Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՉԵՐՆ ԵՆ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ

Հունիս 15,2011 00:00

Դիմորդների մասին նման կարծիք հայտնեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը

\"\"Ընդունելության քննությունները, որոնք մեկնարկել էին հունիսի 1-ից, կավարտվեն այս ամսվա 17-ին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաներից: Երեկ նախավերջին քննական օրն էր, հանրապետությունում ձեւավորված 12 քննական կենտրոններում դիմորդները քննություն էին հանձնում օտար լեզուներից՝ անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից եւ իսպաներենից: Երեւանում 154 դիմորդ էր քննություն հանձնում, 141-ը՝ անգլերենից, 9-ը՝ ֆրանսերենից, 3-ը՝ գերմաներենից, մեկ դիմորդ էլ քննության էր իսպաներենից: Ի դեպ, մաթեմատիկայի արդյունքներն արդեն հայտնի են: Այդ առարկայից գրանցված ցածր միավորների մեծ թիվը պատասխանատուներին մտահոգվելու առիթ է տվել: Չնայած մաթեմատիկայի քննության օրը ԳԹԿ տնօրեն, մաթեմատիկոս Գուրգեն Խաչատրյանը «Առավոտին» հավաստիացրել էր, որ առանց այդ էլ նվազագույն շեմը հեշտ հաղթահարելի էր, բայց իրենք ամեն ինչ արել էին, որ թեստերն այս տարի ավելի հեշտացված լինեին, որպեսզի դիմորդները «չկտրվեին»: Չնայած այս հանգամանքին, 431 դիմորդներից 289-ը (շուրջ 70%-ը) անբավարար է ստացել: ԳԹԿ տնօրենը մեզ հետ զրույցում այս հանգամանքը պայմանավորեց դիմորդների պատրաստվածության ցածր մակարդակով. «Մաթեմատիկայի յուրաքանչյուր մասնագետ կարող է վկայել, որ այնտեղ մեծ թվով առաջադրանքներ կային, որոնք հեշտ հաղթահարելի էին՝ բանաձեւային իմացության մակարդակի, բայց նույնիսկ այդ շեմը չկարողացան հաղթահարել բավականին մեծ թվով դիմորդներ»: Նրա կարծիքով, հատուկենտ երեխաներ էին քննությանը լուրջ վերաբերվել: Զուգահեռներ անցկացնելով արտաքին գնահատումների արդյունքների հետ՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ արդյունքներից էլ կարելի է ենթադրել, որ երեխաների կրթական մակարդակը տարեցտարի իջնում է:

Ըստ նախորդ տարվա քննությունների 2-րդ փուլի արդյունքների, մաթեմատիկայի միջին միավորը եւս ցածր է եղել՝ 6.7: Նախորդ տարի այդ փուլում դրական շեմը չէին կարողացել հաղթահարել դիմորդների 69.75%-ը: Հարցին, այս տարվա մաթեմատիկայի արդյունքներից կարելի՞ է ենթադրել, որ նախորդ տարի ձախողված դիմորդներն են այս տարի կրկին դիմել: «Իհարկե, պատահականություններ չեն լինում: Այդ թվերը ինչ-որ տեղ համընկնում են, բայց նախորդ տարի այս տարվա համեմատությամբ ավելի բարդ էր, եւ համեմատությունը կոռեկտ չէ»,- պատասխանեց ԳԹԿ տնօրենը: Ավելի ուշ հավելեց, որ, օրինակ, Ադրբեջանն էլ ամեն տարի ընդունելության շեմը իջեցնում է, որովհետեւ տարեցտարի այդ երկրում էլ մակարդակն իջնում է, եւ ստեղծված վիճակը բնականոն է տարածաշրջանի համար:

Քննական կենտրոնի ղեկավար Էդվարդ Սանթրոսյանը համոզված է, որ, ի տարբերություն մաթեմատիկայի, օտար լեզուներից արդյունքները բարձր կլինեն, որովհետեւ հայ երեխաները կողմնորոշված են դեպի օտար լեզուները: Նրա փոխանցմամբ, ի տարբերություն նախորդ տարիների, բողոքարկումների թիվը եւս սակավ է. «Դեռ առաջին քննության ժամանակ նման ենթադրություն արեցինք, եւ այդ ենթադրությունը իրականացավ: Սա խոսում է այն մասին, որ ե՛ւ թեստերն են հեշտ, ե՛ւ մրցույթի բացակայությունն է բերում դրան: Եթե դիմորդը դրական է ստացել, նա 0.25-ի համար կռիվ չի տալիս»: Ցածր միավորների եւ ցածր կրթական մակարդակի առկայությունն էլ նա բնական է համարում, քանի որ այս տարվա դիմորդները հիմնականում նախորդ տարիների մրցույթից դուրս մնացածներն ու բանակից զորացրվածներն են. «Մի մասը գալիս է, որ մասնագիտություն ձեռք բերի, մի մասը՝ որպեսզի իր պարապ ժամանակը լցնի, մի մասն էլ լսել է, որ այս տարի հեշտ է ընդունվելը, առանց պատրաստվելու գալիս է: Դրա վկայությունն այն է, որ երբ բուհերում մասնագիտությունների հայտագրման համար վերջնաժամկետ էր նշանակված հունիսի 1-ը, բավականաչափ մեծ թվով դիմորդներ չէին ներկայացել, հետո էին գալիս»:

Զրուցեցինք նաեւ դիմորդների ու նրանց ծնողների հետ: Տիգրան Հարությունյանը հանրապետությունում իսպաներեն հանձնող միակ դիմորդն էր: Նա «Առավոտին» ասաց, որ դիմել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներեն լեզու եւ գրականություն բաժին եւ, քանի որ իր գիտելիքների վրա վստահ է, համոզված էր, որ կընդունվի:

Գագիկ Զաքարյանը քննություն էր հանձնում անգլերենից: Նա դպրոցն ավարտել է 2003 թվականին, ապա սովորել Երեւանի մշակույթի համալսարանում, այժմ էլ իր՝ հոգեբան դառնալու երազանքն է փորձում իրականացնել: Կենսաբանությունից 17.75 է հավաքել, հայոց լեզուն առանց պարապելու 10 միավոր է ստացել: «Մտադրված չէի նորից ընդունվել, ուզում էի աշխատել, բայց երբ լսեցի, որ այս տարի ընդունվելու հնարավորություն կա, դիմեցի: Հույս ունեմ՝ անվճար կընդունվեմ»:

Մոնիտորների մոտ քննությանը հետեւող ծնողներն էլ ԳԹԿ տնօրենին առանց հերթ տալու հարցնում էին՝ հաշվի առնելով մաթեմատիկայի ցածր միավորները, հնարավո՞ր է, որ նվազագույն շեմը մեկ անգամ էլ իջեցվի: Ծնողներից մեկը՝ Աննա Մխիթարյանն էլ բողոքում էր, որ իր երեխան ինտերնետով 7.5 միավոր է հավաքել, բայց ըստ փակցված տվյալների՝ 5.75 է հավաքել: Ծնողը դժգոհում էր, որ այս տարվա մաթեմատիկայի հարցաշարերում հիմնականում երկրաչափություն է ներառված եղել: Ծնողը որոշել էր՝ քանի որ իր երեխան դիմում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետ, նրան հանրահաշիվ է պետք, ոչ թե երկրաչափություն. «Ասում են, որ այս տարվանը հեշտացված է, բայց ավելի բարդ է: Օրինակ՝ իմ աղջիկը ավելի շատ հանրահաշվից ա լավ, քան երկրաչափությունից: Վպրինցիպի իրան ընդհանրապես պետք էլ չի էդ երկրաչափությունը…»:

Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 9.00-ից մինչեւ 18.00- ն մաթեմատիկա առարկայի արդյունքների բողոքարկումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել