Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄՍԱՂԱՑՈՒՄ

Հունիս 15,2011 00:00

\"\"

Ահա եւ ավարտեցի Մասքի ամերիկյան կրթաթոշակով ինձ բաժին հասած երկամյա կրթական ծրագիրը ԱՄՆ-ում: Մեր ծրագիրն իրականացնող IREX ընկերությունը գնեց ինքնաթիռի տոմսերը իմ խնդրած օրվա համար, եւ ես կապեցի երկու տարի կուտակած իրերս, այդ թվում տասնյակ գրքեր, ու ճանապարհ ընկա դեպի տուն՝ Հայաստան, ուր պիտի հասնեի հունիսի 1-ի երեկոյան, ինչպես նախատեսված էր չվացուցակով: Երկու թռիչքն էլ՝ Վաշինգտոն-Փարիզ եւ Փարիզ-Երեւան, իրականացնում էր ֆրանսիական «Էյրֆրանս» ընկերությունը:

Երկու թռիչքների միջեւ ընդամենը երկու ժամ էր նախատեսված, բայց քանի որ առաջին թռիչքը հետաձգվեց մեկ ժամով, ինձ միայն մեկ ժամ էր մնում՝ հասնելու Երեւան մեկնող ինքնաթիռի ռեգիստրացիային: Ուստի Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայան հասնելուն պես շտապեցի դեպի Փարիզ-Երեւան չվերթի դարպասը: Բագաժի ստուգման հերթում կանգնած՝ հերթական անգամ ստուգեցի փաստաթղթերս եւ… անձնագիրս չկար: Մոտակայքում գտնվող աշխատակիցներից մեկին խնդրեցի շտապ կապվել Վաշինգտոն-Փարիզ ինքնաթիռի հետ, քանի որ հիշում էի, որ անձնագիրը ձեռքիս եմ ինքնաթիռ մտել: Պարոնը բարի գտնվեց, զանգեց մի քանի անգամ եւ վերջապես ինձ փոխանցեց, որ անձնագիրս ինքնաթիռում չեն գտել: Նա խորհուրդ տվեց, այնուամենայնիվ, գնալ երեւանյան չվերթի դարպասի մոտ, իսկ իրենք անձնագիրս գտնելուն պես այնտեղ կբերեին: Այդպես էլ արեցի: Ռեգիստրացիայում սպասող աշխատակցուհին ասաց. «Դո՞ւք եք Նազարյանը: Ձեր անձնագիրը չի գտնվել, իսկ ռեգիստրացիան փակում ենք»: Տագնապած արագ շուռ տվեցի ձեռքիս ճամպրուկն ու պայուսակը ու նորից չգտա անձնագիրս: Իսկ տիկինը պատվիրեց բագաժս հանել ինքնաթիռից, քանի որ առանց անձնագրի ինձ չէր կարելի թռչել: Ասաց, որ հաջորդ օրն էլ նույն ժամին ինքնաթիռ կա, խոստացավ բագաժս պահել իրենց մոտ՝ մինչ ես կլուծեի անձնագրիս հարցը, իսկ ինձ խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն:

Մտածեցի, որ կդիմեմ ոստիկանություն եւ «Էյրֆրանս»: Եթե նորից չգտնեն, կզանգեմ մեր դեսպանատուն եւ օդանավակայանում կանցկացնեմ առաջիկա 24 ժամը՝ մինչեւ խնդիրը լուծվի: Երեւի մի հինգ հոգու հարցնելով, գնացքով մեկ կայարան անցնելով՝ ոստիկաններին գտա «պասպորտ-կանտրոլ»-ում՝ հսկիչ-անձնագրային կետում: Ասացի, որ իրենց օգնությունն է պետք, կորցրել եմ անձնագիրս: «Հետեւեք ինձ»,-ասաց մի երիտասարդ ոստիկան: «Երեւի պետք է մեր դեսպանություն զանգեմ, հա՞»,-հարցրեցի: «Ոչ»,-ասաց նա: Առաջարկեցին սպասել ոստիկանության նեղլիկ միջանցքում: Ինձանից խնդրեցին որեւէ վկայական, եւ ես նրանց տվեցի իմ երկու՝ Վաշինգտոնի Հովարդի համալսարանի եւ Նյու Յորքի լուսանկարչության ինստիտուտի ուսանողական տոմսերը:

Այդ պահից սկսած՝ ես այլեւս ֆրանսիական միգրացիոն ոստիկանության մսաղացում էի, բայց չէի էլ կասկածում այդ մասին: Բայց մինչ այդ, բացեցի համակարգիչս, գնեցի 5 եվրոյի ինտերնետ եւ սկայպով զանգեցի մերոնց՝ ասելով, որ հաջորդ օրն եմ գալու, որովհետեւ ինքնաթիռից ուշացել եմ: Միայն ընկերներիցս մեկին չաթով ասացի, որ կորցրել եմ անձնագիրս եւ «ոստիկանները, չգիտեմ ինչու, ինձ համար վկայական են պատրաստում»: Այ քեզ միամտություն: Ինձ միջանցքում սպասեցնելու ընթացքում ոստիկանները միայն մի հարց են ինձ տվել՝ իմ ծննդյան ամսաթիվը: Կես ժամից ես արդեն միս էի, եւ ֆրանսիացի «սահմանապահ ոստիկանությունը» ինձ աղում էր անխնա:

Վերջապես երկու ոստիկանուհի ինձ հրավիրեցին հարեւան սենյակ՝ իրենք էլ իմ հետեւից ներս մտնելով: Ես հայտնվեցի մի նեղլիկ խորդանոցում, որտեղ ուրիշ ճամպրուկներ էին դրված: Օրիորդները արագ սկսեցին պայուսակս խուզարկել՝ մեջից դուրս բերելով իրերս: Ապշած իրադրության այդպիսի շրջադարձից, հարցրի՝ ի՞նչ են փնտրում: Կոպիտ շարժումով ինչ-որ բան պատասխանեցին ֆրանսերեն: Նրանցից մեկը շրջվեց դեպի ինձ եւ սկսեց խուզարկել մարմինս: Ես անգլերեն հարցրի՝ ձերբակալվա՞ծ եմ: Պատասխանեցին՝ նո: Ասացի՝ ուրեմն իրավունք չունեք ինձ խուզարկելու, բացատրեք՝ ինչ եք ուզում: Օրիորդը վրդովված շրջվեց դեպի ինձ եւ մատը դեմքիս մոտ թափ տալով արգելեց խոսել անգլերեն՝ «նո՜ անգլեզ»: Ես իհարկե շարունակում էի խոսել ու բացատրություն պահանջել: Ոստիկանուհիները մեկ առ մեկ դուրս բերեցին տեխնիկան իմ իրերի միջից, «գույքագրեցին» եւ ինձ առանց իրերի ուղեկցեցին մի սենյակ՝ առաջարկելով զանգել ընտանիքիս: Ասացի, որ զանգեր արել եմ, բայց դիմադրելն անիմաստ էր: Ինձ կողպեցին սենյակում, որի միակ պատուհանիկը հենց դռան վրա էր եւ բացվում էր ուղիղ կեղտոտ, նեղլիկ զուգարանների վրա:

Ներսում Նիգերիայից մի մանկահասակ աղջիկ կար: Նա ասաց, որ իրեն արդեն որերորդ անգամ ուզում են վերադարձնել Նիգերիա, բայց ինքը չի ուզում: Վրդովմունքից շրջում էի խցում ու գոռգոռում: Աղջիկն սկսեց ինձ հանգստացնել, թե առանց դատի չեն կարող դեպորտ անել: Միայն այդ պահից սկսեցի ինչ-որ բան հասկանալ: Ինձ էլ էին անօրինական միգրանտի տեղ դրել: Ես էլ էի «օրինակելի» անօրինական միգրանտի պես անձնագիրս կորցրել, բայց «տարօրինակորեն» չէի ուզում ֆրանսիական իշխանություններին հանձնվել:

Սենյակի պատերի երկարությամբ պատից «աճող» բետոնե նստարաններ էին: Սենյակի պատերը միաժամանակ եւ բանտ, եւ հանրային զուգարան էին հիշեցնում: Ինչ-որ դեղնադարչնագույն բծեր կային պատին: Նախորդ այցելուներն իրենց երկրների ու իրենց անուններն էին թողել պատերին, նաեւ՝ փիլիսոփայական մտքեր ու նույնիսկ՝ հասցեներ: Երբ ինձ ասացին, որ սա բանտ չէ, այլ սպասասրահ, պահանջեցի, որ տեսախցիկս վերադարձնեն, որպեսզի ես լուսանկարեմ այդ «սպասասրահը»: Իհարկե, մերժեցին:

Վերջապես ինձ կանչեցին հարեւանությամբ գտնվող գրասենյակ: Թարգմանիչ էին բերել: Ես ամբողջ ուժով սկսեցի բողոքել ոստիկանության գործողությունների դեմ: Ասացի, որ ինձ բանտարկելու իրավունք ոչ ոք չունի, դա ստորացուցիչ է: Իսկ նրանք պնդեցին, թե դա բանտ չէ, իմ վրա ձեռնաշղթաներ չկան, եւ ես ունեմ իրավունքներ: Բացատրեցի, որ ծնվել ու մեծացել եմ Հայաստանում, միայն երկու տարով Վաշինգտոն էի գնացել սովորելու, եւ ահա իմ բոլոր իրերով հիմնովին վերադառնում եմ տուն՝ Հայաստան: Բայց արդեն ուշ էր, իմ բացատրությունների կարիքը ոչ ոք չուներ: Մեկը, որ երեւի ավագ սպա էր, մի փոքր հասկանում էր անգլերեն: Ինքնուրույն եւ թարգմանչի օգնությամբ նա ինձ ներկայացրեց ֆրանսերեն գրված ինչ-որ թղթեր՝ ասելով, թե քանի որ իմ քաղաքացիությունը եւ իմ այցի նպատակը պարզ չեն, ինձ պատրաստվում են հետ ուղարկել… Վաշինգտոն: Վրդովմունքիս սահման չկար: Ասում եմ՝ հասկանո՞ւմ եք, որ ես կարող էի ձեզ ներկայացնել բազմաթիվ փաստաթղթեր, իմ անձնագրի պատճենը, իմ նամակագրությունները, որոնք ամեն ինչ պարզ կդարձնեին: Ի վերջո, իրենք կարող էին ընդամենը գուգլով որոնում անել կամ նայել ֆեյսբուքում ու տեսնել, թե ով եմ ու ուր եմ գնում: Ի վերջո, ո՞վ է Վաշինգտոնից գալիս Փարիզում հանձնվելու, առավել եւս այդքան ծավալուն բագաժով եւ հատկապես տասնյակ գրքերով: Ի վերջո, որպես լրագրող՝ ես մի քանի անգամ հենց Ֆրանսիայից «շենգեն վիզա» եմ ստացել՝ ԵԽԽՎ նիստերը լուսաբանելու համար: Երբեք խնդիր չեմ ունեցել երկրից դուրս, այդ թվում՝ Ֆրանսիա գնալու համար, իսկ հիմա ինձ խանգարում են հայրենի երկիր գնալ: Ոստիկաններին ոչինչ չէր հետաքրքրում:

Հրաժարվեցի ստորագրել փաստաթղթերը: Դրանց ճակատին գրված էր՝ «Refuse Entrle», այսինքն՝ «մուտքի մերժում»: Այդքանը ինձ հասկանալի էր՝ անգլերենի իմացությանս շնորհիվ: Ասում եմ՝ ե՞րբ եմ ես ձեզ դիմել Ֆրանսիա մտնելու համար, որ դուք ինձ մերժում եք, ես ընդամենը խնդրել եմ օգնել գտնել անձնագիրս: Ոստիկանները հայտարարեցին, որ իրենք պարտավոր չէին անձնագիրս գտնել, դա իմ ու իմ ավիաընկերության խնդիրն է: Ասում եմ՝ ուրեմն ինչ գործ ունեք իմ հետ, թողեք գնամ իմ ավիաընկերություն ու պարզեմ: Նորից պնդում են՝ որովհետեւ առանց անձնագրի ուզում ես սահման անցնել: Պատկերացրեք իմ վիճակը: Հայտարարեցի, որ իրենք ստախոս են եւ որ այս բոլորի համար պատասխան են տալու: Ցավոք, ոչ մեկի հագուստին անձնական համար չկար, իսկ անուններով ոչ ոք չէր ներկայանում: Իրենց նկարներն էին եւ «սահմանապահ ոստիկանություն» գրությունն ու նույն տառակապակցությունները՝ բոլորի վրա:

«Ավագ սպան» փորձում էր ինձ հանգստացնել՝ ասելով, թե Ֆրանսիան ժողովրդավար երկիր է, ես հիմա ֆրանսիական պորտեկտորատի ներքո եմ, հիմա ինձ կտանեն հյուրանոց, անվճար սնունդ ու անկողին կտան մինչեւ երկու օրից դեպորտ անեն Վաշինգտոն: Ասում եմ՝ դրա կարիքը չունեմ, ես օդանավակայանում կսպասեի մեր դեսպանատան արձագանքին եւ ինքս կգնեի իմ սնունդը: Ասում է՝ հիմա էլ կարող եք զանգել դեսպանատուն, երկու օր ունեք, եւ եթե նրանք համապատասխան փաստաթղթեր ուղարկեն, ոչ թե Վաշինգտոն, այլ Հայաստան կուղարկենք: Հենց նա էլ ինձ տվեց դեսպանատան հեռախոսահամարը: Նրա վերլուծությամբ, իմ վրդովմունքի պատճառն առաջին անգամ ոստիկանությունում լինելն էր: Դե կներեք:

Նորից հետ տարան «սպասասրահ»-բանտ: Այնտեց գտնվող հեռախոսից զանգեցի դեսպանատուն: Հենց հյուպատոս Հասմիկ Սողոմոնյանը վերցրեց հեռախոսը: Լսեց ինձ եւ խոստացավ օգնել: Հյուպատոսը խնդրեց ոստիկանության հեռախոսահամարը կամ գտնվելու վայրն ասել: Շատ քիչ բան գիտեի: Ասաց նաեւ, որ ինձ վերադարձի վկայական կտա, եթե անձնագրի պատճենը եւ երկու լուսանկար տրամադրեմ: Իմիջիայլոց ասեմ, որ երբ զանգելը չէր ստացվում կամ որեւէ այլ պատճառով թակում էինք դուռը, արձագանքում էին շատ ուշ: Վերջապես ոստիկանն ասաց, որ ինձ շուտ կտանեն հյուրանոց, որ կարողանամ ֆաքսից եւ համակարգչից օգտվել եւ զրուցեց հյուպատոսի հետ:

Տարան օդանավակայանի տարածքում գտնվող «հյուրանոց»: Դա էլ էր յուրօրինակ բանտ: Ոստիկանական բաժանմունքը մուտքի մոտ էր: «Հյուրերի» հետ կապող դուռը մշտապես փակ էր: Փոքրիկ բակ կար, որը շուրջանակված էր բարձր ցանկապատով եւ փշալարերով: Կրակայրիչը պատին կպցված մի տուփ էր՝ սիգարետի համար նախատեսված նեղ անցքով, գործում էր կոճակով՝ ինչպես ավտոմեքենայում: Երեկոյան 10:30-ին բակ տանող դուռն էլ էին կողպում: Իրերս թողեցին միջանցքում եւ ինձ տարան ճաշելու: Զանգի իրավունք ստանալու էի միայն սենյակումս տեղավորվելուց հետո: Ճաշն անհամ էր, ոստիկանների հսկողությամբ կերա միայն երկու կտոր միս: Ուղեկցեցին մի սենյակ եւ իմ ներկայությամբ նորից գույքագրեցին եւ պահեցին ամբողջ տեխնիկաս, լուսանկարող բոլոր սարքերը, կրակայրիչը: Համակարգիչս ինձ տվեցին՝ առանց մարտկոցի: Հետո ինձ տարան վերեւ՝ բանտարկյալի նման ձեռքս տալով իմ անկողնու սպիտակեղենն ու սրբիչները: Փոքրիկ սենյակ էր՝ երկու նեղ մահճակալով, մեկ պահարանով եւ մեկ լվացարանով: «Կարմիր խաչի» աշխատակիցները ինձ տվեցին տաքսոֆոններից զանգելու մեկ քարտ, խոստացան օգնել համակարգչով ու տպիչով: Անձնագրիս ֆոտոպատճենները բագաժում էին, բայց նաեւ սքան արած տարբերակ ունեի համակարգչումս: Ոստիկանները խոստացել էին, որ իրենց ներկայությամբ կկարողանամ օգտագործել այն, բայց երբ դիմեցի, հայտարարեցին, որ ինտերնետ չունեն: Երկար ու համառ դուռը զանգելուց ու խոսափողի մեջ խնդրելուց հետո, վերջապես բացեցին, թույլ տվեցին միացնեմ համակարգիչս եւ արտագրեմ անհրաժեշտ ֆայլերը: Իհարկե, իրենց ներկայությամբ: Իհարկե, տեսան նաեւ «շենգեն վիզաներիս» պատճենները, բայց ուշ էր՝ ես մսաղացում էի: Վերադարձա եւ զանգեցի հյուպատոսին, որ իմանամ իրենց իմեյլի հասցեն: Նա ինձ էր տրամադրել եւ իր տան, եւ ձեռքի հեռախոսի համարները: Տիկին Սողոմոնյանն ասաց, որ օդանավակայանի ոստիկանությունում է, իմ հետեւից է եկել, հիմա կիմանա իմ «հյուրանոցի» հասցեն եւ կգա հետեւիցս: Տպագրեցի անձնագրիս պատճենները եւ լուսանկարները եւ իջա ներքեւ, երբ անունս լսեցի «հյուրանոցի» բոլոր անկյուններում հնչող բարձրախոսում: Մեզ առաջարկեցին նստել մի սենյակում, որն իր երկար սեղանով ու երկու կողմից դրված աթոռներով բանտային տեսակցության խցիկ էր հիշեցնում: Հյուպատոսն իր հետ բերել էր վերադարձի վկայական: Ոստիկանները մեզ համար մկրատ ու սոսինձ ճարեցին, օգնեցին փոքրացնել լուսանկարը, տեղում դիմում գրեցի, եւ հյուպատոսը ինձ համար պատրաստեց ու ստորագրեց վերադարձի վկայականը: Դա իմ փրկությունն էր եւ ուղեգիրը դեպի տուն: Պիտի ասեմ, որ միայն Ֆրանսիայում ՀՀ հյուպատոս Հասմիկ Սողոմոնյանի այդքան օպերատիվ եւ բարեխիղճ վերաբերմունքի շնորհիվ էր, որ ես կարողացա առանց լրացուցիչ բարդությունների տուն վերադառնալ:

Թվում էր, թե ամեն բան այլեւս հետեւում է, երբ հաջորդ առավոտ մեզ կանչեցին հյուրանոցի մուտքի մոտ՝ օդանավակայան տանելու համար: Ինձ ստորագրել տվեցին, որ տեխնիկաս ստացել եմ եւ հետ ուղարկեցին կողքի սենյակում սպասելու: Հարցրի՝ իսկ տեխնիկա՞ս, ասացին՝ կստանաս օդանավակայանում: Կարծում էի արդեն նորմալ, «սպիտակ» մարդու նման սպասելու եմ իմ թռիչքին եւ այդ ընթացքում կօգտվեմ համակարգչից, որպեսզի մերոնց տեղյակ պահեմ, որ վերադառնում եմ: Հեռախոսաքարտը թողել էի «հյուրանոցի» մյուս բնակիչներին:

 

Բայց մեզ դուրս հրավիրելու պահին ասացին, որ միայն ինքնաթիռում են իրերս վերադարձնելու: Ասացի՝ ինձ պետք է իմ համակարգիչը, ո՞ւր է այն, ո՞ւր են տեսախցիկներս… «Կամեղա, կամեղա» հեգնելով՝ մի ոստիկան վրդովված գնաց դեպի տեխնիկայի պահոցը, բերեց մի արկղ, որտեղ իմ բավական ծանր իրերն էին եւ անգլերեն հարցրեց՝ քո՞նն է: Այո ասելուս պես արկղը խփեց փորիս, թե՝ վերցրու: Այդտեղ խմբված ոստիկանները ծիծաղեցին: Ինքնաբերաբար վերցրի արկղը, դրեցի մի կողմ, բագաժս տարա տեղավորեցի մեքենայում, հետ եկա արկղն էլ տանելու, մի ոստիկան մուտքի մոտ կտրեց առաջս, մյուսների բացատրությունից հետո ինքը տարավ այն տեղավորեց: Մեզ նորից տարան ոստիկանություն, փակեցին «սպասասրահում»: Այնտեղից բոլորս էլ զանգեցինք մեր հարազատներին՝ ձեւացնելով, թե կամ հյուրանոցում ենք, կամ օդանավակայանում: Մեզ պահեցին մի քանի ժամ ու մեր քաղցած լինելու մասին բողոքներն անտեսեցին, թեեւ բախտակիցներս ներսից թակում էին դուռը, իսկ «սպասասրահը» հսկվում էր երեք տեսախցիկով: Իմ իրերը դուրս գալու պահին տվեցին ինձ: Ոստիկանների ուղեկցությամբ վերջին պահին հասա ինքնաթիռին: Ռեգիստրացիայում աշխատողներից մեկը անգլերեն էր խոսում: Հարցրի՝ ի՞նչ է իմ ստատուսը՝ դեպո՞րտ: Ասաց՝ ոչ, մադամ, պարզապես այս թղթերն ասում են, որ դուք ստիպված եք վերադառնալ Հայաստան: «Ստիպված եմ»: Այ քեզ հաջողություն: Ոստիկանին եւ օդաչուին հարցրի՝ կարո՞ղ եմ իմ փաստաթղթերի պատճեններն ունենալ: Ասացին՝ ոչ, ոչ մի պատճեն: Երեւանում ինձ դիմավորած ՀՀ ազգային անվտանգության աշխատակցի ձեռքին օդաչուից ստացած իմ թղթերն էին: Նա ինձնից միայն կորցրած անձնագրիս պատճենը խնդրեց: Եվ վերջ: Ես Հայաստանում էի՝ իմ սիրելիների գրկում:

Գուցեեւ Հայաստանը շատ ճանապարհ ունի դեպի ժողովրդավարություն, բայց չէի ուզի, որ մենք երբեւէ ընդօրինակենք ֆրանսիական սահմանապահ ոստիկանությանը՝ միամտորեն կարծելով, թե ժողովրդավարությունն այնտեղ է, ինչպես ես էի կարծում մինչեւ նրանց դիմելը: Հիմա դուք տեսնում եք, թե ինչպես այնտեղ հիմնովին ոտնահարեցին մարդու իմ իրավունքները. անօրինական կերպով ինձ զրկել են ազատությունից եւ ինձ վերաբերվել են որպես երրորդ սորտի քաղաքացու՝ միայն այն պատճառով, որ ես արեւմտյան ժողովրդավար համարվող երկրի քաղաքացի չեմ: Ավելին, իմ անունով ձեւակերպել են միանգամայն անօրինական «մուտքի մերժում», մինչդեռ ես Ֆրանսիա մուտք գործելու համար իրենց չեմ դիմել: Այս հոդվածը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը կարող է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Ես Ֆրանսիայի իշխանություններից պահանջում եմ չեղյալ համարել իմ անունով սահմանապահ ոստիկանությունում գրված որեւէ փաստաթուղթ, այդ թվում՝ «մուտքի մերժումը», եւ պաշտոնական ներողություն խնդրել իմ նկատմամբ կատարված անօրինական գործողությունների եւ վիրավորական վերաբերմունքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել