Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ ՉԿԱՆ

Հունիս 15,2011 00:00

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի մասնագետները հավաստիացնում են, որ մարզում անասունների ու ընտանի թռչունների շրջանում ներկա դրությամբ ոչ մի վարակիչ հիվանդություն եւ անկման դեպքեր չկան: Մասնագետները անհիմն են համարում մտավախությունը, որ մարզի հարակից ազատագրված տարածքներում անասունների շրջանում վիճակը կայուն չէ եւ վտանգ կա, քանի որ սյունեցի շատ ֆերմերներ ամռանը իրենց անասուններին տեղափոխում են նշված տարածքներ, բացի դրանից, այնտեղի անասնատերերը միսը իրացնում են Սյունիքում: Սյունեցիք մտավախություն ունեն, որ հիվանդ կենդանիների միս կարող է վաճառվել:

Որքանո՞վ է մարդկանց անհանգստությունը տեղին, արդյո՞ք ազատագրված տարածքներում կան վարակի դեպքեր, մեր այս հարցերին ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Էդգար Թոխսանցը նշեց, որ անհանգստանալու հարկ չկա, վարակի դեպքեր մարզում եւ ազատագրված տարածքներում չկան: «Վիճակը կայուն է, իսկ ազատագրված տարածքներում միայն պարազիտային հիվանդությունների շրջանում կարող է անհանգստություն լինել, սակայն դրանք բուժվող են, դեղորայքը բոլոր տարածաշրջաններին հասանելի է: Անասնատերերը իրենք պետք է հետեւողական լինեն, քանի որ այդ հիվանդությունների բուժումը պետպատվերի շրջանակներում չէ:

Իսկ Սյունիքում պատվաստանյութերը տրամադրելու հաջորդ իսկ օրերին բաշխվել են բոլոր համայնքներին: Պատվաստումները հերթով են իրականացվում, առաջնայնությունը տրվել է առավել վտանգավոր վարակներին: Ներկա դրությամբ մարզում կայուն վիճակ է եւ վարակի դեպքեր չկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել