Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր օրենսդրությունն ուրիշ է

Հունիս 15,2011 00:00

Տրանսպորտի ոլորտում գործող Հայաստանի օրենսդրությունը ամենահաջողվածներից է: Այս կարծիքին է Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող օրենսդրությունն ամենալիբերալներից է ողջ եվրասիական տարածաշրջանում»,- երեկ Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) նիստի ժամանակ վստահեցնում էր նախարարը: Հանդիպման ընթացքում պարոն Վարդանյանը, անդրադառնալով առեւտրի ու տնտեսական կայուն զարգացմանն ուղղված կառավարության քայլերին, հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ բեռնատար փոխադրումներն այլեւս չեն լիցենզավորվելու: Բեռնափոխադրման ընթացակարգերը հեշտացվել են ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա փոխադրողների համար: «Օտարերկրյա բեռնատարներից Հայաստան մուտք գործելու եւ տարանցման համար այլեւս հատուկ թույլտվություններ չեն պահանջվում: Հայաստանի սահմանի վրա արտասահմանցի քաղաքացիների համար էլ գործում է վիզաների տրամադրման պարզեցված համակարգ»,- բացատրեց նախարարը:

Ավտոտրանսպորտի միջազգային միության քարտուղար Մարտին Մարմիի կարծիքով էլ՝ առեւտրի համար բաց են այն երկրները, որոնք խթանում են տրանսպորտային փոխադրումները: Նրա խոսքով, տարածաշրջանում իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոխադրման ժամանակի 40%-ը կորչում է միայն սահմանի վրա, իսկ ծախսերի 30%-ը չարտոնված վճարումներն են ճանապարհների տարբեր հատվածներում. «Մեր նպատակն է այս տարածաշրջանում ներդնել այն նույն ընթացակարգերը, որոնք կիրառել ենք մյուս երկրներում»:

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարը նաեւ տեղեկացրեց, որ այս հունիսից Հայաստանում կթողարկվեն ու ամիսներ անց բեռնափոխադրում իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցների վրա կտեղադրվեն թվային տախոգրաֆներ: «Առանց դրա մեր փոխադրողները չեն կարող մեկնել Եվրոպա»,- ասաց պարոն Մանուկյանը: Նրա խոսքով, տախոգրաֆները տրանսպորտային միջոցների վրա փակցնելուց հետո վարորդներին կհանձնվեն համապատասխան քարտերը: «Թվային տախոգրաֆները վերահսկելու են վարորդների աշխատանքային ժամերը»,- բացատրեց նախարարը: Նրա խոսքով, ԱՊՀ տարածքում Հայաստանը Բելառուսից հետո 2-րդ երկիրն է, որ ներդրել է տախոգրաֆների համակարգը, ու միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող 251 մեքենաներ առաջիկայում կստանան այդ քարտերը: Նոր համակարգի ներմուծման համար պետբյուջեից հատկացվելու է 133,6 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել