Այսօր իշխանությունը զգո՞ւմ է ընդդիմության շունչը
Մեր երկրի ներքաղաքական կյանքում ընդդիմության պակաս, փառք Աստծո, չունենք, ընդդիմություններ շատ կան, նրանք տարբեր են եւ մեկը մյուսին չկրկնող: Կարծում եմ՝ անվիճելի է, որ ընդդիմության տարբեր թեւեր տարբեր կերպ են ընկալվում իշխանության կողմից, մեր տպավորությամբ, կարծես թե առավել գերակա դերակատարություն է վերապահված ՀԱԿ-ին, իսկ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ այլ ընդդիմադիր միավորներ մի տեսակ երկրորդ պլան են մղված: Ընդ որում, իշխանություն-ՀԱԿ հարաբերություններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ՀԱԿ առաջարկած ցուցակին եւ արտահերթի անցկացման շուրջ երկխոսություն սկսելու առաջարկին ի պաշտոնե պատասխանում են իշխող կուսակցության փոխնախագահը, մամուլի խոսնակը, ի վերջո, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, սակայն ՀԱԿ-ը որոշում է դրանք «բանի տեղ չդնել» եւ պահանջում է թիվ մեկ դեմքի պատասխանը: Սա չի՞ նշանակում, որ երկրում գործող ընդդիմություններից մեկին շատ ավելի են «երես տվել», քան մյուսներին:
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը մեր այս դիտարկումները լսելով՝ ասաց, որ երկրում 3-4 տարի տեղի է ունեցել ռեսուրսների պայքար, եւ, «իհարկե, իշխանությունը ձեռնպահ է մնացել օգտագործել իր բոլոր ռեսուրսները, որովհետեւ, ամեն դեպքում, ցանկացած իրադարձության, ցանկացած քայլի համար պատասխանատուն իշխանությունն է»: Ըստ Սամվել Նիկոյանի, ընդդիմության կողմից ՀՀ իշխանությունների դեմ օգտագործվել է ամբողջ արտաքին ճնշումը. «Դա թողնենք անցյալում, քանի որ մարդ պետք է առաջ նայի: ՀԱԿ-ն ասում է՝ երկխոսենք, բայց մոռանում է, որ երկխոսությունն արդեն տեղի է ունեցել, եւ այդ երկխոսության արդյունքում է, որ ընդդիմությունն ազատորեն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում, երկխոսության արդյունքում է, որ բանտարկյալներն ազատության մեջ են, երկխոսության արդյունքում է, որ փորձ է արվում լրացուցիչ հնարավորություն ստեղծել մարտի մեկի լիարժեք բացահայտման համար, եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք, իմ կարծիքով, լուծվել են երկխոսության արդյունքում: Եվ երբ առաջարկվում է երկխոսությունը բերել իրավահավասարության մակարդակի, եւ ընդդիմություններից մեկը 5 թե 6 մարդ է առաջարկում այսպես կոչված՝ արտահերթ ընտրությունների թեմայով խոսելու համար, նշանակում է՝ տվյալ ընդդիմությունն ինքն իրեն դրել է ծիծաղելի եւ անհավանական իրավիճակի մեջ»: Ըստ ԱԺ փոխնախագահի, գուցե այսպես վարվելով՝ ընդդիմությունը փորձում է իր սեփական խնդիրները լուծել, ազդել ընտրազանգվածի կամ հանրահավաքի մասնակիցների վրա, բայց դա պարզապես, ըստ մեր զրուցակցի, անհասկանալի է. «Եվ ամեն առաջարկ ներկայացնել իրավահավասարության տեսանկյունից, պարզապես իրոք ծիծաղելի է, քանի որ իրեն հարգող ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ երկրում գործող բազմաթիվ ընդդիմություններից մեկի հետ մտնել իրավահավասար հարաբերությունների մեջ»:
Մեր ռեպլիկին՝ իսկ եթե դա տեղի ունենա՞, պարոն Նիկոյանն այսպես պատասխանեց. «Ես կողմնակիցն եմ հանդուրժողականության մթնոլորտի, ես կողմնակիցն եմ ոչ թե ռեսուրսների պայքարի, այլ ռեսուրսների համախմբման, բայց հիմա փորձել պետության մեջ իշխանական ֆունկցիաներ վերցնել իր վրա, դա նշանակում է՝ ուզում են լինել եւ ընդդիմություն, եւ իշխանությո՞ւն, նման բան չի կարող լինել»: Սամվել Նիկոյանը մեկնաբանելով մեր հարցը, թե՝ չկա՞ որոշակի խանդ ընդդիմության տարբեր թեւերի միջեւ, ասաց. «Եթե Ձեր հարցին պատասխանեմ շախմատային լեզվով, ապա կասեմ՝ իհարկե, շախմատը իմաստուն խաղ է, համբերության խաղ է, մտածելու խաղ է, բոլոր քայլերը հավասարակշռվածություն ու միտք պետք է պարունակեն, բայց եթե առաջարկվում է շախմատի բլից տեսակը, ապա բլից-շախմատում միշտ լինում են սխալ եւ հապճեպ քայլեր»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ չունի՞ տպավորություն, թե իշխանությունն այսօր միայն ՀԱԿ-ի առաջարկներն է քննարկում, կատարում կամ չի կատարում, իսկ մյուսներին, մեղմ ասած, առանձնապես ուշադրություն չի դարձնում, նկատեց. «Իմ կարծիքով՝ այդպիսի բան չկա, պարզապես ընդդիմությունը, անկախ արհեստական բաժանումից, ունի մի թեւ, որը հակված է գնալ երկխոսության (ինքս չգիտեմ, թե այդ երկխոսության արդյունքում ինչ շահեր են հետապնդվում), եւ կա մեկ այլ ընդդիմություն, էլի պայմանականորեն, որը նախանձում է երկխոսության գնացող ընդդիմությանը: Սա, ըստ էության, իշխանությունների համար չեմ կարծում, որ էական նշանակություն պետք է ունենա: Իշխանության համար նշանակություն ունեն միայն այն խնդիրները, որոնք, անկախ ընդդիմությունից, կարող են երկրի համար կարեւորություն ներկայացնել»: