Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՌՆԵԼՈՒ ԵՎ ՍԱՂԱՆԱԼՈՒ» ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

Հունիս 15,2011 00:00

\"\"Նոր բացահայտումներ՝ Կենդանաբանական այգու դեպքերի մասին

Պարզվում է՝ արդեն 4 տարի Երեւանի կենդանաբանական այգում բնակվող մեր Գրանդ փղիկի ատամը՝ ժանիքը թարախակալած է եղել, խեղճը տարիներ շարունակ ցավ է քաշել եւ միայն հիմա՝ այգու տնօրենի փոխվելուց հետո են հասկացել, թե ինչու է մեր Գրանդիկը տառապել: Կենդանին ինչ-ինչ պատճառներով կոտրել է ատամը ու այնքան ժամանակ նրա դարդը չեն իմացել, որ 80 սմ-անոց ժանիքի թարախը քիչ է մնացել արդեն գանգուղեղին հասնի: Խոշոր կատվազգիներից մեկի թուշիկին էլ այտուցված ինչ-որ կոշտուկ է եղել, որը նույնպես միայն վերջերս են տեսել ու վիրահատել: Թե որ կենդանու գլխով ինչեր է եկել ու անցել այս տարիների ընթացքում, քանիսն են անհայտ պատճառներով սատկել՝ գիտեն միայն իրենք, բայց այս օրերին, երբ այգում լարված մթնոլորտ է, ջրի երես են դուրս գալիս տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, ապշեցնում են ու ցավ պատճառում ցանկացած կենդանասեր մարդու:

Բանն այն է, որ այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո այգու մի շարք աշխատակիցներ, որոնք բարեկամական-ազգակցական կապեր ունեն նրա հետ, որոշել են «բոյկոտել» այգու նոր տնօրենին ու կա՛մ չեն գալիս աշխատանքի, կա՛մ գալիս են իրենց քեֆով: Ու այս ֆոնի վրա սեւ կարապների դժբախտ դեպքը ավելի է թեժացրել նոր եւ նախկին տնօրենի թիմակիցների պայքարը, անընդհատ ԶԼՄ-ներում տարածվում են հաղորդագրություններ, որ սատկել են պերուական ուղտայծերի ձագուկները, այսինչ կենդանին իրեն վատ է զգում եւ այլն: Երեկ էլ Կենդանաբանական այգու լրատվականի տարածած մամուլի հաղորդագրությանը հաջորդեց այդ հաղորդագրության «սխալների ուղղումը», որտեղ սկսած բութից ու ստորակետից՝ ողջ տեքստը սրբագրված էր:

Այս մասին մեզ հետ զրույցում այգու լրատվականի պատասխանատու Մանե Մադոյանը պարզաբանեց. «Մամուլի հաղորդագրության տեքստը պատրաստել ենք շատ արագ: Երեկ ողջ օրը լրագրողների ենք ընդունել ու ճանապարհել, եւ տեսնելով, որ հետաքրքրությունը մեծ է, շատ օպերատիվ տեքստ պատրաստեցինք եւ ուղարկեցինք: Եթե մարդիկ այնքան պարապ են, որ ուրիշների ստորակետներն են ուղղում, թող անեն»: Ինչ վերաբերում է այդ սեւ կարապների հայտնի դեպքին, որի մասին արդեն հրապարակել ենք, Կենդանաբանական այգին իսկապես այն վարձակալությամբ է տվել Դիլիջանի Պարզ լիճը գործարկող «Օպելա» ՍՊԸ-ին ու 10 օր անց «թարսի պես» կարապները սատկել են: Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորորշիչ կենտրոնում սատկած թռչուններին հետազոտելուց հետո պարզել են, որ երկուսն էլ վարակված են եղել վիրուսային ինֆեկցիայով: Մ. Մադոյանի խոսքերով՝ «Դե, բաց տարածք է, այլ թռչուններ են անցնում ու ինֆեկցիայով կարող էին կարապները վարակվել»: Մեզ հետաքրքրում էր, թե կարապների սատկելու լուրը ինչպես է ընդունել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, որովհետեւ նախկին տնօրեն Սահակ Աբովյանը մեզ վստահեցրել էր, որ ինքը «ամեն կենդանու հետ մեռել-սաղացել է»: Ըստ Մ. Մադոյանի՝ «Ես այդ պահին Ռուբեն Խաչատրյանի մոտ չեմ եղել, չգիտեմ այդ լուրն ինչպես է տարել, բայց կարող եմ ասել, որ լրագրողները նույն պահին այնքան եկան-գնացին, որ նա չէր էլ հասցնի սուգ պահել»:

Ռ. Խաչատրյանին շատերը մեղադրում են, որ համապատասխան կրթություն չունի, կինոռեժիսոր է եւ չի կարող այգին լավ, սրտացավ տնօրինել, նա ամեն ինչի նայում է բիզնես տեսանկյունից, նրա համար կենդանիները սոսկ փող աշխատելու միջոց են: Եվ եթե այս տեսանկյունից էլ նայելու լինենք՝ պարոն Խաչատրյանը պետք է որ շատ տխրած լիներ կարապների դեպքից, որովհետեւ ամեն մի կարապը նա վարձակալությամբ է տվել՝ 157 հազար դրամով, ուստի ամեն տարի նույն կարապներով նա բավականին խոշոր եկամուտներ կստանար, հատկապես որ՝ նույն գումարով հնարավոր է գնել 6 նման կարապ: Մ. Մադոյանի խոսքերով՝ «Ո՞վ է ավելի լավ՝ բարձրագույն կրթություն ստացած մա՞րդը, թե՞ պրակտիկ աշխատողը, գյուղում կով պահողը ավելի սրտացավ է կենդանու նկատմամբ, ավելի շատ բան գիտի կովից, քան այդ ոլորտում կրթված քաղաքացին»:

Նշենք, որ Կենդանաբանական այգու կենդանիներին վաճառելը կամ վարձակալությամբ տալը այգու կանոնադրությամբ թույլատրվում է, պարզապես տնօրենն ինքը պետք է կողմնորոշվի, թե ում տա տվյալ կենդանուն ի պահ, ում՝ ոչ: Սեւ կարապների բախտը, այսպես ասած, չի բերել, որովհետեւ նրանց խնամելն առանձնապես դժվարություն չէր ներկայացնում եւ ըստ էության պատճառ չկար այդքան խոշոր գումարի դիմաց կարապները չտալը՝ հատկապես որ, դրանք այգու միակ սեւ կարապները չէին: Բացի այդ, սեւ կարապների «անժամանակ մահվան» հետ կապված Սահակ Աբովյանի ու նրա թիմակիցների՝ նոր տնօրենին պախարակելը իմաստ կունենար այն դեպքում, եթե Ս. Աբովյանի օրոք ոչ մի կարապ անկում ապրած չլիներ: Մինչդեռ այժմ մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, ըստ որոնց՝ մի քանի ամսում անհայտ պատճառներով 5-6 կարապ է սատկել: Ընդ որում, այդ «անհայտ» ասվածը խիստ հարաբերական է, որովհետեւ նոր-նոր է բացահայտվել, որ Կենդանաբանական այգու այն գեշ, տհաճ ու զզվելի հոտը ոչ միայն կենդանիների ազատավանդակների տակի բետոնից է, ինչպես միշտ արդարանում էր պարոն Աբովյանը, այլ նրանից, որ այս տարիների ընթացքում գետաձիու տարածքից կոյուղաջրերը լցվել են ուղիղ կարապների ու բադիկների հատվածը, փոխանակ կոյուղու խողովակը լցվեին: Չի բացառվում, որ անցյալ տարի անկում ապրած կարապները հենց այդ կոյուղաջրերից վարակված լինեին:

Այդ փաստաթղթերին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, նաեւ կներկայացնենք այգու կենդանիներին անասնաբուժական ծառայություններ մատուցող մասնագետի եզրակացությունները՝ կենդանիների անկման եւ հիվանդացության վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել