպես նաեւ նախնական տարբերակի վերաբերյալ միջազգային փորձագետների եզրակացություններով, նախագիծը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով: Դա նաեւ նշանակում է ոլորտի հրատապ խնդիրների լուծման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի գործունեության դադարեցում: Մենք՝ խմբի անդամ ԶԼՄ ոլորտի հասարակական կազմակերպությունները, մեր մտահոգությունն ենք հայտնել օրինագծի ներկա խմբագրության վերաբերյալ՝ այն առայժմ համարելով անկատար, իսկ աշխատանքների ավարտը՝ վաղաժամ: Նախագծում կան խորը քննարկման ենթակա մի շարք կարեւոր հարցեր, որոնք անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել: Ամբողջովին ու մանրամասնորեն հաշվի չեն առնվել մասնագետների առաջարկությունները, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի փորձագետների դիտողությունները: Այս իրավիճակը կասկածի տակ է դնում աշխատանքների սկզբնական եւ առանցքային նպատակը՝ նպաստել, որ ՀՀ Ազգային ժողովը որակյալ օրենք ընդունի: Հայտնում ենք, որ մենք՝ որպես նախագծի սկզբնական տարբերակի համահեղինակներ, շարունակում ենք օրենքի լրամշակման աշխատանքները՝ նպատակ ունենալով այն հետագայում առանձին փաթեթով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ խնդրում ենք ԱԺ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովին՝ հետաձգել նախագծի հնարավոր քննարկումները»:
Հայտարարությունը ստորագրել են Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ ղեկավար Նունե Սարգսյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Արզուման Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել