Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրհնեք իմ ազգասանին…»

Հունիս 15,2011 00:00

Խրիմյան դպրոցում լավ մարդ եւ աստվածավախ ղեկավար են դաստիարակում

\"\"Ազգասան, ազգամայր, ազգահայր, Կարմիր, Կապույտ, Նարնջագույն, Արարատ դասարաններ, ազգադրոշմ… Հետաքրքրություն առաջացնող այս բառերը առաջին անգամ լսեցի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից «Խրիմյան» կրթօջախում, ուր հունիսի 13-ին ազգադրոշմի արարողություն էր: Արդեն 5-րդ տարին է՝ ինչ Օշականում գործում է «Խրիմյան» կրթօջախը: Այն միակն է Հայաստանի Հանրապետությունում եւ հիմնադրվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բնակիչներ Իրմա եւ Սիրվա Տեր-Ստեփանյանների ջանքերով: Եվս մեկ «Խրիմյան» կրթօջախ գործում է հենց Նյու Ջերսիում:

Դպրոց ընդունվում են 9-10 տարեկան երեխաները: Առաջին դասարանցիները սովորում են Կարմիր դասարանում, հետո հաջորդաբար փոխադրվում Կապույտ, Նարնջագույն, Արարատ, Հայաստան եւ Երեւան դասարաններ: Կրթությունը 6-ամյա է, դասերն անցկացվում են միայն չորեքշաբթի օրերին: «Կրթօջախի նպատակը լավ մարդ, լավ քաղաքացի եւ աստվածավախ ղեկավար ձեւավորելն է»,- ասում է կրթօջախի տնօրեն Կարինե Սարգսյանը: «Խրիմյան» դպրոցն աշխատում է բարեգործական հիմունքներով, դպրոցի սաների համար նախատեսված ամեն ինչ՝ համազգեստ, գրքեր, գրենական պիտույքներ, տալիս է դպրոցը: Ըստ տնօրենի, ուսուցիչները որակյալ մասնագետներ են եւ դասավանդում են առարկաներ, որոնք չկան հանրակրթական դպրոցի ծրագրում. հայ ղեկավար, բարոյագիտություն, կենցաղագիտություն, ծիսական կենցաղագիտություն, հայը եւ իր հավատքը, ձեռարվեստ, պար, թատերական արվեստ եւ էլի այլ առարկաներ: «Երեխաները սիրում են բոլոր դասաժամերը: Մենք դասերի ժամանակ նրանց հնարավորություն ենք տալիս լինել ղեկավարի դերում: Նրանց վերաբերվում ենք որպես անհատների, սովորեցնում ենք պահպանել ազգային, հոգեւոր եւ մշակութային արժեքները»,- ասում է կրթօջախի տնօրենը: Կարմիր, Կապույտ, Նարնջագույն դասարաններն ավարտելուց հետո ազգասաները մասնակցում են ազգադրոշմի արարողությանը: Այս տարի արարողությանը մասնակցում էր 18 ազգասան՝ իրենց ազգամայրերի ու ազգահայրերի հետ, որոնց ընտրում են երեխաները: Ազգահոր եւ ազգամոր դերում կարող են լինել երեխաների ծնողները կամ ցանկացած չափահաս մարդ: «Սրբազան հայր, խնդրում եմ օրհնեք իմ ազգասանին եւ աղոթեք, որ նա արժանանա տիրոջ շնորհներին: Իմ եւ իմ ծնողների հսկողության ներքո դառնա հայ եկեղեցու գործուն, խղճմիտ եւ նրա ավանդույթները պահպանող անդամ, հայության ապագա ինքնավստահ, քաջ, գիտակից եւ հոգով ու մտքով անկախ զավակ». այս խոսքերով ազգահայրերը դիմում են եկեղեցու սրբազան հորը: Ազգասաները երդվում են հավատարիմ լինել ազգին ու հավատին, ազգամայրերը երեխաների ուսին ուսնոց են գցում, ու դա նշանակում է՝ երեխաները ավագ են դարձել: Ազգադրոշմից հետո երեխաները ազգանշաններ են ստանում՝ կրծքանշան, որին պատկերված է Հայաստանի քարտեզը՝ վրան խաչ, եւ բոլորով միասին արտասանում «Հավատո հանգանակը»: Ազգադրոշմից հետո ամառային արձակուրդն է մինչ հաջորդ սեպտեմբեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել