Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԼՂ ՀԱՐՑԸ

Հունիս 16,2011 00:00

\"\"«Ամեն մի հակամարտություն ունիկալ է, այդ թվում՝ ԼՂ-ինը»,- լսումների ժամանակ ասել է Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մի քանի ժամ շարունակ ընթանում էին լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին:
Բրյուսելում տեղի ունեցած այս լսումների ժամանակ ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Լսումների ընթացքում, որն, ի դեպ, ուղիղ հեռարձակվում էր Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում, եղան նաեւ հարցեր ու պատասխաններ: Այդ առիթով Եվրախորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրությունում մեջբերված են նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի խոսքերը, որոնք նա ասել է Բաքու կատարած այցի ժամանակ. «Հանդիպման ընթացքում ես ընդգծել եմ Ադրբեջանի՝ միջազգային մակարդակով ճանաչված պետական սահմանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»:
Լսումների ընթացքում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախագահ Ռոբերտ Բրադկեն իր ելույթում նշել է, որ համանախագահները հասել են մի կետի, երբ կարգավորման «հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը արդար եւ հավասարակշռված է, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերն այն ընդունեն որպես հիմք խաղաղ համաձայնագրի համար»: Ամերիկացի դիվանագետը, ըստ «Մեդիամաքսի», նաեւ հայտարարել է, որ կարգավորման Հիմնարար սկզբունքների 6 հիմնական տարրերն արտացոլված են 2009-2010թթ. Լ’Ակվիլայում եւ Մուսկոկայում ընդունված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում: Միջնորդը հիշեցրել է, որ վերջերս Դովիլում արված հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կոչ էին արել կողմերին «վճռական քայլեր անել» Հիմնարար սկզբունքների ընդունման համար:
Խոսելով Կազանում սպասվող հանդիպման մասին՝ Բրադկեն նշել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի անձնական ներդրումը կարգավորման գործընթացում: Խոսելով համանախագահների աշխատանքի արդյունավետության մասին՝ ամերիկացի միջնորդն ասել է. «Ամենակարեւորն, ինչին մենք կարողացանք հասնել, նոր պատերազմ թույլ չտալն է»: Իհարկե, նա նաեւ խոստովանել է, որ «Հիմնարար սկզբունքները վերջնական կարգավորման համաձայնագիրը չեն»: Դիվանագետի դիտարկմամբ՝ «բանակցություններից դեպի համաձայնություն եւ իրագործում անցնելիս ԵՄ-ն ավելի մեծ դերակատարություն կարող է ստանձնել»:
Ամերիկացի համանախագահը իր անհամաձայնությունն է հայտնել Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների այն կարծիքին, թե ԼՂ հակամարտության կարգավորումը «ռուսների ձեռքում է»: Նրա մատուցմամբ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ «եզակի համագործակցություն» է ծավալվել. «Այո, մենք տարբեր շահեր ունենք, սակայն մենք ընդհանուր նպատակ ունենք՝ նոր պատերազմ թույլ չտալը: Այս նպատակը մեր արդյունավետ համագործակցության շարժառիթների գլխավոր աղբյուրն է: Մենք միասնական թիմ ենք եւ աշխատում ենք թափանցիկ»:
ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր ելույթում հայտարարել է՝ «եթե Հիմնարար սկզբունքները չընդունվեն մոտ ապագայում՝ մենք ստիպված կլինենք կարգավորման նոր հայեցակարգ ներկայացնել»: Ներկայացնելով միջնորդների կողմից արված առաջարկների պատմությունը՝ Ֆասիեն ասել է, որ 1990-ականների վերջին համանախագահներն առաջարկում էին ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում վերաինտեգրման տարբերակը, որը մերժվել էր Հայաստանի կողմից: Միջնորդի խոսքով, 2000-ականների սկզբներին փորձ արվեց հակամարտությունը կարգավորել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատման օրինականացման հիման վրա, բայց դա, իհարկե, տապալվեց. չընդունեց Ադրբեջանը: Ֆրանսիացի դիվանագետի ասելով, այդ փորձերից դասեր քաղած միջնորդները առաջարկեցին ոչ թե վերջնական լուծում, այլ՝ լուծել այն հարցերը, «որոնց լուծումը հնարավոր էր թվում»: Մասնավորապես, Մադրիդյան առաջարկությունների համաձայն, պետք է ազատվեն ԼՂ կից տարածքները՝ Ղարաբաղի անվտանգության ապահովման եւ իր ինքնակառավարման պայմաններում, իսկ կարգավիճակը պետք է որոշվի ապագայում՝ քվեարկության ճանապարհով: Միջնորդը նշել է, որ համանախագահներն այդ առաջարկության վրա աշխատում էին 2005-2006թթ.-երին, եւ այն «Մադրիդյան առաջարկությունների» անվանում ստացավ 2006-ի վերջում: Գործընթացը դանդաղեց 2008-ին, «քանի որ Կոսովոյի անկախության ճանաչումը Ադրբեջանի մտահոգության պատճառ դարձավ»:
Միջնորդի խոսքերով, համանախագահները հույս ունեին «բեկման» հասնել 2009-ին, եւ «հենց այդ պատճառով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներն առաջին անգամ ստանձնեցին կարգավորման Հիմնարար սկզբունքները հնչեցնելու պատասխանատվությունը»:
Բեռնար Ֆասիեն նաեւ հայտարարել է, թե «2010թ. սկզբին միայն Ադրբեջանն իր համաձայնությունը տվեց առաջարկությունների նորացված տարբերակին», ինչից հետո միջնորդները կողմերին մի քանի լրամշակված տարբերակներ առաջարկեցին: «Այդպիսով, այսօր մենք մոտեցել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման երրորդ փուլի ավարտին»,- ասել է նա: Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության տարածաշրջանային կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչեկը՝ կարծիք հայտնելով, որ «ԵՄ-ն ավելի հստակ ազդանշաններ պետք է ուղարկի ուժի գործադրման անընդունելիության եւ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ»՝ հավելելով, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը:
Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն աջակցում է կապերի հաստատմանը Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ, եւ այդ ոլորտի ծրագրերի իրականացման համար արդեն շուրջ 2 մլն եվրո է հատկացրել. «ԵՄ-ն Հարեւանության քաղաքականության միջոցով ժողովրդավարացման եւ օրենքի գերակայության գործընթացներ է առաջ տանում Հայաստանում եւ Ադրբեջանում: Մենք սկսել ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, որոնց միջոցով երկրները ավելի մոտ կլինեն ԵՄ-ին, իսկ դրանց հասարակություններն ավելի ժողովրդավարական եւ բաց կլինեն»:
Նա անդրադարձել է նաեւ հակամարտության շփման գծին դիպուկահարների խնդրին՝ ասելով, թե ԵՄ-ն կողմ է դիպուկահարների հեռացմանը: Լայչեկը ԵՄ անունից հակամարտող կողմերին կոչ է արել զերծ մնալ զորավարժությունների անցկացումից շփման գծի մոտակայքում, նաեւ հավաստիացրել է, որ խաղաղ համաձայնագրի ստորագրման դեպքում ԵՄ-ն պատրաստ է «էական միջոցներ» հատկացնել տարածաշրջանի հետհակամարտային վերականգնման համար:
Բեռնար Ֆասիեն նաեւ նշել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ողջ պետական բյուջեին, եւ այդ կապակցությամբ ողջունել է Միրոսլավ Լայչեկի հայտարարությունն այն մասին, որ «ԵՄ-ն պետք է ավելի հստակ ազդանշաններ ուղարկի ուժի գործադրման անընդունելիության եւ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ»: Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին շեշտել է, որ ԵՄ կողմից խնդրին հիմնական աջակցությունը կարող է լինել ԼՂ-ի ընդգրկումը տարածաշրջանի՝ Արեւելյան հարեւանության կամ Կովկասի առավել լայն հայեցակարգում. «Լեռնային Ղարաբաղը գտնվում է տարածաշրջանի ամենառազմավարական նշանակությունն ունեցող տարանցիկ միջանցքներից մեկի վրա, որից կարող են էականորեն շահել բոլորը։ Եվրամիությունը կարող է լինել այս գործընթացի խթանիչ ուժը»:
Հավելենք միայն, որ հիշյալ լսումներին մասնակցել է նաեւ ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել