Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները բողոքում են, Մինասի որդին՝ նույնպես

Հունիս 15,2011 00:00

Չնայած գյումրեցիների բողոքներին, Մինաս Ավետիսյանի «Երկանք» եւ «Թել են մանում» որմնանկարները արդեն Երեւանում են: Երեկվա ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը պարզաբանումներ տվեցին:

«Ինչպես հայտնի է, այս երկու որմնանկարները պետք է տեղափոխվեն «Արմենիա» միջազգային օդանավակայանի նորակառույց տերմինալ, բայց մի խումբ մարդիկ, որոնք բնակվում են Գյումրիում, իրենց դժգոհությունն են հայտնում, թե ինչու են դրանք տեղափոխվում Երեւան եւ ոչ թե մնում այնտեղ: Այս հարցը բարձրացրել են ոչ թե գյումրեցիները, այլ մի խումբ մարդիկ, որոնք պարզապես փորձում են խանգարել թե՛ վերականգնողական աշխատանքներին եւ թե՛ արդեն իսկ գոյություն ունեցող կառավարության որոշման իրականացմանը»,- ասաց Ս. Հարությունյանը:

Ա. Ավետիսյանը նկատեց. «Գոյություն ունի կառավարության որոշում, ինչպես նաեւ հիմնադրամի եւ օդանավակայանի միջեւ կոնկրետ պայմանագիր, որը մեզ պարտավորեցնում է աշխատանքները կատարել նշված ժամկետում: Մնացած բոլոր խոսակցությունները՝ տանել-չտանել եւ այլն, ուղղակի ուշացած են: Եթե Գյումրին ուզում էր ինչ-որ բան անել որմնանկարները տեղում պահելու համար, պետք է շատ ավելի շուտ սկսեր զբաղվել այդ հարցով»:

Նշենք, որ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նախօրեին Արման Ավետիսյանին մեղադրել է Մինասի որմնանկարները հափշտակելու մեջ, պատճառաբանելով, որ Արմանը նախորդ ուրբաթ, առանց մեկին որեւէ բան ասելու, գաղտագողի բացել է «Գալվանոմետր» եւ «Էլեկտրատեխնիկական» գործարանների պահեստի դուռը եւ տարել որմնանկարները: Այս մասին Ա. Ավետիսյանը պարզաբանեց. «Այո, ես խոստացել էի՝ առանց գյումրեցիների իմացության չենք տանի, բայց որմնանկարները հանված էին, ու արդեն երկու օր է՝ դրված էին գետնին եւ փչանում էին: Որմնանկարը, երբ արդեն հանվել է, պետք է շտապ տեղափոխվի եւ ամրացվի, այլապես՝ կփշրվի։ «Ասպարեզին» երկու-երեք օրվա ժամանակ էր տրված՝ կոնկրետ առաջարկներով հանդես գալ: Բայց նրանք տեղներից չշարժվեցին, իսկ երկար սպասել չէինք կարող: Նրանք մի շարք պայմաններ առաջ քաշեցին, որոնք էլ ինձ այլընտրանք չթողեցին: Խոստացել էինք՝ երկու օր պահել Գյումրիում, մեր խոստումը պահեցինք: «Ասպարեզը» հայտարարում է, որ ես իրենց հետ ունեմ պայմանավորվածություն, բայց նման բան չկա. ես ունեմ պարտավորություններ, պայմանագիր, կառավարության որոշում, որը պետք է ժամկետներում կատարեմ: Ասում ես՝ որմնանկարները փչանում են, տանենք Երեւան՝ վերականգնենք, ֆաշիստական դեմքով նայում են վրադ»։

Ս. Հարությունյանը հավելեց, որ որմնանկարները վերականգնելու համար Հայաստան են ժամանել իտալացի մասնագետներ. «Որմնանկարները պետությանն են, գյումրեցիներից ոչ ոք Մինասին չի խլում, այնտեղ կա եւս 16 որմնանկար, Երեւան է բերվում ընդամենը երկուսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել