Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ կեղծարարների

Հունիս 15,2011 00:00

www.armin.am-ի շնորհանդեսը

Երեկ ԵՊՀ-ում կայացավ բուհի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողների կողմից 2008-2011 թվականներին կատարված աշխատանքների եւ ինստիտուտի պաշտոնական կայքի՝ www.armin.am-ի շնորհանդեսը:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանի տեղեկացմամբ, ինստիտուտն արդեն 3 տարեկան է: Նրա փոխանցմամբ, 2008-2011 թվականներին շուրջ 40 մենագրություն է հրատարակվել, 149 հոդված, Հայոց մեծ եղեռնին նվիրված օտարալեզու 4 թարգմանություն, 49 գիրք, 200-ից ավելի քարտեզ: «Ինստիտուտը հիմնականում ուշադրությունը սեւեռել է քաղաքագիտական նշանակություն ունեցող թեմաների վրա, որոնք ե՛ւ կիրառական, ե՛ւ իմիջային իմաստով Հայաստանի ու հայ ժողովրդի համար որոշակի կարծիք են ստեղծում: Ինստիտուտն արդեն փորձեր է անում օտարալեզու հրատարակություններով հանդես գալ, որովհետեւ շատ լավ հասկանում ենք, որ հայալեզու հրատարակությունները միայն մեր ընթերցողների համար են: Անհրաժեշտություն կա հայագիտական հետազոտությունների արդյունքները օտար լեզուներով հրատարակել, որպեսզի օտար ընթերցողը ծանոթանա մեր պատմության էջերին, հայագիտության նվաճումներին եւ նրա մեջ Հայաստանի, հայ ժողովրդի, հայ հասարակության նկատմամբ ձեւավորվի որոշակի կարծիք: Կարեւոր է, որ այդ կարծիքը ձեւավորվի մեր կողմից եւ ոչ թե մեր հակառակորդի՝ ադրբեջանական եւ թուրքական կեղծարարների կողմից»,- ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը:

www.armin.am կայքի մասին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը նշեց. «Ադրբեջանական եւ թուրքական կեղծարարներից պաշտպանվելու համար ինստիտուտը ստեղծել է հատուկ կայք: Սա առաջին հերթին ադրբեջանական կայքէջերում տեղադրվող խեղաթյուրված տեղեկությունները սաստելու, ինչպես նաեւ հարեւան երկրների բացահայտ կեղծ քարոզչություններին արագ արձագանքելու համար է, ապա նաեւ հայագիտության նվաճումների մասին աշխարհին պատմելու եւ ներկայացնելու»: Ա. Սիմոնյանը հավելեց, որ կայքում արդեն առկա են 55 գիրք, 25 հոդված, 104 քարտեզ, ինչպես նաեւ արխիվային փաստաթղթերի ժողովածուներ եւ պատմական տարաբնույթ լուսանկարներ:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համեմատեց ռազմաճակատի գծի հետ. «Ցավոք, հայագիտության բնագավառում օրեցօր նահանջ ենք արձանագրում այն իմաստով, որ գիտությունը ընտանիք պահելու համար այն բնագավառը չէ, ինչի պատճառով էլ մարդիկ, մասնավորապես՝ երիտասարդները խուսափում են այս մասնագիտությունից: Այսպես, օրինակ, այս տարի հայագիտական երեք ինստիտուտների գծով ասպիրանտուրայի տեղեր կորցրինք: Նման բան չէր եղել: Երբ երիտասարդների հետ խոսում ես, ասում են՝ մենք հեռանկար չենք տեսնում, թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո պետք է ստանանք ընդամենը 35-40.000 դրամ աշխատավարձ: Այդքան մեծ ուժեր չունենք այս ոլորտում, բայց պայքարի ճակատ, որքան ուզես՝ արեւելքից եւ արեւմուտքից: Համագործակցությունների շնորհիվ հաջողություններ կունենանք. բոլորս պետք է հասկանանք, որ սա իսկապես ռազմաճակատի գիծ է, որովհետեւ ադրբեջանցիների սկսած այդ գաղափարական պայքարը, որը պատերազմի նախօրյակ է մեզ հիշեցնում, պարտավորեցնում է՝ ճակատում հավուր պատշաճի հակահարված հասցնել թե ադրբեջանցիներին, թե՛ թուրքերին եւ թե նրանց, որոնք ոտնձգությամբ հանդես կգան հայագիտության հանդեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել