Լրահոս
Օրվա լրահոսը

Գնորդին գաղտնի են պահել տանտիրոջից

Հունիս 15,2011 00:00

Օրեր առաջ «Առավոտին» էր դիմել Գյումրու Փախստականների թաղամասի՝ Երեւանյան խճուղի թիվ 45 քոթեջի բնակիչ Արթուր Շահինյանը՝ դժգոհելով, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի վճռի ու կատարողական վարույթի՝ ապօրինաբար իրեն վտարել է տնից:

«Մի քանի օր առաջ ԴԱՀԿ-ի աշխատակիցները մի խումբ անչափահասների հետ, որոնց ամենայն հավանականությամբ վարձել էին (խոսակցություններից էր հասկացվում), սկսեցին իմ գույքը կրել տնից: Հարցնում եմ՝ ո՞ւր է կատարողական վարույթը, պատասխան չկա, հարցնում եմ՝ մի՞թե չէր կարելի դուռը կոտրելու փոխարեն ինձ նախապես զանգել, զգուշացնել, դարձյալ պատասխան չկա: Ուղղակի չեմ ուզում հավատալ, որ Հայաստանը էս աստիճան անօրինական երկիր է դարձել»,- ասում է բողոքաբերը: Արթուր Շահինյանը խմբագրությանն էր ներկայացրել փաստաթղթերի մի հսկա տրցակ: Նրա իսկ տեղեկացմամբ, իրեն այդ քոթեջը հատկացրել են 2004 թ.՝ որպես Բաքվի փախստականի, որտեղ եւ բնակվել է կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ, սակայն ամուսնալուծվելուց հետո ընկել է դատական տարբեր քաշքշուկների մեջ: Ըստ նրա, իր իրավունքները սկսեցին խախտել դեռեւս անցյալ տարվա հունիսից, երբ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, բացարձակապես հաշվի չառնելով Գյումրու համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից հանձնաժողովի կարծիքը, առանց վերջինիս անդամներին դատաքննությանը հրավիրելու, նախկին կնոջ բողոքով վճիռ կայացրեց քոթեջը հրապարակային սակարկություններով վաճառելու ու ստացված գումարը համասեփականատերերի միջեւ բաժանելու մասին: «Իբրեւ թե վերաքննիչը վճիռ է կայացրել, ԴԱՀԿ-ն էլ, ինձ չտեղեկացնելով աճուրդի սկսվելու մասին, ոչ ավել, ոչ պակաս՝ էլեկտրոնային աճուրդի է հանել քոթեջը, ընդ որում՝ ծիծաղելի գնով: ԴԱՀԿ-ն նույնիսկ հաշվի չառավ իմ դիմումը, որով իմ անհամաձայնությունն էի հայտնում քոթեջի գնահատման շուրջ: Պատկերացրեք, մեկնարկային գին է սահմանվել 6 մլն 427 հազար 500 դրամը, այնուհետ իբրեւ թե գնորդ չգտնելու պատրվակով 3-րդ աճուրդից հետո իջեցրել են 5մլն 260 հազարի, որից ինձ նախատեսել էին հատկացնել 1մլն 301 հազար 570 դրամը, իսկ նախկին կնոջս՝ 3 մլն 747 հազար 750 դրամը, երեխաների բաժինն էլ հետը: Մի՞թե հնարավոր է 1 մլն-ով Հայաստանում տուն գնել, կամ եթե անչափահասների տունը հանում են վաճառքի, էն էլ էդ գնով, որտե՞ղ պիտի ապրեն երեխաները: Էս երկրում էդպե՞ս են պաշտպանում անչափահաս երեխաների իրավունքները»,-զայրանում էր մեր զրուցակիցը: Ըստ նրա, ԴԱՀԿ-ն, սրանից բացի, այլ անակնկալներ էլ է մատուցել, վաճառել է քոթեջը՝ գաղտնի պահելով գնորդի անունը:

Ի դեպ, մեր ձեռքի տակ է Արթուր Շահինյանի փաստաբան Սուսաննա Մխիթարյանի հարցումը՝ ուղղված ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժնի պետ Գեղամ Մաթեւոսյանին, որտեղ փաստաբանը հետաքրքրվում է, թե ո՞վ է գնորդը, սակայն պատասխանը, իրոք, զավեշտալի է. ամեն կերպ փորձել են գաղտնի պահել գնորդին՝ գրելով. «Հայտնում եմ, որ համաձայն հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 32 հոդվածի, աճուրդի մասին տեղեկությունները հրապարկման ենթակա չեն»: Ա. Շահինյանը, գտնելով, որ քոթեջն ապօրինաբար է վաճառվել, մայիսի 5-ին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով «անվավեր ճանաչել հարկադիր կատարող Անդրանիկ Մարտիրոսյանի կողմից՝ օրենքին հակասող հրապարակային սակարկությունները, բռնագանձված գումարների բաշխման մասին որոշումը»: Սակայն, բողոքավորի բնութագրելով, մինչ դատարանը կքններ այդ գործը, նույն Անդրանիկ Մարտիրոսյանը քաջատեղյակ լինելով, որ գործը գտնվում է դատարանում, «ինքնիրավչությամբ», դատարանից առաջ ընկնելով, առանց դատարանի վճռի ու կատարողական թերթի, որոշում է կայացրել հարկադիր վտարում նշանակելու մասին ու վտարել վերջինիս տնից: Ըստ Ա. Շահինյանի, ԴԱՀԿ-ի աշխատակիցը հիմք է ընդունել նախկին կատարողական վարույթը, որը արդեն իսկ կարճված է եղել: «Իմ փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել վարչական դատարան՝ մինչեւ դատարանի վճիռը, արգելանք դնել իմ նախկին կնոջ գույքի ու դրամական միջոցների վրա, դատարանն էլ բավարարել է այն, փաստորեն, քոթեջի նկատմամբ որեւէ գործարք այս պահին չի թույլատրվում կատարել: ԴԱՀԿ-ն անտեսելով նաեւ սա, որոշել է ինձ վտարել: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն ԴԱՀԿ-ն դատարանի որոշումները ըստ ցանկության է կատարում, արդեն 2 տարի է՝ չի ապահովում իմ տեսակցությունը երեխաներիս հետ»: Արթուր Շահինյանը դիմել է նաեւ դատախազություն:

Շիրակի մարզի դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ԴԱՀԿ-ից. ըստ էության՝ մեզ հետաքրքրում էր, թե ի՞նչ հիմքերով են մարդուն դուրս վտարել իր իսկ տնից, երբ դադարեցված չէ անգամ նրա գրանցման իրավունքը, սակայն փաստաթղթեր ցույց տալու փոխարեն մեզ ԴԱՀԿ-ի Շիրակի մարզային բաժնի պետ Գեղամ Մաթեւոսյանը ձեռքի մի հեռախոսահամար տվեց՝ 091-34-71-67, տեղեկացնելով, որ հարցը կպարզաբանի երեւանյան իր գործընկեր Ռիմա Եգանյանը: Մենք փորձեցինք այդ հեռախոսահամարով կապվել վերոնշյալ անձի հետ, սակայն ապարդյուն, պարզվում է՝ վերջինս «անհայտ բաժանորդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել