Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԸ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԸ

Հունիս 15,2011 00:00

\"\"Ժողովրդի մեջ հնուց ի վեր տիրում է այն թյուր կարծիքը, թե գարեջուր կամ գինի օգտագործելով՝ կարելի է ավելացնել մայրական կաթի քանակը։

Գարեջրի, գինու, կոնյակի, օղու եւ մյուս ոգելից խմիչքների որոշիչ բաղադրամասը նյարդային թույն հանդիսացող գինու սպիրտն է։ Անցնելով կերակրող կնոջ օրգանիզմ՝ սպիրտը արյան հոսքով տարածվում է բոլոր օրգաններով եւ հյուսվածքներով եւ հասնելով կաթնագեղձերին՝ խառնվում կաթին։ Մանկիկին կերակրելու ընթացքում սպիրտը կաթի հետ անցնում է երեխայի օրգանիզմ եւ առաջացնում ուղեղի ալկոհոլային թունավորում, ասել է թե՝ հարբածություն։ Ալկոհոլային թունավորումը ուղեկցվում է երեխայի խորը քնով, ինչը տպավորություն է առաջացնում, թե երեխան քնել է գարեջրի շնորհիվ առատացած կաթը ուտելու եւ կշտանալու հետեւանքով:

Կան մայրեր էլ, որ խորամուխ չլինելով, թե ինչու է մանկիկը անդադար ճչում եւ չվերացնելով նրա տառապանքների բուն պատճառը (որը երբեմն կարող է բավականին լուրջ լինել), նրան խմեցնում են կաթի հետ խառնած մի քիչ օղի կամ կոնյակ ու հարբեցնելով քնեցնում։

Մանկաբուժական պրակտիկայում հաճախ են հանդիպում ծծկեր երեխաների ալկոհոլային սուր թունավորման եւ նույնիսկ մահվան դեպքեր։

Ալկոհոլի թեկուզեւ չնչին քանակների տեւական ընդունումը կործանարար է անդրադառնում մատաղ օրգանիզմի բացարձակապես բոլոր օրգանների ու հյուսվածքների վրա։ Երեխան շուտով ձեռք է բերում նյարդային, մարսողական, շնչական, սրտանոթային եւ միզասեռական համակարգերի եւ օրգանների զանազան հիվանդություններ` ինչպես ծծկեր հասակում, այնպես էլ զարգացման հետագա տարիների ընթացքում։

Այդպիսի երեխաները դառնում են անհանգիստ, լալկան, վատ են քնում, թերի սնվում։ Կարող են դիտվել առանձին մարմնամասերի, իսկ հետո նաեւ ամբողջ մարմնի, ընկնավորության նոպաներ հիշեցնող ցնցումներ։

Ալկոհոլային թունավորումը շարունակվելու դեպքում երեխայի մոտ կարող է զարգանալ սպիրտային խմիչքների նկատմամբ հիվանդագին հակում, ասել է թե՝ իսկական ալկոհոլիզմ։ Այդպիսի երեխաներին բժիշկները կոչել են «ծծկեր ալկոհոլիկներ»։ Այսպիսի մանուկները ֆիզիկական եւ մտավոր զարգացումով հետ են մնում իրենց հասակակիցներից, լինում են նիհար, թուլակազմ, տառապում զանազան մարմնական ու հոգեկան հիվանդություններով, այդ թվում՝ սակավամտությամբ ու ընկնավորությամբ, նեւրոզներով։

Մնում է ավելացնել, որ համաձայն քիմիկոսների տվյալների, ալկոհոլային խմիչք օգտագործող մոր կաթը լինում է սովորականից ավելի նոսր ու ջրիկ, նրա մեջ պակասում են երեխայի սնուցման համար անհրաժեշտ սննդանյութերը՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները, վիտամինները։

Բժշկությանը հայտնի են նորագույն միջոցներ, որոնց կիրառումը նպաստում է մայրական կաթի ավելացմանը թե՛ քանակապես, թե՛ որակապես, ուղղակի անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգին կամ մանկաբույժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել