Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայելյանը դեմ է հող հանձնելուն

Հունիս 16,2011 00:00

Նա կարծիք է հայտնել, որ Կազանում փաստաթուղթ չի ստորագրվի

Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր ու նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը երեկ իր ասուլիսում ասել է, թե՝ չի կարծում, որ Կազանում հունիսի 25-ին տեղի ունենալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման ընթացքում ինչ-որ բան կստորագրվի, քանի որ կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, նա համոզմունք է հայտնել, որ եթե անգամ Կազանում «ներքին կարգով ինչ-որ հարց լուծվի, դա հասարակությունից գաղտնի կպահվի»: Ինչ վերաբերում է կարգավորման շրջանակներում ազատագրված տարածքների վերադարձին, ապա Միքայելյանը հիշեցրել է, որ ինքը ղարաբաղյան պատերազմի տարիներին մասնակցել է գրեթե բոլոր մարտերին եւ անգամ մեկ թիզ հող տալուն դեմ է. «Ազատագրված տարածքները նույնիսկ եթե հանձնեն, այսօր Ղարաբաղին կարգավիճակ չեն տալու: Եթե այս տարբերակով մենք գնանք, հետո հանրաքվե կայանա Ղարաբաղում, մենք կհայտնվենք Նախիջեւանի կարգավիճակում, կկորցնենք նաեւ Ղարաբաղը: Ես, բնականաբար, դեմ եմ հող հանձնելուն, որովհետեւ ես իմ ձեռով 500 եղբայր եմ թաղել… իրենք այս ձեւի Հայաստան չէին ուզում»:
Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում կողքին այսօր կանգնած է Միքայելյանը, կողմ է խնդրի փոխզիջումային տարբերակին, հետեւաբար՝ նաեւ տարածքների վերադարձմանը, նախկին պատգամավորն ասաց, թե իր անցած ուղին թույլ է տալիս սեփական կարծիքն ունենալ այդ հարցում եւ այն արտահայտել:
Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսությանը՝ Միքայելյանն ասել է, թե ողջունում է այդ երկխոսությունը, բայց դրանից որեւէ լավ բան չի սպասում: Նա էլ է նշել, թե սպասում են անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին՝ արդյոք նա պատրա՞ստ է պատվիրակությունների մակարդակով երկխոսել արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ. «Ինձ թվում է՝ մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի իշխանական թեւի, այսինքն՝ առաջին դեմքի տեսակետը»:
Բանախոսն անդրադարձել է նաեւ ՀՀՇ-ից բազմաթիվ մարդկանց դուրս գալու եւ նոր կուսակցություն ստեղծելու խնդրին՝ չհամաձայնելով, որ ՀՀՇ-ն պառակտվում է: Ինչ վերաբերում է Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» նորաստեղծ կուսակցությանը, ապա Միքայելյանի ասելով, ժամանակը ցույց կտա՝ «այդ կուսակցությունը ձեւավորել են նախկին ՀՀՇ-ականնե՞րը, թե՞ այն ձեւավորվել է»: Նրա դիտարկմամբ, այդ գործընթացները ոչ միայն չեն ազդի ՀԱԿ-ի վրա, այլեւ ՀԱԿ-ն ավելի կհզորանա. «Ինչքան ՀԱԿ-ը մաքրվի, այնքան ավելի լավ կլինի ՀԱԿ-ի համար»: Ի դեպ, Ս. Միքայելյանը երեկ ասել է, թե մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ մեծամասնական ընտրակարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել