Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՐՈՐ ԵՎ ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ

Հունիս 15,2011 00:00

\"\"Առաջին անգամ նախագիծ եւ ոչ թե ցուցահանդես

Աշխարհում Վենետիկի բիենալեն ընկալվում է իբրեւ ժամանակակից արվեստի ներկայացման հզոր հարթակ, խելահեղ գաղափարների հրավառություն: Այս տարի արդեն 54-րդ անգամ անցկացվող բիենալեն (ընդհանուր համադրող Բիչե Կուրիգեր) մեկտեղեց արվեստի բոլոր ճյուղերը` վիդեոարտ, երաժշտություն, թատրոն, ֆոտո, պերֆորմանս: Հունիսի 3-ին Պալացո Զենոբիոյում` Մխիթարյան միաբանությանը պատկանող նախկին Մուրադ Ռաֆայելյան վարժարանում բացվեց մեր տաղավարը. մինչեւ նոյեմբեր հայկական կոնցեպտուալ միտքը կներկայացվի եվրոպացի խստապահանջ հանդիսականին: Հայկական տաղավարի կազմակերպումը հանձն էր առել կոմիսար Վիկտոր Մնացականյանի ընտրած կուրատորական խումբը՝ Վարդան Ազատյան, Նազարեթ Կարոյան եւ Ռուբեն Արեւշատյան: Կուրատորների «Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները» նախագիծը ներկայացնում են երեք սերնդի հայտնի արվեստագետներ Գրիգոր Խաչատրյանը, Աստղիկ Մելքոնյանը եւ Մհեր Ազատյանը: Տաղավարի կազմակերպումն իրականացրեց «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամը՝ ՀՀ ԱԺ նախագահի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության ու որոշ ընկերությունների աջակցությամբ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը, «վեց ամիսների ընթացքում մեր արվեստագետները աշխարհի հետ կխոսեն համընդհանուրի եւ եզակիի կոնֆլիկտի մասին»: Նրա հավաստմամբ, Հայաստանի տաղավարն իր կոնցեպտուալ մշակվածությամբ եւ զուսպ արտահայտչականությամբ հայտնվել էր ուշադրության կենտրոնում: Նախ եւ առաջ դա վերաբերում էր Գրիգոր Խաչատրյանի ինքնաբուխ պերֆորմանսի տարրերով ինստալացիային: Վերջինս արծարծում է իշխանության թեման, իսկ ստեղծագործության նյութը Գրիգոր Խաչատրյան անձն է: Համադրող Արմինե Անտիկյանի խոսքով, Գ. Խաչատրյանի հիմնած «Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնը» վաղուց է կազմակերպում «պաշտոնական հանդիպումներ» արվեստագետների, բանվորների, արհեստավորների հետ: Նույն ձեւաչափը կիրառվեց նաեւ Վենետիկում. բիենալեի այցելուները ակամայից հրավիրվեցին «պաշտոնական» հանդիպման: Բարձր բազկաթոռին բազմած արվեստագետի ձեռքը սեղմելու համար միմյանց հաջորդող այցելուների շարքում հայտնվեց նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Գրիգոր Խաչատրյանի պաշտոնական հանդիպումներն արձանագրող լուսանկարների շարքում ավելացավ եւս մեկը՝ Խաչատրյան-Սահակաշվիլի հանդիպումը: Մհեր Ազատյանի ինստալացիաներն ու Աստղիկ Մելքոնյանի ինքնատիպ աշխատանքները եւս առանց մասնագետների ուշադրության չեն մնացել: Ա. Անտիկյանն ու Վ. Մնացականյանը տեղեկացրին, որ միջազգային այլ նախագծերի մասնակցելու հրավերներ են ստացվել: Հայկական տաղավարի նկատմամբ իրենց հիացմունքն են արտահայտել նաեւ Ադրբեջանի տաղավարի պատվիրակները, Ավստրիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչները, կարճ ասած՝ մերոնք դրական առումով աղմուկ են բարձրացրել կուրատորական եւ արվեստագիտական շրջանակներում:

Վ. Մնացականյանն ասում է՝ 54-րդ բիենալեի հայկական տաղավարի խնդիրը եղել է այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որ անկաշկանդ քննարկումների հնարավորություն ընձեռի, միջազգայնացվի հայկական կոնցեպտուալ միտքը: Կարծում է՝ իրենց հաջողվել է լուծել այդ խնդիրը: Կոմիսարը փաստում է, որ, ի տարբերություն նախորդ բիենալեների, Հայաստանն այս անգամ ներկայացրել է ոչ թե զուտ ցուցահանդես, այլ լուրջ նախագիծ: «Մեր տաղավար են այցելել նաեւ Իտալիայի քաղաքական էլիտայից ներկայացուցիչներ, արվեստագետներ, ովքեր երբեւէ չեն եղել Հայաստանի տաղավարում, իսկ Ավստրիայի մշակույթի ֆորումի տնօրենը մասնավորապես ասել է, որ այս տարի կոնցեպտուալ առումով իր տեսած լավագույն տաղավարը Հայաստանինն է»,- նշում է Արմինե Անտիկյանը:

89 մասնակից երկրների տաղավարներից շատերը ներկայացված էին պետության առաջին դեմքերով, իսկ հայաստանյան տաղավարի բացմանը ներկա էր ընդամենը մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Հիշեցնենք, որ նախորդ բիենալեներին էլ որեւէ նախարար իր ներկայությամբ չի պատվել հայկական տաղավարը: Մեր երկրում ավելի շատ հակված են «Եվրատեսիլների» վրա հսկայական գումարներ ծախսել ու դրա շուրջ ավելորդ աժիոտաժ ստեղծել, քան Վենետիկի բիենալեի նման երեւույթի, որը բոլոր ոլորտների հզորների հավաքատեղին է՝ հնարավոր բոլոր հետեւանքներով:

Վ. Մնացականյանը լավատես է, ասում է՝ բոլոր հարցերում անձամբ ինքը զգացել է ՀՀ նախագահի աջակցությունը: Նա հավելում է, որ երբ հետագայում հայկական տաղավարը հավաքվի Երեւանում, չնայած գերծանրաբեռնված գրաֆիկին, նախագահը կայցելի, որովհետեւ նախնական ցանկություն է հայտնել: Ա. Անտիկյանը կարծում է, որ աշխարհի հետ համընթաց քայլելու համար բավարար չէ միայն խաչքարով կամ գրքով ներկայանալը, ժամանակակից արվեստը հոյակապ այցեքարտ է, մնում է միայն պետականորեն քարոզել ու թեկունք լինել: Վ. Մնացականյանի ձեւակերպմամբ, Վենետիկի բիենալեն աշխարհի ամենակարեւոր մշակութային միջոցառումն է, որը իր համարժեքը չունի, այն ոչ միայն ճաշակ է թելադրում, այլեւ մեծ գումարներ աշխատելու հնարավորություն տալիս: Այնտեղ առաջին անգամ ներկայացված արվեստագետները մտնում են մեծ շուկա:

Ա. Անտիկյանը նշում է, որ զգալի էր Վենետիկյան բիենալեի, այսպես կոչված, քաղաքական շերտը. օրինակ՝ ամերիկացիները գլխիվայր շրջված տանկի վրա վազող հերոսով մարմնավորել էին սպառազինությունների մրցավազքը, Ռուսաստանը ներկայացել էր 70-ականների «դիմադրության» արվեստով, իտալացիները ընդդիմացել էին իտալական մաֆիային: Ամերիկյան տաղավարի այցելուները ամենաաստղայինն են եղել՝ Էլթոն Ջոն, Լեոնարդո դի Կապրիո, Նաոմի Քեմփբլ… Մեր հարեւան ադրբեջանցիները ուղղակի սկանդալ են գրանցել՝ նկարչուհի Այդան Սալախովայի երկու քանդակները ուղղակի հեռացվեցին բիենալեի տաղավարից։ Ադրբեջանի պաշտոնյաներին երկրի հեղինակությանը վնասող էին թվացել թղթի վրա արված որոշ գործեր եւս: Օրինակ՝ մինարեթը բռնած կինը հիշեցրել է ֆալոսի խորհրդանիշ: Թվում էր, թե ճապոնական տաղավարը դատարկ կլինի հայտնի դեպքերի պատճառով, սակայն նկարչուհի Տաբաիմոն ներկայացրել էր սյուրռեալիստական նախագիծ՝ մուլտֆիլմի եւ ճապոնական ավանդական պեյզաժի տարրերի համադրությամբ, որը դուր էր եկել շատերին: Գերմանացի Քրիստոֆ Շլինգենսիֆի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը գերմանական տաղավարում եւս հետաքրքրել էր այցելուներին: Էքսպոզիցիան կրում էր «Վախի եկեղեցին ընդդեմ ներսի օտարի» խորագիրը: Վենետիկցիներին, ըստ Guardian-ի, նյարդայնացրել էր ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի «Լունա» հսկա զբոսանավը, որով նա ժամանել էր ընկերուհու՝ Դարյա Ժուկովայի հետ: Ոմանք սկսել են կատակել, թե Աբրամովիչն էլ է ցուցանմուշ: Բնականաբար, բիենալեն ու նրա շրջանակներում կազմակերպվող ընդունելություններից որոշներն իր ներկայությամբ պատվել է արվեստի աշխարհի ամենահայտնի 100 մարդկանցից մեկը՝ արտ-շուկայի արքա ամերիկահայ Լարի Գագոսյանը՝ մեր օրերի ամենաթանկ նկարիչներից Ջեֆ Կունսի, արքայադուստր Բիանկա Արիվաբենեի, Palazzo Papadopoli-ի տեր Բիբերտո Արիվաբենեի եւ այլոց ընկերակցությամբ:

Հ. Գ. Աշխարհում ընդունված է, որ բիենալեի ավարտվելուն պես պատրաստվեն հաջորդին, մնում է Հայաստանն էլ հետեւի այդ օրինակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել