Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿԻՆ 10 000 ԴՈԼԱՐ, ՄՅՈՒՍԻՆ՝ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ»

Հունիս 15,2011 00:00

\"\"Գյուղացիները վստահ են, որ պետությունն իրենց խաբել եւ պարտքի տակ է գցել, բանկերը պնդում են, որ իրենք գյուղացուն օգնելու խոստում չեն տվել:

Մայիսի 14-ին «Տարիքդ մեծ է, տնտեսությունդ՝ փոքր» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հենց այս հիմնավորմամբ Հայաստանի բանկերը մերժում են գյուղացիներին, վարկ են տրամադրում մինչեւ 60 տարեկան քաղաքացիներին, այն դեպքում, երբ գյուղի ջահելների մեծ մասը վաղուց Հայաստանից դուրս է եկել: Իբր սա քիչ է, մեկ միլիոն դրամանոց ծրագիր ներկայացնողին 200 000 են առաջարկում, կես միլիոնանոցին՝ 300 000 դրամ եւ այլն: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկագրում արձանագրված է, որ ամենաբարձր տոկոսադրույքով վարկեր տրվում են գյուղատնտեսությանը:

Ուրեմն՝ դեմքով դեպի գյուղն ու գյուղացին պետական քաղաքականությունն ընդամենը մեկ-երկու ամսվա կյանք ունեցավ: Այն էլ, հիմնականում, քարոզչության տեսքով: Երբ պետությունը խոստացավ գյուղացու վերցնելիք վարկի մի մասը ինքը մարել, ոմանք ոգեւորվեցին, իսկ ահա Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ Հովհաննես պապը անտարբեր էր եւ իր պահվածքը հիմնավորեց մեկ նախադասությամբ. «օրը կգա՝ կհամոզվեք, որ էլի խաբեցին»:

Խիստ սուբյեկտիվ համարելով Հովհաննես պապի նախատրամադրվածությունը, լավատեսները հույս տածեցին, որ մի բան կփոխվի, նոր թարմություն կմտնի գյուղ: Բայց հետո՝ վարկեր տրամադրող բանկերի դռները թակելուց եւ դատարկաձեռն վերադառնալուց հետո հիշեցին Հովհաննես պապին:

«Հասկացան, որ գերշահույթ չեն ստանում, վարկերի տրամադրումը դադարեցրին»,- պետական սուբսիդավորմամբ վարկերի տրամադրումը ավարտելու մասին այս կարծիքին է ալաշկերտցի երիտասարդ խաղողագործ Վահագն Հարությունյանը, ում «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկից մերժել էին վարկ տրամադրել, ասելով, թե՝ լիմիտը սպառվել է: Ստանալիք վարկի հույսով պարտքով մշակություն սկսած երիտասարդ այգեգործը ապշել-մնացել է. «Էդ ե՞րբ եւ ո՞ւմ տվեցին, ե՞րբ վերջացրին՝ գլխի չընկանք: Մինչեւ ժողով-մողով արեցին, ցուցակներ կազմել տվեցին, ասացին՝ վերջ, էլ վարկ չենք տալիս»:

Վահագն Հարությունյանը միակը չէ, որ տուժել է պետության խոստացած եւ մասնավորի չտրամադրած վարկերի մասին ողջ պատմությունից: Նրա նման շատերը կան Արմավիրի մարզի Ալաշկերտ, Նալբանդյան, Հուշակերտ գյուղերում, որ «Առավոտին» ասում էին. մեզ խաբել եւ զուր պարտքերի տակ են գցել:

Մինչ վարկի ստացման իր հերթը կհասներ, հուշակերտցի բանջարաբույծ Թաթուլ Առաքելյանը համարձակ պարտքի տակ է մտնում: «Խնդրեցի, որ դիզելային վառելիքն ու թունաքիմիկատները պարտքով տան, մինչեւ վարկը վերցնեմ՝ փակվեմ: Սերմացուն էլ պարտքով առա: Դրությանս մեջ մտավ նաեւ տրակտորիստը, եւ համաձայնեց 2 հեկտար բանջարանոցս նիսյա վարել: Բայց երբ գնացի բանկ ու իմացա, որ այլեւս վարկ չեն տալիս, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց հետս»,- «Առավոտին» պատմեց Թաթուլ Առաքելյանը՝ հավելելով, որ արդեն 1500 դոլար պարտք է կուտակել: Գյուղացու նկատմամբ քամահրական վերաբերմունքից զայրացած ու պետության սուտ խոստումից վիրավորված, բանջարաբույծին այլ ելք չի մնացել, քան խնդրել իր պարտապաններին սպասել մինչեւ աշուն: «Ձմերուկ, սեխ ու սոխ եմ ցանել: Սեզոնին դրանց վաճառքից ստացած գումարով պարտքերս կմարեմ, իսկ եթե չհերիքի՝ ոսկի կդնեմ գրավ, վարկ կվերցնեմ ու էլի կհայտնվեմ բանկի պարտատուների ցուցակում»,- իր ոչ լուսավոր ապագան ներկայացրեց Թաթուլ Առաքելյանը:

Սեփական կառավարության հետ որեւէ հույս չկապող Թաթուլի համագյուղացի Սարգիս Սաֆարյանն էլ, որ վերջերս է վերադարձել Ռուսաստանից, զարմացավ հարեւանների միամտության վրա: 10 տարի առաջ ինքն էլ, համագյուղացիների պես հավատաց երկրի այն ժամանակվա տերերին, վարկով հողագործություն սկսեց եւ, իր ձեւակերպմամբ, քաշվեց: Ստիպված, տուն-տեղ թողեց ու գնաց Ռուսաստան՝ աշխատելու: Վերջերս է վերադարձել եւ մարել կուտակած պարտքերը: Հողագործությունից աչքը վախեցել է, հիմա ուժերը փորձում է անասնապահության մեջ: Ասաց, որ Ռուսաստանից բերած փողը կբավարարի սկսած գործն ընդլայնելու համար, իսկ եթե գումարային նեղություն կրի, բանկերի հետ հաստատ գործ չի ունենա: «Մի անգամ հույս կապեցի բանկի հետ, վրես կրկնակի թանկ նստեց: Բանկերը հարստանում են, մենք՝ աղքատանում»,- ասաց հուշակերտցի Սարգիս Սաֆարյանը:

Իրենց խաբված համարող 40 հուշակերտցիներ, իրենց «թիկունք կանգնելու» խնդրանքով դիմել էին համայնքի ղեկավարին: «Անձամբ գնացել եմ բանկ, ինձ էլ են նույն պատասխանը տվել: Ասել են՝ ձեր գյուղի լիմիտը վերջացել է: Էդ քանի՞ հոգու տվեցին, որ վերջացավ»,- ասաց Հուշակերտի գյուղապետի տեղակալ Միքայել Առաքելանը, որի փոխանցմամբ՝ մեկին 10 000 դոլար են տվել, մյուսին՝ ոչ մի լումա. «Մարզպետի մոտ էլ ենք եղել, եղել ենք նաեւ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի Արմավիրի մասնաճյուղի կառավարչի մոտ: Կառավարիչն ասաց՝ ես ձեզ վարկ խոստացե՞լ եմ. ով խոստացել է՝ գնացեք նրանից էլ ուզեք»:

Իսկ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Ազատ Տոնոյանի փոխանցմամբ՝ գյուղվարկի տրամադրումն ավարտվել է սուբսիդավորվող ֆոնդի դադարեցմամբ պայմանավորված. «Դադարեցումը կախված է նպատակային ուղղվածությունից: Գյուղատնտեսական աշխատանքներում ներդրումներն արվում են հիմնականում ապրիլ-մայիս ամիսներին, որոնց ընթացքում շատերին տրամադրվեցին սուբսիդավորվող վարկեր, իսկ հունիսը ավելի շատ աշխատուժին վարձատրելու շրջան է, ինչը նշանակում է, որ հունիսին ծախսերը կրճատվում են»: Կառավարչի ասելով՝ գյուղացիական եւ մասնավորապես ջերմոցային տնտեսություններին իրենք ավելի քան 7 միլիարդ դրամ են տրամադրել, որոնք «դժգոհելու առիթ պետք է որ չունենան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել