Լրահոս
Օրվա լրահոսը

Համարձակ, ազդեցիկ գույներով

Հունիս 15,2011 00:00

Գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի հիշատակին

\"\"Հունիսի 22-ին ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանը կդառնար 63 տարեկան: Անցյալ տարի հունիսի 16-ին նա հեռացավ՝ երկնային կյանքով ապրելու… Նրա գործերում հրաշալի ներդաշնակվում են ազգային-ավանդականի ու արդիականի ձեւն ու բովանդակությունը:

Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ցուցադրվող անվանի նկարիչների աշխատանքների շարքում նաեւ մեկ տարի առաջ մեզնից հեռացած Վարուժան Վարդանյանի 4 կտավներն են, որոնցում պատկերված ծաղիկները տխուր են, մի տեսակ խռոված: Գուցե նկարիչը ծաղիկների մեջ դրել էր խորը իմաստ ու բովանդակություն, սիրտն ինչ-որ բա՞ն էր վկայել… Վարուժան Վարդանյանի ցուցահանդեսների կազմակերպիչ, «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Վարուժանի նկարները հարազատ են իրեն, որովհետեւ դրանցում ինքը փնտրում ու գտնում է մեծ նկարչին, մարդու ու գեղագետի բարդ, հակասական հոգեվիճակները. «Խիտ եւ ազդեցիկ են նրա գույները: Ես միանում եմ ուժեղ եւ փխրուն մարդու կռվին… այս աշխարհի հետ»: Ռ. Շառոյանը հիշեց, որ ժամանակին գեղանկարիչը իր հարցազրույցներից մեկում ասել է. «Ես իմ անավարտ նկարների մեջ եմ»: Զրուցակցիս խոսքով, կյանքը մի մեծ, անավարտ կտավ է, ուրեմն՝ Վարուժանն էլ կյանքի մեջ է…

«Առավոտի» հետ զրույցում ճանաչված նկարիչ Վալմարը հիշեց, որ 1972թ. Հ. Իգիթյանի հիմնած Ժամանակակից արվեստի թանգարանում առաջինը ցուցադրվել են երեք, իր խոսքերով, առաջադեմ նկարիչների՝ Վարուժան Վարդանյանի, վանաձորցի Վիլիկ Գաբուզյանի եւ իր աշխատանքները: «Վարուժանի հետ հասակակիցներ ու մտերիմ ընկերներ էինք: Դեռ այն տարիներին շատերն էին զարմանում նրա ուղղամտության, ճշտախոսության վրա: Գտնում եմ, որ զարմանալի ոչինչ չկա. նա Շիրակի դաշտավայրի ծնունդ էր եւ տաղանդավոր: Իհարկե, սկզբնական շրջանում նրա կտավները շատերի համար ընկալելի չէին, թեեւ ուներ արվեստակից համախոհներ: Նա հավատում էր իր ստեղծած նոր աշխարհին, որին անդավաճան մնաց մինչեւ կյանքի ավարտը»,- ասաց Վալմարը:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, խոսելով Վ. Վարդանյանի մասին, նախ շեշտեց, թե ինքը կերպարվեստում քիչ ընկերներ ունի, Վ. Վարդանյանը նրանց թվում է: Հետո էլ հավելեց. «Վարուժանի մեջ պարզապես բացակայում էր մասնագիտական նախանձը: Չեմ հիշում մի օր, որ հանդիպելիս չողջագուրվեինք… Վարուժանի աշխատանքները եւ Հայաստանում, եւ արտերկրում մեծ ընդունելություն են գտնում, ու կարծում եմ, որ դրանց թարմությունը դեռ քանի՜-քանի սերնդի պետք է զարմացնի ու հիացնի: Արվեստագետներիս ու արվեստասերներին հայտնի են ոչ միայն ընկերոջս համարձակ մտածելակերպն ու վրձնահարվածները, այլեւ նրա արվեստաբանական հրապարակումներն ու պոեզիան: Նա ոչ միայն արժանի հետք թողեց մեր կերպարվեստում, այլեւ հետաքրքիր բանաստեղծական ձայն»: Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն էլ ընկերոջը բնութագրելով՝ «ինքնատիպ արվեստագետ», ասաց. «Վարուժանը հետաքրքիր կերպար էր, ոչ միայն նրա աշխատանքներն են ստանդարտներից դուրս, այլեւ նրա տեսակն ու կերպը. նա իր երկրի տերն ու մշակն էր: Բարեկամս միանշանակ 21-րդ դարի լավագույն նկարիչներից է՝ իր կեցվածքով, խառնվածքով, գործունեությամբ»: Արվեստագետը ընկնելով հիշողությունների գիրկը, մեջբերումներ արեց Վարդանյանի պոեզիայից, հավելելով, թե իր Վարդանյանը նաեւ այնպես էր երգում, որ պրոֆեսիոնալ երգիչները զարմացած էին մնում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել